Արտակ Բակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի´ համերկրացիներ, ընկերներ…
Մարտի 12-ին, բավական հետաքրքիր ու բարեկամական մթնոլորտում կայացած սեղանի թենիսի Վերիշենի բաց առաջնությունը ցույց տվեց մարդկանց ոգևորությունն ու կարոտը նման միջոցառումների նկատմամբ, որն առավել պարտավորեցրեց մեզ՝ առաջնությունները դարձնելու շարունակական:
Մարտի 19-ին հրավիրում ենք մասնակցելու սեղանի թենիսի բաց առաջնությանը, որին կարող են մասնակցել բոլորը (անկախ բնակության վայրից, տարիքից, սեռից և խաղամակարդակից), ովքեր ցանկանում են վերհիշել պատանեկության տարիների «լավ օրերը», վերականգնել կամ բարձրացնել իրենց խաղամակարդակը կամ պարզապես հաճելի հանգստյան օր անցկացնել:
Կախված մասնակիցների քանակից, կձևավորվեն համապատասխան քանակով խմբեր և յուրաքանչյուր խմբի շրջանային մրցափուլից հետո (բոլորը բոլորի հետ) լավագույն արդյունք գրանցած 2 մասնակիցները հնարավորություն կունենան պայքարը շարունակելու մրցանակային տեղ գրավելու համար: Մրցանակային՝ 1-3-րդ տեղ գրաված մասնակիցները կստանան պատվոգրեր և մրցանակներ: Կանանց և աղջիկների մասնակցությունը խրախուսելու համար հատուկ մրցանակ է սահմանվում նրանցից լավագույն արդյունք գրանցած մասնակցի համար:
Առաջնության մասնակցության վճարը կազմում է 1000 դրամ, որը կծառայի մրցանակային ֆոնդի ձևավորման, պահպանման ծախսերը հոգալու և միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար:
Կանանց նվիրված տոնական միամսյակի կապակցությամբ նրանց մասնակցությունը կլինի առանց մուտքավճարի:
Առաջնության նախորդ օրը՝ մարտի 18-ին, ժամը 11.00-15.00-ը, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նախավարժանքի:
Առաջնությունը և նախավարժանքը տեղի կունենան Վերիշենի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում: Մարտի 19-ին, ժամը 10.00-11:00-ը կլինի մասնակիցների գրանցումն ու վիճակահանությունը (զուգահեռ՝ նախավարժանք): Խաղերի սկիզբը՝ ժամը 11:30-ին:
Խնդրում ենք պահպանել սահմանված ժամային գրաֆիկը, ներկայանալ սպորտային համազգեստով և մարզակոշիկներով:
Բոլորիդ մաղթում ենք հաճելի հանգստյան օրեր, ազնիվ ու թեժ պայքար:
Հարգանքով՝
Նախաձեռնող խումբ
Հեռ. 093 01 35 96
091 01 35 96
Աղբյուրը`