ՔՊ֊ն Սյունիքում գովազդ է միացրել մի քանի նյութերի վրա, որտեղ ամեն կերպ, ամեն ինչ անում են, որ Կապանի ընտրություններում Գեւորգ Փարսյանին ասոցացնեն Ռոբերտ Քոչարյանի հետ։
Ի՞նչ հետեւություններ եմ անում ես․
1. Համայնքային ընտրություններում ՔՊ֊ն ասելիք չունի, նրա հիմնական հույսը «նախկինների» հետ ասոցացիաների վրա ժողովուրդին մանիպուլացնելն է։
2. Վերահաստատվում է այն հանգամանքը, որ «հանկարծ նախկինները չգան» թեզն է աշխատել հենց հունիսի 20-ի ընտրություններին։
Կա՞պ ունի արդյոք Փարսյանը Քոչարյանի հետ․
Այս հարցին ամենալավը հենց Փարսյանը կպատասխանի։
Բայց ես ուզում եմ առանձնացնել 4 կետ այս կապակցությամբ.
1. Գեւորգ Փարսյանն այն համայնքապետն է, ով հաղթեց ՔՊ թեկնածուին հեղափոխությունից անմիջապես հետո։ Եթե հիշում եք 2018թ․֊ին նույնիսկ Նիկոլ Փաշինյանը եկավ Կապան ու քայլեց Նարեկ Բաբայանի քարոզարշավին։
2. Գեւորգ Փարսյանը այն համայնքապետն է, ով չմիացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, ի տարբերություն Սյունիքի մնացած համայնքապետերի, ովքեր այդ կուսակցության հիմնադիր կազմում էին։
3. Գեւորգ Փարսյանը ընտրություններին մասնակցում է Շանթ Հարությունյանի հետ, ով հանդես է գալիս ազգային շահի պաշտպանության դիրքերից, իր ամբողջ կյանքում պայքարել է ՌԴ֊ի եւ նախկինների դեմ եւ նույնիսկ դատապարտվել է Սերժ Սարգսյանի օրոք, քանի որ ցանկացել էր գրավել Ազգային ժողովի շենքը։
4. Գեւորգ Փարսյանն այն համայնքապետն է, ում դեմ ՔՊ֊ն ոչինչ չկարողացավ ձեռնարկել եւ նրան փոխելու համար արհեստականորեն ցրեց ավագանին, որպեսզի նոր ընտրություններով ունենա իր համայնքապետը։ Սա ժողովրդավարության կոպտագույն խախտում է, սա Կապանի համայնքի բնակչության հանդեպ գործած հանցագործություն է, ովքեր սրանից 3 տարի առաջ ընտրել էին իրենց համայնքապետին։
Մնում է, որ կապանցիները չուտեն ՔՊ֊ի տված կուտը եւ վերընտրեն իրենց քաղաքի հոգսերով ապրող եւ մտածող մարդուն։
Սա նաեւ թասիբի հարց է, ՔՊ֊ի գործած կեղտոտ քայլերից հետո։