Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ինչ ծագում ունի Քաշաթաղ-ը և ինչպես է այն դարձել Լաչին(թեզիս)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Հայերենում քաշ նշանակում է՝ 1. «մեջք», 2. «քարշ», 3. «մի տեսակ քար», 4. քաշ-իկ «պարան», այլև՝ քաշկ, քաշկեն, քաշկու, քաշ(ի)մ և այլն: Այս ամենի դիմաց Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կան համանուններ՝ քաշ «կշիռ, կշեռք», քաշ «1. ցած, 2. փոխ. վատ», քաշ «արծվի տեսակ՝ մուգ գույնի» (թռչնաքաշտ), քաշ՝ քարշ արմատից ՝ քաշ տալ «քաշել», ինչպես և՝ քաշկ(ը) «քաջք՝ առասպելական ոգի», քաշ կյա̈լ «քարշ գալ», քաշկառ || կաշկառ «քարակույտ», քաշվէլ «1. հեռանալ, 2. մեկուսանալ», քաշվէլ «ամաչել» և այլն: Ինչպես նկատում ենք, բավականին հասկացություններ կան քաշ ձևից, որոնք, սակայն, զանազան երևույթներ և գործողություններ են արտահայտում: Սրանցից փորձենք քննել քաշ «ցածր, ներքև» իմաստով բառը, որ Հ. Աճառյանը նշում է Ագլ. (քօշ) Գնձ. Ղզ. Ջղ. «ցած, ոչ բարձր» և միայն Արց.՝ «վար» իմաստներով: Բարբառախումը այս արմատից ունի՝ քաշ օնէլ, քաշ քիցէլ «իջեցնել», քաշ քյիցէլ «քաշ գցել, ներքև գցել, կախել», քաշլիկ «ցածրիկ», քըշանալ «1. նվազել, 2. ներքև իջնել, 3. կռանալ, 4. ընկնել, պակասել, 5. նվաստանալ» և այլն, որ, կարծում ենք, բարբառախմբում բացակայող «ներքև» հասկացությանն է փոխարինում:
Սյունիք-Արցախ պատմական վայրում քաշ արմատով կան բազմաթիվ տեղանուններ՝ Քաշաթաղ (Քշթաղ, Քաշաթաղք, Քաշտաղև այլն), Քաշին քար, Քաշիմարգ և այլն: Նշենք, որ Քաշաթաղը և այլ տեղանուններ առնչակցվում են ցեղանվան հետ՝ «Քաջբերունի, որր հավանորեն ստացվել է Քաշբերունի ձևից, նշանակելով kaš (=kaška կամ gašga) ցեղից», որ քիչ հավանական է թվում: Բարբառախմբում «ներքև» իմաստով փոխատու հիմնական լեզուներում քաշ արմատով բառ չի հանդիպում. թյուր. ունի kaş «հոնք», համանուն՝ «ծայր», որ նշվում է նաև պրսկ. փոխառյալ լինելը: Մատենագրական վկայություններ նշված իմաստներով նույնպես չեն հանդիպում, և ուստի, կարծում ենք՝ ձևով և իմաստով առավելապես մոտ է հ.-ե. *kau- «տապալել, իջեցնել, վար առնել, վհատեցնել», ածանցված ձևը՝ *kau-no-s` (> kau-s(k)-) «վայր իջեցնել, նվաստացնել, խոնարհ», հմմտ.՝ հուն. κυανός, κακός «դժգույն, վատ, խոժոռ» < καίω «այրել», գոթ. hauns «ցածր, խոնարհ», լիթ. kūviúos, kūvė́tis «ամաչել», որոց համեմատությամբ բարբառախումբն ունի՝ կըլօխը քաշ «ամոթահար», կըլօխը քաշ անէլ, կըլօխը քաշ քիցէլ «ամաչել, ամոթահար լինել»: Տեղանուններից համեմատելի է Քաշաթաղ-ը (իբրև 1300 թվականից կոչվում է Խոժոռաբերդ). «Աղահէջ՝ գաւառ, որ այժմ կոչի Քաշաթաղ և Խոժոռաբերդ (ընդգծումը՝ Մ.Ք.)»: Քաշարմատի տեղանվան մեջ բնիմաստի պահպանման օգտին է խոսում նաև մի հանգամանք. պատմական Սյունիքի Քաշաթաղ և Խոժոռաբերդ-ը իմաստային պատճենմամբ թյուրք. ցեղերի կողմից անվանվել է Լաչին, որ նշանակում է քաշ թռչուն, հմմտ.՝ laçın || laçin «1.բազե կամ բազեի պես մի թռչուն, 2. կտրուկ, 3. կոպիտ»:
Փաստորեն՝ Քաշաթաղ նշանակում է ներքևի թաղ, խոժոռ տարածք, վայր՝ քաշ+ա+թաղ (քաշաթաղ > Խոժոռաբերդ) : Ձևիմաստային առումով այս խմբին է աղերսվում նաև քաշ «նիհար, տգեղ, չեչոտ» բառը, որ առանձնապես նույնացվում է թռչնի հետ. արդ՝ հնարավոր է` *kau- բնիմաստից է ստացել թռչնանունը, որ նշվում է անհայտ ծագմամբ բառերի շարքում: Չենք կարող ասել, բարբառախմբում քըշըսողան, քըշըսըխտոր(համապատասխանաբար՝ հարադրությամբ՝ քաշու/ի սողան) բարդություններում քաշ բաղադրիչը «ներքև, ցած» իմաստներո՞վ է բաղադրված:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել