Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք արդեն հասկացել ենք, որ ոչ թե Իլհամն է հիմար, այլ մենք․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

2 օր առաջ Գորիսի համայնքապետի ձերբակալության առիթով մի խումբ գորիսեցներ հավաքվել էին հրապարակում եւ այդ ժամանակ ինքս մի փոքր ելույթ ունեցա։Հետո տեսա, որ իմ ելույթի ժամանակ ուղիղ հեռարձակումն ընդհատված է եղել։ Ցանկանում եմ ներկայացնել ելույթիս հիմնական շեշտադրումները, ենթադրելով, որ իմ ընկերներին կհետաքրքրի կարծիքս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ։
«Ողջույն սիրելի գորիսեցիներ։Նախ ասելիքս սկսեմ մի զավեշտալի պատմությամբ կամ անեկդոտով։ Ասում են մի մարդ է լինում, ում ձերբակալում են իրեն անհայտ պատճառով։ Այս մարդը ցանկանում է վարձել իրավաբաններ իրեն պաշտպանելու նպատակով, սակայն իրեն գալիս եւ հանդիպում է մի անծանոթ մեկը եւ նրան հավաստիացնում, որ ձերբակալությունը թյուրիմացություն է եւ վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մեր հերոսը հավատում է անծանոթի խոսքին եւ ոչինչ չի ձեռնարկում։ Դատավարության ժամանակ նրան դատապարտում են մահապատժի։ Մեր հերոսը վախեցած այս ու այն կողմ է նայում, բայց տեսնելով նույն անծանոթին, նկատում է, որ նա նույն հաստատակամությամբ նշան է տալիս չանհանգստանալ։ Չբողոքարկելով վճիռը, սպասում է իր բախտին։ Երբ նրան արդեն տանում են գնդակահարության պատի տակ, նա հուսահատ այս ու այն կողմ է նայում եւ նկատում նույն անծանոթին, ով իրեն հայտնի հաստատակամությամբ նշան է տալիս, որ ամեն բան լավ է լինելու։ Մեր հերոսին գնդակահարում են։Հիմա վերադառնանք մեր խնդրին։Երկար տարիներ մեզ հավաստիացնում էին, որ մենք ուժեղ ենք, իսկ թուրքերը հիմար եւ պատերազմ լինելու դեպքում մենք կհասնենք Կուր գետի ափը։Եղավ պատերազմը եւ պետական մակարդակով մինչեւ վերջ մեզ հավաստիացնում էին, որ հաղթում ենք, հաղթելու ենք, պետք չէ խուճապի մատնվել, նահանջները տակտիկական են։ Եվ չնայած մենք գորիսեցիներս շատ ավելի բան էինք տեսնում եւ հասկանում, բայց կարծես թե այդուամենայնիվ հավատում էինք պետական քարոզչությանը։ Եվ հետո եղավ համազգային շոկը, այդ չարաբաստիկ նոյեմբերի 9-ը։ Մենք հասկացանք, որ մեղմ ասած հիմարի կարգավիճակում ենք եղել։ Հետո երբ փորձում էինք խելքի գալ եւ իրավիճակից հնարավորինս անվտանգ դուրս գալ, պահելով մեր առկա դիրքերը Գորիսի եւ Կապանի հատվածում, բախվեցինք այդ կարեւոր խնդրի հանդեպ պետական անտարբերությանն եւ անորոշությանը։ Եվ եթե մի կողմից Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ պատրաստվում է ստանալ 50մլդ դոլլարի դիմաց Զանգեզուրը, մյուս կողմից մեր իշխանությունները մեզ պարտադրում էին հետ տալ ամբողջ այդ անվտանգության երաշխիք հանդիսացող տարածքները եւ թույլ տալ ադրբեջանցիներին մաքսիմալ մոտենալ մեր սահմաններին։ Թե բա, մի անհանգստացեք, ռուսը կպահի անվտանգությունը։ Բա որ չպահի՞։ Մենք արդեն հասկացել ենք, որ ոչ թե Իլհամն է հիմար, այլ մենք էինք հիմար։ Եվ հիմա էլ չենք ցանկանում նմանվել սկզբում նշած պատմությանս հերոսին եւ շարունակել լինել հիմար։ Մենք հասկացել ենք, որ գործ ունենք հստակ պետական դավաճանական ցանցի հետ, որի անխափան գործունեության հովանավորը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ վարչապետի Սյունիք գալու արգելքը հենց այդ համոզմունքի կամարտահայտման ամենաանմեղ ձեւն է։Ես ցանկանում եմ ասել մեր իշխանություններին, որ ոչ Աոռւշ Առուշանյանին կարող եք կոտրել ձերբակալությամբ եւ ոչ էլ մեզ ճնշել, արտահայտելու մեր արդար ընդվզումը։Սիրելի գորիսեցիներ, սա մեր բոլորի անվտանգության, ապագայի, մեր երեխաների անվտանգության հարցն է։ Եւ մենք այս իրավիճակից կարող ենք դուրս գալ միմիայն համախմբամբ, միասնականությամբ։ Մենք պետք է միաբան լինենք, մեջք մեջքի տանք, խելք֊խելքի տանք, որպեսզի կարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Ով էլ որ լինի մեր ապագա իշխանությունը, պետք է հաշվի նստի մեր հետ եւ ներկայացնի հստակ երաշխիքներ։ Իսկ ներկա իշխանությունները քաղաքական մանիպուլացիաներ անելու փոխարեն, ճիշտ կանեն արձակեն Առուշ Առուշանյանին, որպեսզի այստեղ մենք հասկանանք մեր անելիքները։ Շնորհակալություն։»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել