Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ է կատարվում Վրաստանում. Վահե Սարգսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Ի՞նչ է կատարվում Վրաստանում

2022 թ. հունիսի 28-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները՝ Վրաստանի նախկին ՄԻՊ Սոզար Սուբարի գլխավորությամբ, որոնք հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, շատ կարևոր նախաձեռնությամբ են հանդես եկել՝ շրջանառության մեջ դնելով «Օտարերկրյա (կամ արտաքին – Վ.Ս.) ազդեցության թափանցիկության» և «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը:

Առաջարկվում է արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծել ռեեստր, որը կներառի բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը:

Հեղինակների խոսքով՝ հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետության մեջ որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլև հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների եկամտի աղբյուրները:

Իշխող ուժը ևս կողմ է քվեարկելու օրինագծերին (Սոզար Սուբարիի գլխավորած ուժի հակաարևմտյան հայացքների պատճառով Վրաստանի Սահակաշվիլիամերձ շրջանակները համարում են, որ «Ժողովրդի ուժ» շարժումն իբր ծառայում է իշխող ուժին)։

Հետաքրքիր է՝ հակաարևմտյան շարժումը գլխավորում և նշված օրինագծերը մեջտեղ է բերում «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, «Վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակից, Սահակաշվիլու իշխանության տարիներին Վրաստանի ՄԻՊ հանդիսացած Սոզար Սուբարին, որը հենց այդ տարիներից էլ աչքի է ընկել իբրև լուսավոր, առաջադեմ, Վրաստանում ապրող քարթվելական և ոչ քարթվելական ժողովուրդների ազգային, լեզվական ու կրոնական ավանդույթները հարգող անձնավորություն՝ հենց այդ պատճառով էլ հաճախ հակադրվելով Սահակաշվիլու բռնատիրական ու ծայրահեղ արևմտաթուրքամետ իշխանությանը:

Չնայած, որ օրինագծերի հեղինակները հիշատակում են ժողովրդավարական երկրների առաջադեմ փորձը, մասնավորապես՝ ամերիկյան օրենսդրությունը, այդուհանդերձ, Արևմուտքից սնվող կառույցները և հատկապես Սահակաշվիլու կողմնակիցները հայտարարում են, որ դրանք հար և նման են ՌԴ-ում 2012-ից գործող և 2021 թ. փետրվարի 24-ին Վ. Պուտինի ստորագրությամբ փոփոխված «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքին, որը հավասարապես տարածվում է լրատվամիջոցների ու ֆիզիկական անձանց վրա և նախատեսում է մինչև 2500 ռուբլի տուգանք ֆիզիկական անձանց համար և մինչև 500.000 ռուբլի` կազմակերպությունների համար։

Բնականաբար, նախագծերն արժանացան արտերկրից սնվող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու անձանց հուժկու դիմադրությանը: Տարածվեց 260 ՀԿ-ների և լրատվամիջոցների հետ համատեղ հայտարարությունը, որով վերջիններս աղաղակում էին, թե, իբր, դրանք նպատակ ունեն խոչընդոտել սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, ապօրինի աշխատանքից ազատված հանքափորներին, տեղահանվածներին, անօթևաններին, ազատազրկված անձանց և այլ քաղաքացիներին աջակցելուն, ովքեր իրենց իրավունքների պաշտպանության կարիքն ունեն և պայքարում են այդ իրավունքների համար։ Ըստ հայտարարության՝ չի կարելի լռեցնել լեռներում և այլ շրջաններում ապրող մարդկանց ձայնը, ովքեր իրենց ծանր վիճակի մասին հանրությանը տեղեկացնում են միայն տեղական անկախ լրատվամիջոցների միջոցով (ի դեպ, փոետրվարի 28-ին նմանատիպ բովանդակությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ՄԱԿ-ը):

Պարզ է՝ վերոնշյալը միմիայն այսբերգի երևացող մասն է, իրականում՝ բոլորն են հասկանում, թե ինչով են զբաղված տարիներով դրսից սնվող և չվերահսկվող ՀԿ-ներն ու լրատվամիջոցները:

Իրականում՝ Արևմուտքը լավ է հասկացել, որ Վրաստանը, շնորհիվ ներկայիս ղեկավարության բալանսավորված քաղաքականության, դանդաղ, բայց հաստատուն կերպով վերականգնում է երկրի ինքնուրույնությունն ու դադարում է լինել արևմտաթուրքական վասալ, ինչը կար Սահակաշվիլու օրոք: Հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն սկսել է անհանգստացնել արմտյան նեոգաղութարարներին: Արդյունքում ամեն կերպ փորձ է արվում Վրաստանում կրկին իրագործել հեղաշրջում և երկիրը նետել նոր ցնցումների գիրկը՝ օգտագործելով այս անգամ նախագծերի դեռ առաջին լսումները:

Պատահական չէ, որ արևմտյան հովերով տարված Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր աջակցությունն է հայտնել Թբիլիսիում անցկացվող ցույցերի մասնակիցներին՝ խոստանալով վետո դնել նշված օրենքների վրա, իսկ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը մարտի 7-ը «սև օր» է համարել (Վրաստանի խորհրդարանի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի կապակցությամբ): ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ավելի է խտացրել գույները՝ հայտարարելով, որ պատասխանատվության են ենթարկելու նրանց, ովքեր գործողություններ են ձեռնարկում վրաց ժողովրդի կամքին և ակնկալիքներին հակառակ: ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար:

Արևմուտքի համար պահն այնքան է կարևոր, որ մարտի 7-ին Թբիլիսի է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոդ Ռոբինսոնը՝ հայտարարելով, որ, իբր, այս օրենքները բխում են ոչ թե Վրաստանի, այլ Ռուսաստանի շահերից։

Այսպիսով՝ Վրաստանի իշխանությունները կպել են Արևմուտքի բաց նյարդին:

Ի դեպ, այսօր դիպուկ է արտահայտվել Վրաստանի իշխող ուժի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ հատուկ հայտարարությամբ անդրադառնալով ստեղծված իրավիճակին. «Այս ամենը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպայի եւ եվրոպական արժեքների հետ։ Եթե մենք չպաշտպանենք մեր պետությունը լրտեսական ծրագրերից, մենք ոչ միայն չենք անդամակցի ԵՄ-ին, այլև կկորցնենք մեր ինքնիշխանությունը»:

Ուշագրավ է, որ Վրաստանում արդեն իրերը կոչում են իրենց անուններով, այն է՝ 2003 թ. տեղի է ունեցել ոչ թե «Վարդերի հեղափոխություն», այլ «Լրտեսների հեղափոխություն»: Կրկին ցիտենք Իրակլի Կոբախիձեի այսօրվա հայտարարությունից. «Վրաստանում 2003 թ. տեղի ունեցավ լրտեսական հեղափոխություն, որը բերեց մոտ 9 հակաեվրոպական տարի, մարդկանց խոշտանգումներ, բիզնեսի ռեկետ, լրատվամիջոցների առեւանգում եւ Վրաստանի տարածքների 20 տոկոսի կորստ։ Այն ժամանակ լրտեսները կարողացան մանիպուլացնել հասարակության անկեղծ հույզերը եւ ստիպեցին նրանց սկզբունքայնորեն սխալվել:

Այսօր վրացական հասարակությունը բավականին հասուն է, որ թույլ չտա նույն լրտեսներին նոր հեղափոխություն անել եւ վերադառնալ անցյալ»։

Իր. Կոբախիձեի վերջին այս միտքը, կարծում ենք, խորը մտորումների տեղիք պետք է տա հայ հասարակության համար:

Դասեր քաղելու ժամանակն է:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Սարգսյանը:

Աղբյուրը`

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել