Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Արցախի Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը զգալիորեն նվազել է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Լուսանկարում երևում է՝ ինչքան է նվազել Արցախի Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը։ Սարսանգը հիմա Արցախում էլեկտրաէներգիա ստանալու միակ խոշոր աղբյուրն է։ Բայց մի քիչ խորքից գամ։

Պատերազմից առաջ Արցախում կար 36 ՀԷԿ, որոնց արտադրած էլեկտրաէներգիան այնքան շատ էր, որ դրա մի մասը գալիս էր ՀՀ։ Պատերազմում պարտությունից ու շրջանների հանձնումից հետո Արցախում մնաց ընդամենը 6 ՀԷԿ, ներառյալ ամենախոշորը՝ Սարսանգը։

Դրանք միասին կազմում էին բոլոր նախկին ՀԷԿ-երի հզորության 60 տոկոսը, և Արցախը այլևս ինքնաբավ չէր էլեկտրաէներգիայով։ Պատերազմից հետո խոցելի էր դարձել նաև Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Մինչ պատերազմը ՀՀ-Արցախ ուղղությամբ էլեկտրահաղորդման երկու գիծ կար. •Գորիս – Շուշի – Ստեփանակերտ,

• Վարդենիս-Քարվաճառ -Մարտակերտ

Քարվաճառի հանձնումից հետո Արցախը մնաց Շուշիով անցնող գծի հույսին։ Այդ խնդիրը բոլորի աչքի առաջ էր։ Ես հիշում եմ, թե ինչպես Սիվիլնեթի գործընկերը Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հարցրեց, թե ինչ է լինելու այդ գծի հետ, երբ Լաչինի միջանցքի երթուղին փոխվի։

«Հնարավորինս արագ կապի և էլեկտրագծերն են տեղափոխվելու։ Գազի շուրջ այլ տարբերակներ են որոնվում», – ասում էր Խանումյանը։

Դա 2022 թվականի օգոստոսին էր։ Այսինքն դրանից մի քանի ամիս առաջ Բաքուն արդեն փորձարկել էր Արցախի գազի խողովակը փակելու օպերացիան և մարսել էր դա։Օգոստոսին Բաքուն հերթական մարտերը հրահրեց ու ստացավ Լաչինի հատվածում երթուղու փոփոխություն՝ առանց ենթակառուցվածքների փոփոխության։ Գազի փականից բացի, նրանց ձեռքում հայտնվեցին նաև էլեկտաէներգիայի և կապի գծերը։

Բայց մինչև դեկտեմբեր Ստեփանակերտի ու Երևանի իշխանությունները ո՛չ նոր ճանապարհը կառուցեցին, ո՛չ գծերը անցկացրին։ Դեկտեմբերին Ալիևը փակեց ճանապարհը, հունվարի սկզբին կտրեց հոսանքի գիծը։

Այսինքն, Արցախը մնաց սեփական միջոցներով էլեկտրաէներգիա արտադրելու խնդրի առաջ, միայնակ։

Այսօր Հետքում ու Մեդիամաքսում շատ կարևոր հրապարակումներ եղան, որոնք լրացուցիչ լույս են սփռում այս հարցերի վրա։ Հայաստանի ՏԿԵՆ-ից Հետքին հայտնել են, որ նոր հաղորդագծի շինարարությունը Սյունիքի կողմում կավարտվի ապրիլին։ Իսկ Արցախի ՏԿԵՆ-ից ասել են՝ Արցախի կողմում շինարարությունը կանգնած է, որովհետև ճանապարհն է փակ։ Ավելին, երբ եթե ճանապարհը բացվի էլ, հաղորդագիծը պետք է կառուցվի նո՛ր ճանապարհի կառուցմանը զուգահեռ։ Իսկ նոր ճանապարհի կառուցման համար պետք է դիրքեր տեղափոխել, դրա համար էլ պետք է Բաքվի համաձայնությունը։

Մեդիամաքսի հրապարաման մեջ էլ նշվում է, որ մյուս ՀԷԿ-երը սակավաջրության պատճառով չեն գործում, էլեկտրաէներգիա արտադրելու ամբողջ ծանրությունը Սարսանգի վրա է ընկել։ Իսկ դրա համար պետք է ջուր բաց թողնել։

Դավիթ Ղահրամանյանի Մեդիամաքսի այս լուսանկարում երևում է հենց բաց թողնված ջրի հետևանքով ջրամբարի մակարդակի նվազումը։

Չգիտեմ՝ սրա որ մասն է շրջափակման հետևանք, բայց որպես մեկնաբանություն կդնեմ այս տարվա փետրվարի ու նախորդ տարվա նույն օրերի արբանյակային լուսանկարների համեմատությունը, կտեսնեք, որ փոփոխությունը զգալի է։

Գարիկ Հարությունյան

Աղբյուրը`

https://m.facebook.com/100001288227213/posts/pfbid0q49ZCMr6NY51bRvFHSoYyxHBNDxeQ3nt5SW9YWHc8WNBFes11fUP7BxCxh77UtnTl/?device_id=cf0fe6ef-b3f1-41ce-972f-fc55230a571b

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել