Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սա էլ է մնում թուրքի վերահսկողության տակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Պետական անգործության կամ անճարության հետևանքով թշնամու վերահսկողության տակ են անցել Սյունիքի պատկան գյուղեր և տարածքներ։ Դրանցից երկուսը ժամանակին հետազոտել էր Սամվել Կարապետյանը։ Կարճ տեղեկություններ այդ գյուղերի վերաբերյալ։

Դեռևս 1993-1994 թթ. ընթացքում Սամվել Կարապետյանի ուսումնասիրած և 1999 թ. հրատարակված «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատությունից Քաշունիք (Ղուբաթլի) շրջանի պատմական հուշարձանները՝ սկսելով Որոտան գետի աջափնյա հատվածից: Առաջին հնավայրը ՄԱԶՐԱ գյուղատեղին է:
Թասի լեռնանցքի գագաթից մոտ 2 կմ հեռավորության վրա, ծովի մակերեւույթից 1250-1310 մ բարձրությամբ ձգված լեռնաբազկի բարձրադիր մասում տարածվում է երբեմնի Մաղանջուղ գավառի Մազրա գյուղը։ Ստուգապես հայտնի չէ, թե երբ է հայազրկվել այս գյուղը, բայց նրա կենտրոնական մասում ցայսօր կանգուն ընդարձակ եկեղեցին փաստում է, որ նրա կառուցման ժամանակ, այն է՝ 1694 թ., Մազրան շեն ու հայահոծ գյուղ էր։
Եկեղեցին միանավ, թաղակապ հորինվածքով, ավագ խորանի երկու կողմերում զույգ ավանդատներով, հարավային ճակատից բացված միակ մուտքով, կոփածո եւ սրբատաշ գորշ ու մանուշակագույն բագալտ քարով միջին չափերի (14,15×8,15 մ) կառույց է։ Բարավորին դժվարությամբ ընթերցվում է ակնհայտորեն միտումնավոր
կերպով վնասված 8 տողանոց արձանագրությունը.
… ԽՈՃԱՅ | ՊԵՏՐՈՍԻՆ ԵՒ ԻՒՐ ԿՈՂԱԿԻՑՆ, ՈՐԴՈՑՆ՝ ՅՈՎԱՆԷՍԻՆ, | ԾՆՈՂԱՑՆ՝ ՄԱԼԻՔՍԷԹԻՆ, ՄԱՐՈՒՆ, ԵՂԲԱ(Ր)ՑՆ ԱՌ|ԱՔԷԼԻՆ, ՄԱՐԳԱՐԻՆ … ԱԹԻ ԱՌ(Ա)ՋՆՈՐ|ԴՆ ՅՈՀԱՆԷՍ ԵՒ Տ(ԷՐ)Ն ԳԵՂ(ԻՍ)… ՄԱԼԻՔ ԿԱԼՈՒՍՏ, | ՎԵՐԱԿԱՑՈՒՆ` Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍՆ…, | ԹՎԻՆ ՌՃԽԴ (1694)։
Մինչեւ 1993 թ. այս եկեղեցին տեղի խաշնարածներն օգտագործում էին որպես անասնակերի պահեստ։ Նրանք, նոր մուտք բացելու նպատակով, քանդել են եկեղեցու արեւմտյան ճակատի հյուսիսային անկյունը։ Եկեղեցու արեւելյան ճակատից բացված լուսամատի խաչաձեւ շրջանակն ու հարավային պատի մեջ ագուցված խաչքարը (115x72x20 սմ) ակնհայտորեն վնասված են հրազենից արձակած գնդակներով։
Գյուղատեղիի տարածքում պահպանվում են նաեւ ստորգետնյա հողափոր բնակարաններ, իսկ հայոց երբեմնի գերեգմանատնից միայն բեկորներ են պահպանվել։
Մազրա գյուղից 1,5 կմ արեւելք պահպանվում են քարանձավ բնակատեղիի մնացորդները։

Հաջորդ գյուղը պատմական ՃԱՊԿՈՒՏՆ է, որը գտնվում է Որոտան գետի աջափնյա ավազանում՝ Սեթանց գետակի հետ աջից միախառնվող ավելի սակավաջուր մեկ այլ վտակի ակունքի շրջանում՝ հարավահայաց լեռնալանջին (ծ. մ.՝ 1350-1430 մ):
Ճապկուտը 12 դահեկան հարկաչափով հիշվում է Ստեփանոս
Օրբելյանի կազմած Քաշունիք գավառի գյուղերի ցուցակում, որից կարելի է հետևություն անել, որ համեմատաբար մեծ գյուղ էր։
Խորհրդային տարիներին հայտնի էր Ջիբիքլի անվամբ:
Ճապկուտի կենտրոնում դեռևս կանգուն է միանավ հորինվածքով, անմշակ քարով և կրաշաղախով կառուցված թաղակապ եկեղեցին (չափ.՝ 13,70 x 8,15 մ)։ Ունի միայն մեկ ավանդատուն՝ խորանի հարավային կողմում։ Հյուսիսային պատի մեջ պահպանվում է մկրտարանի խորշը։ Վնասված են ու կիսաքանդ արևելյան և արևմտյան ճակատներր։ Միակ մուտքը հարավից է։ Սրա խաչազարդ բարավորին կարդացվում է՝
Թ(ՎԻՆ) ՌՂ(1641)։
Ըստ ամենայնի, դա կառուցման տարեթիվն է, չնայած որ այդ մասին այլ տվյալներ հայտնի չեն։ Ներսում՝ շենքի տարբեր հատվածներում, ագուցված են մի քանի անարձանագիր խաչքարեր։ Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների՝ դրանք կարելի է վերագրել XV-XVI դդ.։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել