Սյունիքում և Արցախում ապրելն այնքա՛ն դժվար է…
Մարդ պիտի հատի սովորականի սահմանը (հոգով ու մարմնով), որ կարողանա դիմանալ Սյունիքի (Մեծ և Փոքր) բնակլիմայական պայմաններին, ռելիեֆին, ժայռից հաց ստեղծելու արվեստին…
Հազարմեկերորդ անգամ ասեմ, որ հայկականության ամենահին ակունքները՝ անխառն, բնական, այստեղ կարելի է գտնել։ Առաջին հայը, որ այստեղ ապրել է, նախ մեկընդմիշտ չեզոքացրել է ցանկացած վտանգ՝ ստեղծելով քարայր, ապա հաստատել հավերժական բնակություն։ Այո՛, Աստված-Բնության հետ միաձուլվելու մեր կենսակերպը ամփոփվել է սովորական թվացող քարայրներում։ Դրանք նախ համարվել են պատսպարաններ, ապա՝ բնակարաններ… Գիտեք՝ Հին Գորիսի՝ Կյորեսի ողջ գետինը և քերծերը բնակարաններ են։ Հիմա էլ ավանդապահ գորիսեցիները նոր տուն կառուցելիս անպայման հողի տակ պատսպարան-նկուղ են բացում։
Շատ չերկարացնեմ. գամ վերջնախոսքիս (“Գորիսի քարայրները” թեմայով մի լավ ուսումնասիրություն եմ պարտք) Գորիսը (իմա՝ Սյունիքը) հավերժորեն մնալու է նետ Թուրանի սրտում, ու եթե այդ սեպը հանելու համար աշխարհն էլ թափվի մեր գլխին՝ մռնչացող Թուրանին “ազատելու” համար, անգամ մեզնից շատերն էլ համակեցության ու “փրկության” գայթակղությամբ մասնակից լինեն աշխարհքիս դավին, միևնո՛ւյն է, այստեղ ապրելու է ամենաբնական հայը, որ լինելու է ատոմային հրթիռներից ազատագրված նոր աշխարհի հին ու նոր Մարդը…
Սա ո՛չ ռոմանտիկա է, ո՛չ էլ լավատեսություն… իրականություն է…