Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սյունիքի սահմանամերձ գյուղերում անասնապահության զարգացման համար նոր պայմանների ստեղծումը առաջնահերթություն է. mediapoint

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

 «Սահմանախախտները»

Գավրուշա Հակոբյանի բազմանդամ ընտանիքը բնակվում է Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում։ Զբաղվում են անասնապահությամբ և մինչ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմ, ունեցել են 50 գլուխ խոշոր անասուն։ Հրադադարից մի քանի ամիս հետո, երբ արդեն հակառակորդը հասել է մինչև իրենց գյուղի մոտ, իրավիճակը փոխվել է, անասունների՝ «սահմանը խախտելու» պատճառով ընտանիքը կորցրել է 13 կթու կով։

Գավրուշան պատմում է, որ մինչև պատերազմ, անասնապահությամբ զբաղվելը եկամտաբեր էր, որովհետև առանձնապես դժվարություն չկար հատկապես կերի ապահովման առումով․ անասուններին առավոտյան բաց են թողել դեպի  ընդարձակ արոտավայրեր, երեկոյան՝ հավաքել։ Հիմա, երբ ադրբեջանցիներն իրենց սահմանային հենակետերը հասցրել են մինչև գյուղ, ոչ միայն մի քանի անգամ արոտավայրերն են կրճատվել, այլև անասունները հաճախ են «սահմանը խախտում»։

-Ստիպված հետևներից հոլի նման պտտվում եմ»,- ասում է Գավրուշան և հավելում, որ  մարդիկ չեն համակերպվում ստեղծված իրավիճակի հետ, ուր մնաց, որ անասուններին հնարավոր լինի  հարմարեցնել նոր պայմաններին։

2021 թվականի մարտին դեռ արոտի սեզոն չէր, անասուններին հանել էին դուրս և  16։00-ին նկատել, որ հակառակ ուղղությունից մի քանի անասուն փախած հետ է գալիս ու հասկացել, որ մյուս անասունները չկան, «սահմանը խախտել են»։

Դեպքն ուսումնասիրվել է, խնդիրը հանրայնացվել, սակայն անասուններին չեն վերադարձրել՝ ասելով, թե իրենց տարածքում չեն։ Պետության կողմից կորստի 60 տոկոսի չափով փոխհատուցում են ստացել,  բայց այդ դեպքից հետո մարդիկ սկսել են «հարմար» գնով վաճառել անասունները, քան թողնել, որ «թշնամու բաժին դառնա»։ Շուռնուխցի Ալվինայի ընտանիքը ևս  շտապեց վաճառել անասունները, «չնայած կես գնով, որովհետև, միևնույն է, մի օր «շեղվելու էին, սահմանն անցնեին»,-ասում է Ալինան։  Այսպես գյուղում սկսվեց գյուղատնտեսական կենդանիների թվաքանակի ձնհալը։

Էլեկտրական հովիվները՝ որպես խնդրի լուծման այլընտրանք

Անասնագլխաքանակի հարկադիր կրճատման մյուս պատճառներից մեկն այն է, որ արոտավայրերի մեծ մասը մնացել է հակառակորդի կողմում։ Խնդրի լուծման համար  գյուղի որոշ տարածքներում  իրականացվել է ժամանակակից համակարգերի՝ «էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր,  այսինքն տեղադրվում են էլեկտրական ցանկապատեր, որոնք աշխատում են բարձր լարմամբ, սակայն հոսանքի՝ ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին (hամակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող և ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից):

Ալվինան հաստատում է, որ  այդ միջոցով անասուններին սահմանից հեռու պահելու խնդիրը հիմնականում լուծվում է, բայց մեկ այլ դժվարություն է առաջանում, չեն կարողանում վճարել ծախսված էլեկտրականության դիմաց։

Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Հակոբ Արշակյանի խոսքով այս մեթոդը հարցի լավագույն լուծումն է, մանավանդ, որ սնուցվում է արևային էներգիայի միջոցով, և բնակիչների մտահոգությունը տեղին չէ։ Նա նշում է, որ բնակիչների անուշադրության պատճառով սյուները տապալվել են։ Ըստ նրա, ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրի պատասխանատվությունն ավելի է բարձրանում, բայց մարդիկ հույսները դրել են սահմանապահ զինվորների վրա, մտածելով, թե նրանք պետք է հոգան մոլորված անասունների հարցը։ «Բնակիչները չեն համակերպվում, որ պետք է տերություն անեն իրենց անասուններին, ոչ թե նախկին տարիների նման ազատ բաց թողնեն արոտի»,-ասում է նա։

Գավրուշայի կարծիքով էլեկտրական հովիվների համակարգի տարածումը միակ ելքն է, որպեսզի կարողանան շարունակել անասնապահությամբ զբաղվել։ Այժմ Շուռնուխում միայն երկու բնակիչ է խոշոր եղջերովոր անասուն պահում, չնայած նրան, որ գյուղում եկամուտի ապահովման համար այլընտրանք չկա։  Նա կարծում է, որ եթե Շուռնուխի անվտանգության հարցերն ավելի առաջնահերթ լինեն տարբեր կառույցների, հատկապես իշխանությունների համար, մարդիկ չեն լքի գյուղը։

Իրավիճակն ավելի սրված է Որոտան բնակավայրում, որտեղ ո՛չ արոտավայր կա, ո՛չ խոտհարք։ Նախկինում կովերը արածեցնում էին Էյվազլար կոչվող տարածքում, իսկ հիմա ոչ մի տեղ չկա, որ կովերին արոտի տանեն, քանի որ այդ հատվածում ադրբեջանցիները մաքսակետ են հիմնել։

Էլվերա Օհանջանյանը մինչ պատերազմ 18 գլուխ անասուն ուներ, հիմա ստիպված է վաճառել, որովհետև անգամ մարդկանց համար տեղաշարժվելու խնդիր կա գյուղում, քանի որ հենց հարևանությամբ ադրբեջանական մաքսատունն է, և Գորիսին ու մայրաքաղաքին կապող միակ ուղին մնացել է լեռնային ոչ բարեկարգ ճանապարհ։

Մեկ ամիս առաջ որդու անասուններից ինը անցել  է հակառակորդի սահմանը, մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունեն։

Գրեթե կրկնակի բարձրացել է խոտի հակի գինը, այն դեպքում, երբ հիմա մսուրային պահվածքով պահվող անասունների համար ավելի շատ կեր պիտի ձեռք բերեն։ Ինչպես Շուռնուխում, Որոտանում ևս մարդկանց եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է, մասամբ նաև այգեգործությունը,  բայց պատերազմից հետո այգիներն այլևս իրենց տարածքում չեն։ Գյուղում կարծում են, որ ելքը տարածքը փշալարելով շրջափակելն է կամ էլ, ինչպես այլուր, էլեկտրական հովիվների համակարգի ներդրումը։

 Ելքեր, այնուամենայնիվ կան

Գորիսի համայնքային իշխանության աշխատակազմի  գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը նշում է, որ Շուռնուխ բնակավայրում հաշվառված է 45 տնտեսություն, անասնագլխաքանակը կազմում է 580, որից 400-ը՝ մանր եղջերավոր։ Այժմ խոշոր եղջերավորների թիվը մոտ երեք անգամ կրճատվել է։

Մինչև սեպտեմբերյան պատերազմ, Գորիս համայնքի բնակավայրերում հաշվառված է եղել 11 հազար 33 խոշոր և 28,540 մանր եղջերավոր անասուն։ Սահմանված համապատասխան կարգի համաձայն, գյուղատնտեսական կենդանիների ամենամյա հաշվառումը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու տարվա դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 18-ը՝ հաշվառումն իրականացնող 24 հոգանոց մշտական հանձնաժողովի կողմից։ Տարվա ընթացքում հետևում են գլխաքանակի շարժին, սակայն սեպտեմբերյան պատերազմից հետո հստակ չգիտեն, թե որքան անասնագլխաքանակ է մնացել․ սկզբում տեղեկություն ունեին, որ դրանք ավելացել են տեղահանված ընտանիքների ունեցած անասունների հաշվին, սակայն, թե որքան է կազմել արհեստական մորթը կամ վաճառքը, կարող են հաշվարկել միայն եկող տարվա սկզբին, ինչպես սահմանված է ընդունված ընթացակարգում։ Ոչ պաշտոնական տվյալներով, 30 տոկոսով կրճատվել է մանր եղջերավոր անասունների թիվը, քանի որ պատերազմի ընթացքում մարդիկ խուճապահար վաճառում էին։

Շուռնուխում բնակիչներից ոմանք կարծում են, որ խնդիրը հնարավոր է լուծել  պահուստային կամ վարձակալությամբ տրված հողերի վերաբաշխման միջոցով, այնպես, որ մարդիկ, ովքեր գյուղում շարունակելու են ապրել, կարողանան գյուղատնտեսությամբ զբաղվել։ Այս հարցի շուրջ գյուղբաժնի վարիչ Արմեն Ավետիսյանն ասում է, որ այդ արոտավայրերում չափագրումներ իրականացվել է և կիսատ մնացել։ ՀՀ Կառավարության  1477-Ն որոշման համաձայն, համայնքի ղեկավարի որոշումով սեպտեմբերյան պատերազմից առաջ՝մինչև 3 տարի անմիջապես՝ առանց աճուրդի և նոտարի, տրվել է վարձակալության։ Սակայն այստեղ առաջացել է սեփականաշնորհման հարց, քանի որ չափագրումներ պետք է կատարվի, որից հետո ավագանու որոշմամբ հաստատվի։ Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով չի շարունակվել և նոր վարձակալական պայմանագրեր չեն կնքվել։

«Խնդիրն այն է, որ այդ հողերը ոչ թե չեն մշակվում, այլ նպատակային չեն մշակվում»,- ասում է Գավրուշան։ Երեսուն տարի է այդ հողերը չեն սեփականաշնորհվել ու այդ խնդիրները չեն լուծվում։ Ըստ Գավրուշայի, պետք է այդ հողերը վերաբաշխեն ու մշակվեն ըստ նպատակի, ցանեն այնպիսի անասնակերեր, որ հնարավոր լինի անասուններին մսուրային պայմաններում պահել։ Հողերի խնդրի մասին հեռուստացույցով  էլ է լսել, բայց դեռ տեղաշարժ չկա։

Անասնապահության զարգացման համար խոչընդոտներ են առաջացել նաև Գորիս համայնքի  Ակներ և Վերիշեն բնակավայրերում, որոնք գտնվում են Սև լճից 10-11կմ հեռավորությամբ։ Այս բնակավայրերում պատերազմից հետո կրճատվել է  մոտ 2700 հա արոտավայր։ Ակներում նախկին  2495 ից մնացել է 1295, իսկ Վերիշենի վարչական տարածքի  2668-ից՝ 1168 հա։ Այդ արոտավայրերից օգտվել են ոչ միայն Գորիս համայնքում  անասնապահությամբ  զբաղվողներն, այլև շրջակա համայնքների։

Այժմ այս տարածքում վտանգ կա հողի դեգրետացման՝ հողառաջացման բնականոն շարժընթացի խախտման:Արոտավայրի բուսածածկը որպես բնական ռեսուրս օգտագործելով հանդերձ` միաժամանակ պետք է հոգ տանել նրա ինքնավերականգնման և հարստացման մասին: Անհրաժեշտ է արոտավայրն օգտագործել այնպես, որ խիստ նվազեն կամ վերանան արածեցման վնասակար հետևանքները: Դրա համար շատ կարևոր է արածեցման չափանիշերի` ժամկետի, տևականության, քանակի և կարգի պահպանումը: Ժամանակի ընթացքում այս արոտավայրերը կանապատանան, քանի որ չկա պլանային արածեցում ու կատարվում է գերարածեցում։ Հատկապես դեգրետացումը կկատարավի այն պատճառով, որ մանր եղջերավորն ու խոշորը նույն տեղում են արածեցվում, որից հետո խոտածածկը չի պահպանվում, քանի որ մեկ պայմանական անասունին հասնում է 1-2 հա տարածք՝ նայած բուսածածկից, բայց հերթափոխ արածեցման դեպքում, այլընտրանք, ինչպես նշում են տեղացիները, չկա։

Արմեն Ավետիսյանն ասում է, որ հետագա լուծումը  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առաջարկով, տեսնում են անասունների մսուրային պահվածքի և անասնակերի հիդրոպոնիկ արտադրության ներդրման մեջ։ Սակայն դրան անցնելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ ներդրումներ։

Նյութը mediapoint.am կայքէջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել