Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թշնամու շարունակական ագրեսիան մեզ շանս է տալիս ինքնակազմակերպվելու․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Lragir.am-ը հարցազրույց է վերցրել Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի համակարգող Արտուր Խոջաբաղյանի հետ։

Դուք հայտարարել եք Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մասին, ի՞նչ  խնդիրներ պետք է լուծվեն, ի՞նչ պետք է անել մարդկանց համախմբման համար։

Ես այդ իմաստով չէի ցանականա առանձնացնել Սյունիքը, որովհետև այն խնդիրները, որոնք կան Սյունիքում, բոլոր մարզերին են վերաբերում։ Պարզապես կան որոշ խնդիրներ, որոնց Սյունիքում ապրողներն անմիջական են առնչվում, բայց դա պատասխանատվությունից չի ազատում այն մարդկանց, ովքեր այստեղ չեն բնակվում։ Խնդիրները հիմնականում կապված են հետևյալ հարցի հետ։ Այս պահին գյուղեր կան, որտեղ թշնամին ճանապարհները փակել է, և այլընտրանքային ճանապարհներ չեն կառուցվել դեռ։ Եվ դրա հետևանով լուրջ տնտեսական հարցեր են առաջացել։ Խնդիր է թշնամու այդ ագրեսիվ ցուցադրական գործելաոճը, դրոշների ցուցադրությունը, զինված մարդկանց առկայությունը։ Մենք բնակավայրեր ունենք, որտեղ անմիջապես երևում է այդ բոլորը, և դա ճնշում է տեղում ապրող մարդկանց։ Ցանկացած ագրեսիվ գործողության պայմաններում, որը տեղի է ունենում սահմաններին, այդ մարդիկ ջղաձգվում են, որովհետև իրենցից մի քանի հարյուր մետրի վրա է գտնվում զինված թշնամին։ Սրանք այն փաստացի խնդիրներն են, որոնց սահմանին ապրող մեր բնակիչներն առնչվում են։ Նույնիսկ Գորիսում ապրող բնակչությունն այնքան չի առնչվում այս խնդիրներին, որքան առնչվում են սահմանակից գյուղերի, օրինակ, Խոզնավարի, Կոռնիձորի, Ներքին Խնձորեսկի, Խնածախի բնակիչները։ Այս համայնքներում մարդկանց տներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ադրբեջանական դրոշն է ծածանվում։

Իրականում այս պատերազմը ցույց տվեց, որ առհասարակ մենք շատ բացթողումներ ենք ունեցել և դրանց վրա աչք ենք փակել։ Նախորդ պատերազմից դեռևս կար անվտանգության խորհրդի պես մի մարմին ստեղծելու կարիք, որպեսզի նախ անվտանգությանը վերաբերող աշխատանքներն ավելի ներդաշնակ լինեն։ Պարզվում է՝ այս վերջին պատերազմում շատ դեպքեր են եղել, երբ յուրաքանչյուրը փորձել է մի գործ անել, բայց ներդաշնակության բացակայության պատճառով մենք լուրջ, կործանարար բացթողումներ ենք ունեցել, որոնք կապված էին նաև հենց քաղաքացիական բնակչության կողմից Արցախի տարածքները լքելու հետ։ Դրա պատճառով մենք շատ տարածքներ ենք կորցրել։ Այս ամենը մեզ՝ մտահոգ մարդկանց բերել է մի դաշտ, որ մենք նախաձեռնենք այդ անվտանգության խորհրդի ձևավորման աշխատանքները, առաջ մղենք մեր օրակարգից բխող խնդիրները և հասկանանք, թե որ խնդրի լուծման համար որ գերատեսչությունն ինչ պատասխանատվություն ունի, ու կազմակերպենք այդ խնդիրների լուծումը։ Նույնիսկ վերջերս մենք հասկացանք, որ խնդիրներ կան, որոնց լուծման համար օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա։ Այսինքն՝ շատ բացեր ու բացթողումներ ունենք, և հենց այս խորհրդի աշխատանքը հնարավորություն է տալիս գնալ այդ խնդիրների լուծման ճանապարհով։ Եվ ամենաառաջին պայմանն այն է, որ չպետք է տպավորություն ստեղծվի, թե այս խորհուրդն ամեն ինչ անելու է։ Հակառակը, մենք փորձում ենք այդ փրկչի բարդույթը հանկարծ չունենալ և այնպես անել, որ բոլորն անձնապես իրենց վրա հույս դնեն, բոլորը հասկանան, որ յուրաքանչյուրից անձնապես շատ բան է կախված՝ շրջապատում անվտանգության հարցերի պատշաճ ապհովման համար։ Մարդը պետք է իմանա, թե իր ապաստարանը որն է, առաջին օգնության, զենքի անվտանգության կանոններին պետք է տիրապետի։ Եվ մեր խնդիրն է հասնել նրան, որ բնակչության այդ համատարած մասնակցությունն ապահովենք։ Այդ դեպքում ինչ-որ արտակարգ իրավիճակի դեպքում մենք կբացառենք հնարավոր խուճապը, քաոսը, քանի որ բոլորը համեմատաբար պատրաստված կլինեն, և տեղի կունենա արագ ինքնակազմակերպում։

Մարդկանց մոտ ի՞նչ տրամադրություններ են։

Եթե չլիներ այս պատերազմական իրավիճակը, մարդիկ լրիվ անտարբեր կլինեին։ Հիմա թշնամու այստեղ լինելը, ագրեսիվ պահվածքը մեզ շանս է տալիս, որպեսզի ավելի հասկանալի լինեն մեր քայլերը և ավելի շատ ներգրավվածություն ապահովենք։ Երբեմն մեզ նաև ասում են՝ խուճապ եք տարածում։ Ես ասում եմ՝ խուճապ չենք տարածում, խուճապը կանխարգելում ենք։ Երկրորդ՝ եկեք հասկանանք, որ այս պահին թշնամին մեզ շանս է տալիս, որ այս խնդիրները լուծենք։ Ես ի պատասխան ասում եմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք այս հարցերով զբաղվենք, պետք է գան ու զենքը մեր ճակատին պահեն, որ ասենք՝ ապաստարան չունե՞նք։ Փաստորեն մարդիկ դեռևս չեն ուզում հավատալ, որ մենք շատ խառը տարածաշրջանում ենք ապրում և պարտավոր ենք հնարավոր պատերազմական կամ արատակարգ վիճակի դեպքում նվազագույն գիտելիքներն ու պայմաններն ունենալ։

Դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու հարցն է քննարկվում, և կարծես այդ գործընթացն ուզում են սկսել Սյունիքից։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում սրան։

Իմ կարծիքն այն է, որ այս պահին առաջին հարցը Արցախի կարգավիճակի հարցն է և առնվազն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքների վերադարձը։ Դրանից հետո միայն պետք է մտածենք սահմանային հարցերի մասին։ 1990-ական թվականներին, երբ այդ տարածքներն ազատագրել ենք, դա մենք արել ենք, որովհետև սպառնալիք է եղել Արցախի բնակչության համար։ Պատերազմի ժամանակ իրենք այդ տարածքներից  անընդհատ ասպատակություններ են իրականացրել Արցախի բնակչության նկատմամբ։ Այլ հարց է, որ կա նաև այն հանգամանքը, որ պատմական առումով էլ մենք ունենք իրավունք՝ տնօրինելու այդ տարածքները, լինելու դրանց տերը։ Այսինքն՝ այսօր Արցախի հիմնախնդրի լուծումն է կարևոր, եթե մենք այդ հարցը լուծենք, սահմանների հարցը սովորական խնդիր է, որը կարող է չլուծվել էլ։ Մենք գիտենք անգամ եվրոպական շատ երկրներ, որոնք մինչև հիմա տարածքային վեճեր ունեն։ Մենք մի տեսակ շատ ենք այսօր սևեռվել ճանապարհների ու սահմանների վրա՝ հետին պլան մղելով ամենահիմնական հարցերը՝ Արցախում ապրող ժողովրդի ու կարգավիճակի հարցը, հատկապես որ մենք այս պատերազմից հետո կենսական նշանակության տարածքներ ենք զիջել թշնամուն։

Բացի դա, տարածքների հետ կապված մի շատ կարևոր հարց էլ կա։ Մենք ցեղասպանության ենթարկված ազգ ենք և իրավունք ունենք մեր կենսական գոյատևումն ապահովելու համար լրացուցիչ տարածքներ ունենալու՝ դա կլինի թե Ադրբեջանի, թե Թուրքիայի կազմից։ Այսինքն՝ այդ պահանջատիրական մոտեցումը մենք պետք է ունենանք։ Որպեսզի կարողանանք գոյատևել, մեզ պետք են այդ տարածքները, ոչ թե մի տեղ կուչ գանք ու յոլա գնանք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել