Ամանորյա տոները կրճատելու հետևանքները․ Սարգիս Միքայելյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Ամանորյա տոները կրճատելու հետևանքը տնտեսության վրա, ես համոզված եմ, լինելու է միանշանակ բացասական:

Գուցե շահելով ընդամենը մի քանի օրվա լրացուցիչ աշխատանքի արդյունք ՀՆԱ-ի վրա՝ ստանալու ենք հետևյալը.

– կտրուկ նվազելու են նախատոնական առևտրի ծավալները, հատկապես՝ սննդարդյունաբերության, սննդի և խմիչքների ներմուծման ոլորտում, քանի որ սոսկ երկու օրվա համար այլևս չի կարող լինել այն մեծածավալ առևտուրը, որը ընկերություններին լուրջ շրջանառություն ու եկամուտներ էր ապահովում;

-ոչ մի խելքը գլխին տնտեսվարող այն մեծ պատվերները հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին այլևս չի տալու իր մատակարարներին, որոնք տալիս էր՝ հիմնավորված ակնկալելով ամանորյա (սեզոնային) առևտրի աճ; արդյունքում տուժելու է շատ ընկերությունների արտաքին տնտեսական գործունեությունը, նրանք չեն ստանալու մատակարարներից նախկին զեղչերը, վնասվելու են տնեսական կապերը, տուժելու են բեռնափոխադրող ընկերությունները;

– էապես տուժելու է ներգնա տուրիզմը, հյուրանոցային, ռեստորանային բիզնեսները, ժամանցի ոլորտում գործող բիզնեսները, որոնց մեծ մասի շրջանառությունը այդ մի քանի հանգստյան օրերին գերազանցում էին հաջորդ երկու-երեք ամիսների ծավալները;

– վնասներ են կրելու տրանսպորտային ընկերությունները, ավիափոխադրողները, որոնց ծառայություններից օգտվում էին բազմահազար հայրենակիցներ ամանորյա տոներին երկրի վերադառնալու (կամ թեկուզ մարզերից Երևան գալու) ու հանգստյան օրերն իրենց մերձավորների հետ անկացնելու համար. երկու օրվա համար շատ ավելի քիչ մարդ է պատրաստ մեծ տարածություններ կտրել-անցնել;

– լրջորեն տուժելու է արտագնա տուրիզմի ոլորտը, քանի որ աշխատողները, որոնք մի քանի օրով մեկնում էին տարբեր երկրներ հանգստի ամանորյա տոներին, այլևս դա չեն կարողանալու անել,

– մեծ վնասներ են կրելու այն տնտեսվարողները, որոնք արտադրում կամ ներմուծում են հագուստ, հագուստի պարագաներ, նվերներ և այլն, քանի որ խիստ կրճատելով տոները՝ համարյա վերացնում ես հյուր գնալու ու հետևաբար մեկը մյուսին նվերներ անելու տրադիցիան, ինչն էապես նվազեցնելու է դրանց պահանջարկը;

– նվազելու են այլ երկրներից դրամական փոխանցումները, որոնք ավելի շատ էին արվում դեկտեմբեր ամսին, դրանով նվազելու է համախառն պահանջարկը;

– վերը նկարագրված ֆինանսական վնասներ կրող ընկերությունները, բնականաբար, վճարելու են ավելի քիչ հարկեր, ավելի քիչ աշխատավարձեր ու բոնուսներ, որոշ ոլորտներում ուղղակի վերանալու է այն սեզոնային աշխատողների պահանջը, որը ձևավորվում էր՝ ամանորյա տոների ընթացքում մեծացող ակտիվությունը սպասարկելու համար;

– նվազելու են բիզնեսի վարկավորման ծավալները, քանի որ նվազելու է ընկերությունների՝ նախատոնական ու տոնական շրջանառության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների վարկերի կարիքը; ինչպես նաև նվազելու է սպառողական վարկավորումը, էլի նույն հասկանալի պատճառներով;

– փոփոխվելու են սովորական դարձած բիզնես-ցիկլերը (ապրանքային պաշարների շրջանառելիության ցիկլերը, դրամական միջոցների ցիկլերը և այլն), որոնց ոչ բոլոր ընկերությունները կկարողանան ադապտացվել և ոչ բոլորի օտարերկրյա մատակարարները, գործընկերները կուզենան համակերպվել (սրա արդյունքում կարող են կորսվել շուկաներ, օրինակ);

– տուժելու է աշխատղների մոտիվացիան, քանի որ մարդիկ չեն կարողանալու հանգստանալ, գուցե այլ երկրներ գնալ, ռելաքս լինել Նոր Տարուն;

– Եվ այլն, այս շարքը կարելի է շարունակել:

Մի հատ լուրջ մտածելը չէր խանգարի՝ էդ 5 օրվա ՀՆԱ-ն իրո՞ք արժե էն գինը, որը չեք տեսնում դեռևս, բայց վճարելու եք…

Իսկ իրականում, արժեր մտածել, որ ՀՆԱ-ի, տնտեսական արդյունավետության և այլ նպատակների հետապնդման շատ ավելի լավ, ավելի ժամանակակից, ավելի գործուն մեթոդներ կան, քան «մարդկանց ավելի շատ աշխատացնելը», պարոնայք…

Հ.Գ. – Տեսել եմ նաև մի դատարկ «հիմնավորում». տոները քիչ լինեն՝ «տնային տնտեսություններն» ավելի քիչ ծախսեր կանեն, ավելի լավ կլինի… Ինչ-որ մեկի սպառողական ծախսը միշտ մեկ ուրիշի եկամուտն է տնտեսության մեջ, ընկերնե՛ր…

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Թողեք մեկնաբանություն

Բաժանորդագրվել