Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայագիտությամբ կարող ենք հաղթել պարտադրվող քաղաքական դիրքորոշումներին․ Մհեր Քումունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
21 Views

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 6 տարի շարունակ, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի հայագիտության ոլորտում կատարում է հսկայական գիտական աշխատանք՝ քարտեզագրումից մինչև բարբառների ուսումնասիրություն։ Goris Times-ը կենտրոնի նպատակների, ապագա անելիքների և Գորիսի հեռանկարի մասին խոսել է ՍՀՀԿ տնօրեն Մհեր Քումունցի հետ։

-Պարոն Քումունց կենսական ի՞նչ խնդիրներ է լուծում հայագիտական հետազոտությունների կենտրոնը։

Հայ իրականության մեջ մեր կենտրոնը միակն է, որը զբաղվում է Սյունիքի հայագիտությամբ։ Կենտրոնը գործում է 2015թ․-ից, չնայած ակունքները ավելի հին են։ Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանի սահմանին մենք վաղուց էինք կանխատեսել և նախաձեռնել կազմել Սյունիքի հայագիտությունը, որը կզբաղվի ոչ միայն պատմական Սյունիքի բնակավայրերի այլև Արցախի տարածքների ուսումնասիրմամբ, որովհետև ըստ Խորենացու Արցախը կոչվել է փոքր Սյունիք և այս երկու հայկական բնակավայրերը նույն պատմական ընթացքն են անցել։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ուսումնասիրել հետազոտել պատմական Սյունիքի, Քաշաթաղի տարածաջրջանները, հուշարձանները։ Մյուս նպատակն է ցույց տալ Սյունիքի պատմական և մշակութային արժեքները հայագիտության գրեթե բոլոր բնագավառներում՝ լեզվաբանություն, գրականություն, պատմություն, ազգագրություն, աշխարհագրություն, ճարտարապետություն։ Այստեղից պարզ է դառնում, որ այդ տարածքները երբեք օտարինը չեն եղել։

-Կենտրոնը զբաղվում է Սյունիքի պատմական հին և նոր բնակավայրերի քարտեզագրմամբ, այսինքն՝ կան ապացույցներ Սյունիքում մեր դարավոր գոյության մասին։ Այսօր պետական մակարդակով հայկական տարածքները վերագրվում են Ադրբեջանցիներին։ Սյունիքը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում զինվորը հանուն ինչի՞ և ու՞մ է կռվելու այս դեպքում։

-Այո՛, խնդիր է առաջանում, թե հայ զինվորը ում հողն է պաշտպանում, եթե պետական մակարդակով ուզում են ապացուցել, որ դա հայակական տարածքներ չեն։ Օրինակ պատգամավորները անընդհատ բարձրաձայնում են, որ այս պահին թուրքերը կանգնած են ադրբեջանական ճանապարհին։ Մեր նպատակը հենց հայ սերնդին օգնելն է, ասելու, որ ներկայիս իրողությունները ինչպես իշխանություններն ու կուսակցությունները կգան ու կգնան, բայց այն ինչ անում ենք՝ կմնա սերունդներին։ Կարծում եմ՝ կարող ենք հայագիտական մեր տեղեկատվությամբ հաղթել քաղաքական այդ դիրքորոշումներին, որպեսզի հայ զինվորը իմանա, որ ինքը հայկական հող է պաշտպանում, որ պատմական Սյունիքը հիմա օկուպացված է և այն վերադարձնելը ոչ թե երազանք այլ հրատապ խնդիր է։

– Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում սկսել։

– Քիչ առաջ, հենց, խմբագրում էի Կապանի Երիցվանք վանական համալիրի պատմությունը։ Մոտ ժամանակներս նախատեսում եմ անդրադառնալ Սյունիքի տոհմերին։ Մեկ այլ մեծ նախաձեռնությամբ՝ ուսումնասիրել ենք Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի հնդեվրոպական շերտի 5000 տարվա ամբողջական պատմությունը, որը պետք է հրապարակենք։ Սա ևս ապացուցում է այս հողում մեր երկարամյա գոյությունը։ Եվ երկրորդ՝ սա միակ տարածքն է, որը երբեք չի հայալքվել, բնիկները միշտ սյունեցիներն են եղել։ Ամբողջ աշխարհում նման երևույթները եզակի են, ինչը հպարտանալու առիթ է։ Ապագայում նաև գիտաժողով պետք է կազմակերպեմ, որտեղ կներկայացվի հնգամյա ծրագիր՝ պատմական Սյունիքի հոգևոր և նյութական արժեքների համահավաք աշխատանքը։ Այդ աշխատանքի բաղկացուցիչ մասն է՝ Գորիսի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի բնակավայրերի ամբողջական պատմությունը։ Ընդգրկվելու են ազգագրական, լեզվաբանական նյութեր , լեգենդներ, առասպելներ, բանահյուսական երկեր։ Եթե Հայ ժողովուրդը ուզում է իր անցյալի պատմության մասին տեղեկություններ ստանալ, առանց Սյունիքը ուսումնասիրելու, չի կարող լիարժեք պատկերացում կազմել։

-Քայլեր ձեռնարկու՞մ եք, որպեսզի նյութերը թարգմանվեն և տարածվեն օտարերկրյա լսարաններում, այդ թվում և Ադրբեջանում։

-Ցանկացած հոդված կայքում տեղադրվում է գիտական հրապարակումից հետո։ Կենտրոնը ունի գիտական նյութերի ժողովածու, բայց աշխատանքները դադարեցվել են ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ կայքի համար առանձնացված է հավելված, որը հնարավորություն է տալիս հայերենից զատ ևս 7 լեզուներով թարգմանել նյութերը, այդ թվում և թուրքերեն։ Ունենք վիճակագրություն, որ մեր կայք այցելողների թվով առաջին տեղում Հայաստանն է, երկրորդը՝ Ռուսաստան, իսկ երրորդը Ադրբեջանը, ընդ որում Ռուսաստանին դիտումների քանակով 6-8 հոգով է զիջում։

-Կենտրոնը նպաստու՞մ է երիտասարդ գիտնականների կայացմանը

Երիտասարդները շատ չեն կենտրոնում։ Նրանք սովորաբար մեկ-երկու նյութով տարվում են ու թողնում։ Կենտրոնը չունի հնարավորություն ֆինանսավորելու, եթե դա լիներ նրանք կվոգևորվեին։ Իսկ եթե նրանք են մեզ դիմում անպայման օգնում ենք։ Ֆինանսապես մեզ օգնում են անհատներ, որոնք հաճախ ցանկանում են չհրապարակել իրենց անունը։ Փոխարենը կան պատրաստակամ գիտնականներ, ովքեր պարբերաբար գիտական նյութեր են տրամադրում, խմբագրումներ են անում և կատարում Սյունիքի հայագիտական ուսումնասիրություններ՝ առանց որևէ նյութական ակնկալիքի։

Շուտով Գորիսի քաղաքապետի ընտրություններն են։ Ու՞մ եք վստահելու Գորիսի ապագան և ինչու։

-Սատարելու եմ Առուշ Առուշանյանին։ Ամոթ է եթե նրան չսատարենք։ Նա փրկիչ չէ, նա էլ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը, բայց այս պահին Սյունիքի համար չափազանց կարևոր է միասնականությունը։ Ես չեմ կարող սատարել այն գորիսեցուն, ով միանում է այն քարոզին, թե թուքերը կանգնած են ադրեջանական հողում։ Չկա մեկը, որ կարող է ասել մեր գիտական ուսումնասիրությունները սխալ են։ Իսկ այդ գիտականության մյուս կողմում կանգնած են զուտ իշխանության ձգտող մարդիկ, որոնք որևէ ազգային արժեք չեն ստեղծել և հիմա նրանց կողքին կանգնել զուտ իշխանական նպատակներով՝ ամոթ է։

Հարցազրույցը վարեց Կարինե Սիմոնյանը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել