Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երազանք ու շատ սեր է պետք ունենալ ներսում. Շանթ Հովհաննիսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
17 Views

ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը դադարեցրել է գործունեությունը։ Պատճառների, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի զարգացման դժվարությունների և սպասվող ծրագրերի մասին խոսել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանի հետ։

Պարոն Հովհաննիսյան, հասարակության կյանքում ինչ խնդիր է լուծում թատրոնը

– Թատրոնը արժեքներ ու մարդկային բարձր հատկանիշներ փոխանցող այն միջավայն է, որտեղ ձևավորվում է մարդը, քաղաքացին ու մտավորականը, որոնք էլ պետք է առաջնորդեն նույն այդ հասարակությանը։ Ցավոք ժամանցային տարրերը մտան մեր կյանք ու իրական մշակույթը սկսեց տեղի տալ։ Ես միշտ եմ եղել այն կարծիքին, որ բարձր արվեստը պետք է պարտադրել։ Վաղ հասակից թատրոն հաճախել, լավ երաժշտություն լսել, լավ համերգի գնալ սովորեցնելը ոչ միայն ծնողի դաստիարակության խնդիրն է, այլ նաև պետության հոգսն է։ Անկիրթ հասարակությունը շատ հնարավոր է, որ քաոսային իրավիճակ ստեղծի։

Իսկ ինչպե՞ս հրապուրել երիտասարդին։ Հնարավո՞ր է հին գործերով հետաքրքրություն առաջացնել մոդեռնիզացիայի մեր ժամանակներում

-Ցավոտ կողմերից մեկն էլ դա է, որ տուրք տվեցինք գլոբալիզացիային, ոտատակ ընկանք ու կորցրինք արժեքայինը։ Ձևավորվում է սպառողական հասարակություն, որպեսզի բիզնես շահ փնտրողները սպառեն իրենց արտադրանքը։ Ես հետևում եմ հանդիսատեսի ռեակցիային։ Մեծ մասը հոգնում է և չի փորձում նյութի մեջ մտնել։ Մատուցման ձևն ենք փորձում փոխել ժամանցային տարրեր մտցնել , որ գրավիչ դառնա։ Հետո նոր ասելիքը տողատակով, երկրորդ պլանով հասցնել, որը ավելի դժվար է մեզ համար։ Մենք ունենք պատմական էջեր, հաղթական էջեր, թագավորական շրջաններ, այսինքն նույնիսկ մեր պատմությունը պետք է լուսաբանվի։ Շատ անգամ մեր սերունդը իսկապես ծանոթ չի պատմությանը, դրա համար իրենց կողմնորոշումը ցաքուցրիվ է։

Գորիսում ի՞նչ քայլեր եք անում որպեսզի ճիշտ գործերով կրթվի հասարակությունը

– Մենք էլ փորձում ենք ժամանակակից գործեր, կատակերգություններ ընտրել, որոնք նաև ուսուցողական են։ Բեմադրում ենք նաև դասականների գործերից, Մուրացանի «Ռուզան»-ն ենք արել, Թումանյանի հեքիաթները։ Մյուս գործը Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն»-ն է։ Սկզբում մտածեցինք ողբերգության վրա շեշտադրում չանել, հետո հասկացանք, որ մարդիկ շվարած վիճակում ուզում են հասկանալ, թե ինչ կատարվեց մեզ հետ։ Մենք փորձում ենք հիշեցնել, որ նույնը եղել է 100 տարի առաջ։ Շուտով կունենանք պրեմիերա։ Ընտրել ենք այսօրվա համար շատ արդիական թեմա, երբ հասարակության տարբեր մտածողության մարդիկ բախվում են նույն խնդրին, բայց բոլորը նայում են տարբեր ուղղությամբ։ Ամեն մեկը իր պրոբլեմն է առաջ քաշում, արդյունքում ընդանուրն են կորցնում։

Կարիերան շարունակելու հնարավորություն ունեցել եք և՛ Երևանում, և՛ արտերկրում, բայց վերադարձել եք Գորիս։ Որն՞ էր Ձեր մոտիվացիան և ամենամեծ դժվարությունը։

Մոտիվացիան ինչ-որ մի բան ավելացնել, փոխել ու մթնոլորտ ձևավորելն էր։ Բնականաբար հիասթափության րոպեներ նույնիսկ օրեր շատ եմ ունենում։ Այդքան երիտասարդների օգնեցի, որպեսզի Երևանում ուսանեն, կորիզ հավաքեմ ու ապրեցնեմ թատրոնը, բայց տեսնում ես, որ կենցաղային հարցեր լուծելու համար հեշտ հրաժարվում են մեծ գաղափարներից։ Երբեմն պարտադրել էլ չես կարող, բայց ես իմ երիտասարդ տարիներին այդ դժվարությունները հաղթահարեցի ինքս իմ մեջ։ Երևի երազանք պիտի ունենաս։ Սերը շատ ավելի պիտի լինի։ Գորիսի դրամատիկական թատրոնում կան դերասաններ այսօրվա սահմանամերձ գյուղերից, որոնք ունեն կացարանի հարց։ Դրա մասին իրենք են հոգում։ Այսինքն՝ աջակցություն նույնպես չկա։ Մեծապատիվ մուրացկանների նման թատրոն չեն պահում, որ գնաս խնդրես։ Դա պիտի լինի քաղաքականություն։

ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը դադարեցրեց գործունեությունը։ Ի՞նչը չբավարարեց շարունակել կրթել երիտասարդ թատերասերների։

Տարիներ շարունակ սուղ ֆինանսական պայմաններում մի կերպ համոզել եմ դասախոսներին կոպեկներով աշխատել։ 25 հոգուց ավելի կուրս երբեք չի ձևավորվել։ Գյուղեգյուղ ընկնելով շրջանավարտներ եմ գտել։ Հետզհետե սկսեց քչանալ ուսանողների քանակը, պետպատվերի տեղերն էլ քիչ էր ու հնարավոր չէր այդ գումարներով մասնաճյուղ պահել։ 20 տարվա ընթացքում 80-ից ավելի շրջանավարտ ունեցանք։ Մեր ուսանողները աշխատում են Կապանի, Շուշիի, Ստեփանակերտի թատրոններում։ Այսինքն տարածաշրջանի համար կարևոր գործ արվեց, ես գոհ եմ։


Թատրոնի զարգացման համար ի՞նչ նպատակներ ունեք։ Որո՞նք են առաջիկա պլանները։

– Հիմա փորձում ենք տիկնիկային թատրոնը զարգացնել ու փոքրիկ թատերական ստուդիա ձևավորել, որովհետև գեղագիտությունը, թատրոնի նկատմամբ սերը փոքրուց պետք է ձևավորվի։ Լավ ծրագիր ունենք դպրոցների հետ։ 11 դպրոցներում թատերական խմբեր պետք է ձևավորենք։ Մեր թատրոնի դերասան-ռեժիսորներով հանդիպումներ ենք ունենալու Գորիսի տարբեր դպրոցներում ու տեղում բեմադրություն անելու, աշխատելու պիեսի վրա, ձևավորելու կերպարային մտածողություն։ Վերջում եթե պատրաստ լինեն իրենց բեմադրությունները անել, փառատոն կկազմակերպենք և կընտրենք լավագույններին։

-Չնայած դժվարություներին, ամեն դեպքում մնալու՞ եք Գորիսում․

Եթե 20-25 տարի էստեղ եմ, երիտասարդությունս էստեղ անցավ աբսուրդ կլինի այսքանը թողնել ։ Գոնե մինչև վերջ պիտի անեմ այն ինչ կարողանում եմ։ Չհանձնվել։

Հարցազրույցը վարեց Կարինե Սիմոնյանը




Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել