Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Բակունցի տուն-թանգարանը Սյունիքի ամենանշանավոր մշակութային օջախներից մեկն է. Վարդան Սարգսյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
21 Views

Ակսել Բակունցի տուն-թանգարանի կայացման ճանապարհի, հասարակության մշակութային կյանքում նրա ունեցած դերի մասին զրուցել ենք տուն-թանգարանի տնօրեն, արձակագիր Վարդան Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, Դուք ղեկավարում եք Ակսել Բակունցի տուն-թանգարանը: Երբվանի՞ց եք ստանձնել այդ պաշտոնը և ի՞նչ մարտահրավերներ կային Ձեր առջև սկզբնական շրջանում:

– Ստանձնել եմ 2011թ., և նույն ժամանակահատվածում թանգարանում տեղի էին ունենում լայնածավալ վերանորոգման աշխատանքներ: Մեզ հաջողվեց զուգահեռ փոփոխություններ իրականացնել աշխատանքների մեջ, քանի որ բաներ կային, որ նախատեսված չէր, և անհրաժեշտ էր դրանք ավելացնել կատարվող աշխատանքների նախագծային պլանների մեջ։ Արդյունքում ունեցանք ավելի բարվոք վիճակ: Թանգարանի հիմնանորոգումից հետո մենք շարունակական լուծեցինք այլ խնդիրներ նույնպես, ունեցանք ջեռուցման համակարգ, այգու պատնեշի կառուցում, անվտանգության համակարգերի նորացում, և այն ամենը, ինչը անհրաժեշտ էր թանգարանի բնականոն գործունեության համար։ Այդ ընթացիկ երկու-երեք տարվա մեջ ամեն ինչ ունեցանք, և թանգարանը այժմ չունի ոչ մի էական խնդիր եւ արդեն տարիներ շարունակ սպասարկում է և տարածաշրջանի, և արտերկրից ժամանած զբոսաշրջիկների:

– Այսինքն, թանգարանի հիմնական այցելուները զբոսաշրջիկնե՞րն են:

– Բնականաբար, նաև հատկապես վերջին տարվա ընթացքում, հետպատերազմյան շրջանում ներքին զբոսաշրջությունն է, իհարկե նաև աշակերտությունը՝ ամբողջ հանրապետությունով մեկ. աշխարհագրությունը տարածվում է և Հայաստան, և Արցախ, և Ջավախք:

– Բացի շենքային պայմանների բարելավումից, թանգարանի կայացման գործում ի՞նչ աշխատանքներ են կատարվել և դեռ շարունակվում են կատարվել:

– Թանգարանի կոլեկտիվի գերխնդիրներից մեկը Ակսել Բակունցի հիշատակի հուշարձանացման շարունակականությունն է: Այդ ընթացքում որոշ ձեռքբերումներ ունենք, ունենք նաև առաջադրանքներ, որ նպատակասլաց ուզում ենք հասնել դրան: Գիտեք, որ Ակսել Բակունցը ընդամենը 38 տարի է ապրել՝ դառնալով ավտորիտարիզմի՝ ստալինյան բռնատիրության զոհը, նաև լինելով հայ արձակի ամենավառ, երևելի դեմքերից մեկը։ Մեր նպատակն է նրա գործերի հանրայնացումը: Օրինակ՝ մենք 2015թ. նրա տան անմիջապես փողոցահայաց պատի տակ տեղադրել ենք նրա հուշարձանը: 2019թ.՝ ծննդյան 120-ամյակի կապակցությամբ մեզ հաջողվել է կազմակերպել և հուշատախտակ տեղադրել Խարկովի Դոկուչաևի անվան գյուղատնտեսական համալսարանում: Գորիսից պատվիրակություն է մասնակցել նահանգային մակարդակով իրականացված այդ միջոցառմանը: Նաև նույն տարում Գորիսի մեջ հուշատախտակ է տեղադրվել այն դպրոցի պատին, որտեղ Բակունցը տարրական կրթություն է ստացել:

Դժբախտաբար Բակունցը մինչ այժմ հուշարձան չունի մայրաքաղաքում, հանիրավի: Որպես գաղտնիք չասեմ, մենք ջանում ենք, և դա ընթացքի մեջ է, որոշ հաջողություններ արդեն ունենք, մոտ ժամանակներում Երևանում տեսնել Ա. Բակունցի՝ նրա անվանը արժանի հուշարձան:

– Ի՞նչ դեր ունի թանգարանը հասարակության շրջանում ընթերցանության հանդեպ սեր սերմանելու, մարդու դաստիարակության հարցում:

– Ընթերցանությունը մի քիչ ավելի ծավալով փոքր հասկացություն է: Բակունցն ավելին է, քան գրականությունը կամ ընթերցանությունը: Նա մեծ երևույթ է, և թանգարանը, որ արդեն գոյություն ունի հիսուն տարուց ավելի, գերնպատակ ունի, որպես մշակութային օջախ, մշակույթի, լուսավորության ջահը բարձր պահել ու հասարակությանը կրթելը: Դա մեր գլխավոր ուղենիշն է, և մեր ուժերի ներածին չափով ջանում ենք դա անել: Թանգարան ամեն տարի այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ, այցելուներ, թանգարանի մեջ տեղի են ունեցել բազմաթիվ բաց դասեր, գիտաժողովներ, լսումներ, կլոր սեղաններ, գրքի շնորհանդեսներ և տարաբնույթ միջոցառումներ, որի նպատակը մշակութային կյանքի ակտիվացումն է և քաղաքում, և տարածաշրջանում, և ընդհանրապես: Փաստորեն, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Բակունցի տուն-թանգարանը Սյունիքի ամենանշանավոր մշակութային օջախներից մեկն է և պատվով փորձում է այդ առաքելությունը առաջ տանել:

– Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք թանգարանի գործունեությունից:

– Ամեն րոպե կարող եք հանդիպել այնպիսի մարդկանց, որ երբևէ ձեր մտքով չի անցնի, և համեստ մի այցելու վերջում կարող է ձեզ անցաթուղթ մեկնել, և դուք կտեսնեք, որ նա միջազգային բարձր գիտական կառույցների, ակադեմիաների ակադեմիկոս է, կամ մշակույթի նշանավոր գործիչ է կամ քաղաքական գործիչ է: Թանգարանը ոչ միայն Բակունց է ներկայացնում, այլ նաև Գորիսը, և ոչ միայն Գորիսը, այլև՝ Հայաստանը: Սյունիքի կենցաղը, Սյունիքի հյուրասիրությունը, ընդհանրապես մեր արժեքները հաճախ մենք կամա-ակամա ներկայացնում ենք արտասահմանյան զբոսաշրջիկներին և այցելուներին: Եվ հաճախ է եղել, որ նման մարդիկ մեծարանքով, գովեստով, շնորհակալությամբ են վերաբերվել պարզապես մեր անկեղծ վերաբերմունքից: Օրինակ՝ Ամերիկայի դեսպանն է այցելել և այցեքարտ է թողել, Հայաստանի նախագահն է այցելել երկրորդ անգամ, և երկրորդ անգամ այցելել է այն բանի համար, որ առաջին անգամ իրեն շատ հաճելի է եղել մեզ մոտ: Ավրորա մրցանակաբաշխության մրցանակակիրը եղել է մեզ մոտ և հիացած հեռացել է՝ իհարկե թողնելով հուշամատյանում գրառում: Եվ այդպես շարունակ:

Լուսանկարները՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից

Հարցազրույցը վարեց Տաթև Տոնոյանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել