Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ վտանգներ սպասել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններից. Վարդան Ոսկանյանը պարզաբանում է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա ընդգծեց՝ խոսքը, նախ և առաջ, այն հանգամանքի մասին է, որ թալիբների իշխանության գալով՝ միջազգային ահաբեկչական կառույցները կարող են ոգեշնչվել և ակտիվացնել իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում:

«Երկրորդ՝ Աֆղանստանը կարող է այդ ահաբեկիչների համար դառնալ կարևոր հանգրվան, իսկ մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմի ցավալի փորձը ցույց տվեց, թե ինչպիսի բացասական դերակատարություն կարող են ունենալ այդ նույն ահաբեկիչները հենց հարավկովկասյան տարածաշրջանում: Հետևաբար՝ այս իմաստով որոշակի ռիսկեր առկա են, բայց դրանք չափազանցնելն էլ սխալ կլինի: Ակնհայտ է, որ Աֆղանստանի տարածքը եթե ամբողջությամբ չվերահսկվի թալիբների կողմից, կամ Աֆղանստանը չունենա կենտրոնացված իշխանություն, ապա հնարավոր հայ-ադրբեջանական բախման պարագայում այստեղից կարող են հավաքագրվել նաև վարձկաններ, որոնց ներկայությունը բացասաբար կարող է անդրադառնալ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից: Ուստի, այս համատեքստում որոշակի ռիսկեր կան»,- ասաց նա:

Իրանագետը գործընթացը դիտարկում է մեկ այլ հարթությունից ևս. «Եթե թալիբները բախվեն Թուրքիայի հետ (գիտեք՝ էրդողանական վարչախումբը ձգտում էր Քաբուլի օդանավակայանը պահել իր ռազմական վերահսկողության տակ), ապա ակնհայտ է, որ Թուրքիան ստիպված կլինի լրացուցիչ ռեսուրսներ ծախսել՝ աֆղանական ուղղությամբ: Եվ, բնականաբար, որքան շատ է թշնամական պետությունը տարբեր ուղղություններով ծախսում իր ռեսուրսները, փորձելով դիմագրավել առկա մարտահրավերներին, այնքան քիչ ռեսուրսներ են մնում Հայաստանի նկատմամբ օգտագործելու համար: Բայց սա նույնպես թեական խնդիր է, որովհետև կարծես թե թուրքական զորամիավորումներն էլ պետք է դուրս գան Աֆղանստանից: Այսուհանդերձ, իրավիճակը պարունակում է թե՛ որոշակի ռիսկեր, մարտահրավերներ, թե՛ որոշակի հնարավորություններ, եթե դրանք կարելի է, ընդհանրապես, հնարավորություններ կոչել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Էրդողանի վարչակարգն ու թալիբները պայմանավորվածության գնան Աֆղանստանում, նա պատասխանեց. «Վստահաբար, նման փորձ էրդողանական վարչախումբն անելու է, և դրան հասնելու համար կա երկու ճանապարհ. կա՛մ ուղղակի պայմանավորվել թալիբների հետ, որքանով դա հաջող կլինի՝ այլ խնդիր է, կա՛մ էլ օգտվել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերից, որովհետև Թուրքիան ունի շատ լավ հարաբերություններ այս երկու պետությունների հետ, իսկ Կատարը և Պակիստանը թալիբներին աջակցող պետություններից են, և թալիբների վրա բավական մեծ ազդեցություն ունեցող պետություններից, հատկապես խոսքը Կատարի մասին է:

«Թալիբան»-ի առաջնորդ Բարադարն այս ողջ ընթացքում գտնվում էր Կատարի մայրաքաղաք Դոհայում և այնտեղից է վերադարձել Քաբուլ, և նաև գաղափարական, նյութատեխնիկական առումներով է Կատարն աջակցել «Թալիբանին», և ամենակարևորը՝ ինֆորմացիոն օժանդակություն է տրամադրվել «Թալիբանին», ուստի՝ Թուրքիան կփորձի օգտագործել նաև այս պետությունների խողովակները: Եթե թուրքական զորամիավորումը մնա կամ դուրս գա (կարծում եմ՝ երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական է, եթե մինչև այժմ արդեն դուրս չի եկել, որովհետև մենք չունենք հստակ տեղեկատվություն այդ մասին), ապա կարծում եմ` այս երկու պետությունների միջև հարաբերությունները կարող են որոշակի նորմալացման հունով գնալ, կամ այլ խոսքերով՝ թալիբանական ռեժիմի և էրդողանական վարչախմբի միջև կարող են նորմալ հարաբերություններ գոյություն ունենալ:

Եթե ոչ, ապա այդ հարաբերությունները կմնան լարված, և նաև լարման աղբյուր կարող է դառնալ այն հանգամանքը, որ Թուրքիան փաստացիորեն պատ է կառուցում Իրանի հետ իր սահմանի երկայնքով՝ խուսափելու համար աֆղանցի ներգաղթյալների մուտքից, վախենալով այն հանգամանքից, որ այդ ներգաղթյալների շարքերում կարող են նաև «Թալիբանի» աջակիցներ լինել, որոնք Թուրքիայի ներսում կարող են գնալ որոշակի գործողությունների»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել