Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իբրև խոսք հրաժեշտի Սամվել Հովսեփյանի մասին. Գագիկ Հայրումյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

ԻԲՐԵՎ ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ

Վաղ առավոտյան հասած լուրն անսպասելի չէր, բայց ողջ օրը սեղմեց մամլիչի պես ու դատարկության պատրանք ստեղծեց: Գորիս-Երևան ճանապարհին էլ լուռ էի՝ պարուրված խառը մտքերով ու հիշողություններով: Տեղեկությունները մեր ընկերոջ՝ Սամվել Հովսեփյանի մասին, որը մեկ ամսից ավելի Մոսկվայի մասնագիտացված հիվանդանոցներից մեկում պայքարում էր և բուժվում էր թագավարակի դեմ, ստանում և տղաներով իրար էինք փոխանցում գրեթե ամեն օր, և… քիչ էին հուսադրող լուրերը… Հիմա էլ… Չկա մեր «Մորուքավոր պրոֆեսորը»… Թվում է, աշխարհի մի մասը սելավը քշել-տարել է, և մենք՝ ես ու իմ ընկերները, անօգնական կանգնած ենք այդ վիհի եզրին…

Դպրոցն ավարտելուց 55 տարի է անցել: Բացի «մութ ու ցուրտ» ժամանակներից, ողջ դասարանով հանդիպել ենք ամեն հինգ տարին մեկ՝ Գորիսում: 40-ամյակի առաջին հանդիպումն էլ, Մոսկվայում բնակվողներով, եղավ Մերձմոսկովյան «Сказка» ռեստորանային համալիրում՝ 2006-ի հունիսին: Այստեղից էլ նոր որակումներ ստացան ընկերության, եղբայրության ու բարեկամության չափորոշիչները: Արդեն ամեն ինչ միասին ու մեկը մյուսով էր. հոբելյանների, ծննդյան ու տոն օրերի, ընտանեկան կարևորագույն իրադարձությունների՝ հարսանիքների, կնունքների, պապիկ ու տատիկ դառնալու օծման արարողակարգի, Մոսկվա եկած մեր ընկերներին ընդունելու և ճանապարհելու, տասնյակ այլ լսված ու չլսված հավաքույթների կազմակերպումը: Ունեինք համատեղ ճանապարհորդելու օրեր, հնարավորինս միասին էինք մեկնում նաև առողջարաններ ու հանգստյան տներ: …Երբ ծնվեց մեր շրջանավարտների համացանցային կայքը ստեղծելու գաղափարը՝ Սամվել Հովսեփյանը դարձավ ոչ միայն դրա ստեղծման ջատագովը, այլև իր վրա վերցրեց «goris266.ru» կայքի պարբերական լրացման և թարմացման խնդիրը:

Բոլոր ճամփորդություններն էլ հետաքրքիր ու տպավորիչ էին, բայց Սամվելն ամեն առիթով խնդրում և պահանջում էր գտնել և այցելել մեր ռուսերենի ուսուցչուհի Բոգոմոլովա Տատյանա Նիկոլաևնային: Գյուղի դպրոցում Սամվելը ռուսաց լեզու չէր անցել, նրան իններորդ դասարանից ռուսերեն սովորեցրել էր Տատյանա Նիկոլաևնան: Մեր հարգարժան ուսուցչուհուն գտանք Տվերում: Հաջորդ ճամփորդության երթուղին արդեն պարզ էր: Տոնական սեղան բացեցինք հյուրանոցի ռեստորանի փոքր դահլիճում, և պատվիրակությունը ծաղիկներով գնաց նրա և ամուսնու՝ հարգարժան Զավեն Տիգրանիչի ետևից: Ռեստորանի մեծ սրահում հարսանիք էր: Իմանալով, որ Հայաստանից մի ողջ դասարան եկել է հանդիպելու իրենց ռուսաց լեզվի ուսուցչուհուն, հարսանիքը (հարս ու փեսայով) աստիճանաբար տեղափոխվեց փոքր դահլիճ… Օրեր անց էլ մարզային «Тверская жизнь» թերթը «Մեր երիտասարդության Տատյանան» վերնագրով մի ընդարձակ հոդված ու լուսանկարներ տպագրեց այդ հանդիպման մասին:

Դրսում ապրող «մերոնք» գիտեն, որ սեպտեմբերի 2-5-ը Հայաստանում լինելու մեկնարկային օրերն են: Սամվելը վերջին անգամ Հայաստան եկավ 2019-ին, համավարակից առաջ: Ամենակարևորն, իհարկե, գորիսյան ճամփորդությունն էր: Մենք եղանք Նորավանքում, Խնձորեսկում, ունեցանք սպասվող ու չպլանավորված հանդիպումներ… Երևան մեկնելուց առաջ պիտի էլի կարևոր այցելություն կատարեինք, բայց առավոտյան Սամվելը զանգեց, ասաց, որ քեռու տղան համաձայնվել է «Նիվա» մեքենայով իրեն տանել ձորում լքված Մաղանջուղ-Այգեձոր հայրենի գյուղը: Ես ցանկություն հայտնեցի միանալ նրանց: Սլավիկը, որ թեև Գորիսում է բնակվում, այս ձորերի ամեն քար ու թփին տեղյակ և տարեկան մի քանի անգամ լքված գյուղ այցելող եզակի մաղանջուղեցիներից է: Նա լավ վարորդ լինելուց բացի մեղվաբույծ է և գիտակ ուղեկցող: Մեզ հետ էր նաև նրա քույրը՝ Ռիման: Անցնելով Գորիսի հին օդանավակայանի թռիչքուղու տարածքը հարող հարթությունը՝ դաշտամիջյան ճանապարհով հասանք ձորաբերանին: Մեքենան փնչալով, փոշու ամպ բարձրացնելով իջնում էր հավանաբար կես դարից ավել չմաքրված նեղ, ոլորապտույտ ճանապարհ կոչվածով: Սամվելի հետ որոշեցինք թողնել մեքենան և ձորն իջնել ոտքով: Հասանք գյուղի ավերակներին: Սամվելը եղավ իրենց կամարակապ մուտքով կիսաքանդ տանը, մտավ դպրոցի քանդված պատերից ներս, ակումբի շենք, ջուր խմեցինք ճամփեզրի մաղանջուղյան հայտնի ջրից: Հետո իջանք ձորի գերեզմանոցները: Այստեղ 16-րդ դարում կառուցված մի փոքրիկ գեղեցիկ եկեղեցի կա՝ Սբ. Հռիփսիմե անվամբ, որը ժամանակին գլխավոր սրբավայր է եղել նաև կողքի բնակավայրերի համար: Ափսոսացինք, որ մոմ չենք վերցրել: Մաքրեցինք եկեղեցու մուտքը և ներս մտանք: Գերեզմանատանը Սամվելը փնտրեց և գտավ պապ Մանուչար Բաղդաասարյանի գերեզմանը, ծաղիկներ դրեց հուշաքարի պատվանդանին: Երբ դուրս եկանք ձորից, աղբյուրի մոտ, մեքենայի շարժիչի ծալովի կափարիչին տիկին Ռիման արդեն սեղան էր բացել… Լուռ մի-մի բաժակ թթի օղի խմեցինք աղբյուրի առատ հոսքում Սլավիկի սառեզրած շշից: Տխուր էր… Ետդարձի ճանապարհին լուռ էինք… Մենք իջանք ձորը, անցանք հին կամուրջը, և վերելքի ուղին տարավ ձորի մյուս կողմով՝ Քարահունջի ուղղությամբ…

Փորձում եմ հրաժեշտի խոսք գրել Սամվել Հովսեփյանի մասին, և իմ ուղեղում իր հայրենի ավերված Մաղանջուղ կատարած վերջին ճամփորդության խառը կադրերն են միայն… Գուցե դա հենց հրաժե՞շտ էր…

…Իմ արխիվային սկվառակներում փնտրեցի ու գտա այդ օրերի լուսանկարները…

Սամվել Թևատրոսի Հովսեփյան

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 28-ին, Գորիսի շջանի Մաղանջուղ (Այգեձոր) գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի 8-ամյա (1962), Գորիսի թիվ 2 միջ. (1966, ոսկե մեդալ) դպրոցները, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1971, տեսական ֆիզիկայի ամբիոն, գերազանցության դիպլոմ): 1973-1976 թթ. եղել է ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ: 1982-ին պաշտպանել է թեկնածուական թեզը, ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դասավանդել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում (1971-1973): 1976-ից աշխատել է ԵՊՀ-ին կից «Լազերային տեխնիկա» ԳԱ միավորումում. կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, իսկ 1988-2005 թթ.՝ տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ: Զուգահեռաբար դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային էլեկտրոնիկայի և բյուրեղների աճի ամբիոնում: Եղել է «Լազերային Տեխնիկա» ԳԱ միավորման և ԵՊՀ մեծ գիտական խորհուրդների անդամ: 2005-ին տեղափոխվել է ՌԴ, աշխատել է գործարար կառույցներում, շուրջ երկու տասնամյակ Գերմանիայից ու Իտալայից ջեռուցման և սանտեխնիկայի համակարգեր ներկրող «ԱՐ-Սերվիս» ձեռնարկության (Մոսկվա) փոխտնօրենն էր:

Բառերով դժվար է նկարագրել Սամվել Հովսեփյանի արժանիքներն իբրև հայ մարդու, քաղաքացու, աշխատողի, ղեկավարի, գիտնականի, մանկավարժի, մասնագետի, ամուսնու, հոր, եղբոր, բարեկամի, ընկերոջ… Այդ ամենն արդեն քաղցր հուշ է… Ցավակցում ենք տիկնոջը՝ Գայանեին, որդուն՝ Վահագնին, բոլոր հարազատներին ու ընկերներին…

Երկնային արքայություն մահվան ճիրաններում տառապած մեր ընկերոջը…

Գագիկ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել