Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կրթական ոլորտը հանձնվել է տարատեսակ ֆոնդերից սնվող կատարածուներին և օտարի քաղաքական պատվերը կատարող կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչներին. Աննա Աղլամազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Նկարում մեր դասագրքերն են՝ Հասարակագիտություն, Աշխարհագրություն․․․ Կարող ենք ենթադրել, որ արկղում կան նաև Հայոց պատմության և Գրականության դասագրքերը 🙂

Ինչպես տեսնում եք, նկարը վերցրել եմ Ջորջ Էքերտի անվան ինստիտուտի ֆեյսբուքյան էջից (2019 թ․ հոկտեմբեր)։ Այստեղ նրանք ուրախությամբ նշում են, որ նոր գրքեր են ստացել իրենց գրադարանի համար։ (https://www.facebook.com/GeorgEckertInstitut/posts/2753293441349581)

Էքերտի անվան ինստիտուտը գտնվում է Գերմանիայում, զբաղվում է աշխարհի տարբեր երկրների դասագրքերի հետազոտություններով (այո՛, մի ամբողջ կառույց զբաղվում է միայն դասագրքերի վերլուծությամբ) և սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի հետ (Council of Europe)։ Այս ինստիտուտի կայքում հրապարակված նյութերում անդրադարձ կա թե՛ Հայաստանին, թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։

Նշված ծրագրերի շրջանակներում հոդվածներ ունի տպագրած Միքայել Զոլյանը (2009 և 2016 թվականներին)։ 2016 թվականի գիտաժողովին մասնակցել են նաեւ Ֆիլիպ Գամաղելյանը և Մարիա Կարապետյանը։

Հիշեցնեմ, որ Միքայել Զոլյանը եւ Մարիա Կարապետյանը 2018 թ․-ից հետո դարձան ԱԺ պատգամավորներ։

Ի դեպ, Էքերտի անվան ինստիտուտի գործընկերների շարքում նշված է նաև «Իմեջին» կենտրոնը: Ովքեր չգիտեն ասեմ, որ Մարիա Կարապետյանը 2011-2018 թթ․-ին եղել է «Իմեջին» կոնֆլիկտների վերափոխման կենտրոնի զարգացման գծով տնօրենը։

Էքերտի անվան ինստիտուտի ծրագրերից մեկի շրջանակներում Ցեղասպանության դասավանդման թեմայով հոդված (2016 թ․) է հրապարակել նաև Ջուլիետա Կճանյանը (ԵՊՀ, Համաշխարհային պատմության ամբիոն):

Հետաքրքրական են այս ծրագրերի շրջանակներում թուրք հեղինակների հրապարակած հոդվածները։ Քաներ Ուգյուզը 2006 թվականին անդրադարձել է մեզ համար կարևոր թեմայի, այն է՝ ինչպես ներառել Հայկական հարց թեման Թուրքիայի դպրոցական դասագրքերում։

Թուրքերի հետ գրված (արդեն բոլորիս հայտնի) գրքի հեղինակներից մեկը՝ Փինար Սայանը, իր հոդվածում քննում է քաղաքացիական կրթության հարցերը Հայաստանի և Թուրքիայի օրինակով։

Ա) Դասագրքերի կարեւորությունը հասկացել են ՇԱ՛Տ ԱՎԵԼԻ ՎԱՂՈՒՑ, քան մեզ թվում է

Կարևոր է նշել, որ դասագրքերը հետազոտելու և խմբագրելու այս ամբողջ շարժումն ամենևին նոր չէ։ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո՝ 1949 թվականից, պատմության դասավանդման հարցերը և պատմության դասագրքերի հետազոտությունները «հատուկ տեղ են գրավել Եվրոպայի խորհրդի ծրագրում»։ (Ստոբարտ, 1999, էջ 147)

Դասագրքերի հարցերով զբաղվում են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Համաշխարհային բանկը, Պատմություն դասավանդողների Եվրոպական ասոցիացիաների միությունը (ԵՎՐՈԿԼԻՈ) և այլն։

Հետաքրքրական է, որ ի սկզբանե այս կառույցները հիմնականում աշխատել են տարբեր երկրների Կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչների, պատմություն դասավանդողների, գրքերի հեղինակների հետ։ Իսկ ահա 90-ականների վերջում այս աշխատանքներում ներգրավվում են նաև հասարակական կազմակերպությունները (Ստոբարտ, 1999, էջ 150): Դժվար չէ կռահել, թե ինչու։

Բ) ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Մեզ համար այստեղ կարևոր մի հարց կա. մենք գիտե՞նք` ի՞նչ բովանդակությամբ հոդվածներ ու գրքեր են տպագրվում վերը նշված կառույցների «դիրիժորությամբ»։ Մենք գիտե՞նք` այդ աշխատանքներում տեղ գտնո՞ւմ են հակագիտական և հակահայկական թեզեր։ Ինձ չհաջողվեց գտնել որևէ փաստ, որ Հայաստանին վերաբերող նյութերն այստեղ` Հայաստանում վերլուծվում են, դրանց արդյունքները ներկայացվում են հանրությանը, էլ չեմ ասում այն մասին, որ դրանք ստանան արժանի հակահարված։

Փոխարենը, ծանոթացա, թե ինչ դիմադրություն է ցույց տալիս Իսրայելը, երբ այսօրինակ ծրագրերում հայտնաբերում է հակահրեական որևէ նյութ։ Այդպիսի մի դեպք կապված է հենց Էքերտ ինստիտուտի հետ։

Այսպես, այս ինստիտուտը հետազոտություն է կատարում, սակայն, ըստ իսրայելական կողմի, ճշգրիտ ու ամբողջական պատկեր չի ներկայացնում առ այն, թե ինչպես է Պաղեստինի հանրակրթական դպրոցներում մատուցվում իսրայելապաղեստինյան հակամարտությունը։ «Սխալների կատակերգություն»` այսպիսի որակում է տվել իսրայելական կողմն այդ հետազոտությանը՝ պնդելով, որ պաղեստինյան դասագրքերը չեն համապատասխանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած չափանիշներին։

https://www.jns.org/eu-study-examines-wrong-textbooks…/ ;

https://www.jpost.com/…/eu-study-finds-incitement-in…

Ինչ խոսք, Իսրայելում հրաշալի հասկանում են, որ պատերազմները լինում են նաև տեղեկատվական, ուստի այս հարցերը ինքնահոսի մատնված չեն։

Գ) Օտար ծրագրերը` ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ

Շարունակելով առանձնացնեմ չորս առանցքային կետեր.

1. Ո’չ ԵԽ-ն, ո’չ Համաշխարհային բանկը, ո’չ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատահական և «ձեռքի հետ» աշխատող կառույցներ չեն։ Ուստի, նմանօրինակ հետազոտություններն արտացոլում են այս կառույցների քաղաքական (և ոչ միայն քաղաքական) ակնկալիքներն ու պահանջները մեզնից։

2. Օտարներն ու թշնամիները հենց այս ծրագրերի միջոցով կարող են ճշտորեն ստուգել, թե ինչ տեղեկատվական ու գաղափարական պաշտպանվածություն ունի մեր երկիրը, որքանով ենք մենք ուշադիր, արձագանքո՞ւմ ենք, երբ հակագիտական և հակահայկական բովանդակությամբ որևէ նյութ է տպագրվում, թե՞ ոչ… Ըստ մեր հակազդեցության` նրանք անում են համապատասխան հետևությունները։

3. Հանգամանալից վերլուծությունը կարող է վեր հանել, թե որքանով է համընկնում/նույնանում Թուրքիայի և տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների վարած քաղաքականությունը մեր երկրի նկատմամբ։

4. Վերջապես, այլ երկրների օրինակների ուսումնասիրությունը կարող է արժեքավոր լինել մեզ համար։ Օրինակ, Հունաստանում պատմության դասագրքերի խմբագրման շուրջ տարիներ ձգվող բուռն բանավեճեր են եղել։ Այդ բարեփոխումներին ընդդիմացողները չորս հիմնական խնդիրներ են նշում՝ «ազգային ինքնության կորուստ», «պատմական ճշմարտության կորուստ», «առկա հակամարտության վրա եղած ազդեցություն» և «օտար շահերի սպասարկում» (Քրիստոդուլու, 2018)։ Ինչպես տեսնում եք, հույների գլխին կուտակված են ճի՛շտ նույն սև թեզերը։

Եթե այս կառույցների գործունեությանը համակարգված ձևով չենք հետևում, իսկ անհրաժեշտության դեպքում չենք հակադարձում, ապա ինչո՞ւ զարմանալ և զայրանալ, որ «հանկարծ» ծլեցին թուրքերի հետ ծրագրերի մասնակցող լիլիթ մկրտչյանները, ժաննա անդրեասյաններն ու տեր-գաբրիելյանները։

Դ) ԿԱՏԱՐԱԾՈՒՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻ

Խնամքով աճեցվեցին այս մարդիկ, և առաջին իսկ հնարավորության դեպքում անցան գործի։ Առաջին քայլը՞: Լուսանցք մղեցին հայաստանյան մասնագիտական կենտրոններին եւ չեզոքացրեցին նրանց մասնակցությունը մերօրյա կրթական ռեֆորմում։ Չմոռանանք, որ հանրակրթական նոր չափորոշիչներն ընդունվեցին այն պարագայում, երբ դրանք ամբողջությամբ մերժել էին այս հարցում կարևոր դեր ունեցող գիտական կառույցները՝ ԵՊՀ, Մանկավարժական համալսարան։ https://www.pastinfo.am/…/%D4%B5%D5%8A%D5%80…/1031599

https://news.am/arm/news/594898.html

Առնվազն 70 տարի շարունակվող կոնֆերանսների, գիտաժողովների և հանդիպումների այս խորապատկերն ուսումնասիրելիս ակամա հիշեցի Լիլիթ Մկրտչյանի հնչեցրած հարցադրումը, թե ինչպե՞ս չափել հայրենասիրությունը։ Տվե՛ք ինձ այդ գործիքը` անհամբեր բացականչում էր Մկրտչյանը։ Շատերս արդարացիորեն զայրացանք, թե ինչպե՞ս նման բան ասաց մեկը, ով պատասխանատու է միանգամից ՔՍԱՆ նոր դասագրքերի չափորոշիչների լրամշակման համար։ Բայց երևի քչերն ուշադրություն դարձրեցին Մկրտչյանի խոսքի շարունակությանը՝

«Այո՛, մենք կարող ենք դա դարձնել գիտակարգ, բայց մենք պետք է նստենք, պատմաբաններով, և դա գիտության խնդիրն է»։

https://youtu.be/xC_nglIjaes?t=840

Օտարի ձեռքին սոսկ կատարածու լինելու ինչպիսի՛ շքեղ խոստովանություն։ Մկրտչյանը երևի ուզում էր ասել, որ իրենք, իհարկե, կարող էին պատմաբաններով նստել և մշակել այդ ամենը, բայց իրենց ո՞վ էր թույլ տալու․․․ Չէ՞ որ նրանք այս պաշտոններում նշանակվեցին բոլորովին ա՛յլ նպատակով։ Մկրտչյանը նաև գիտի, որ չկա՛ որևէ օտար կառույց, որն այսօր հայրենասիրական դաստիարակություն է բերելու հայկական դպրոց կամ հայրենասիրությունը ձևակերպելու է որպես ամենօրյա «կոմպետենցիա»։ Այս գործն արվել է և պետք է արվի Հայաստանո՛ւմ։

Կազմակերպված աշխատանքով օտար և թշնամի կառույցները մեր երկրում գտան այն անձանց, ում ձեռքով մեկուսացրեցին հայաստանյան ակադեմիական և գիտական շրջանակներին։ Կրթական ոլորտը հանձնվեց տարատեսակ ֆոնդերից սնվող կատարածուներին և օտարի քաղաքական պատվերը կատարող կեղծ հայագիտական դպրոցի ներկայացուցիչներին։ Նրանք պնդում են` իբր եկել են մեզ հանելու տգիտության, առասպելների ու գավառամտության ճիրաններից։ Եվ արկղ-արկղ տանում են մեր պետականության բաղադրիչները, հետազոտում ու բարեկիրթ ժպիտները դեմքներին ետ գալիս՝ մեզ առաջարկելով հերթական օրակարգը կամ բարեփոխումը, որն աղերս չունի մեր առաջնահերթությունների հետ։

Այս ծամածռությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև ուժերի տիտանական լարումով մեզ հաջողվի ուղղել մեր ողնաշարը և ամրացնել մեր պետությունն այնպես, որ այն ամենուր և ամեն ժամ պաշտպանի հայ ժողովրդի շահերը, մինչև այն պահը, երբ վերջապես կարողանանք ձևակերպել և ունենալ մե՛ր օրակարգը։

#Կրթական_ռեֆորմ

#Կեղծ_լուսավորիչները

#Ազգային_անվտանգության_հայեցակարգ_ունենալու_հրամայականը

Աննա Աղլամազյանի ֆեյսբուքյան էջից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել