Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը այլեւս չի գործի. սովորող միակ ուսանողը կտեղափոխվի Երեւան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գորիսի մասնաճյուղը այլեւս չի գործի: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մասնաճյուղի փակումը գերատեսչությունը հիմնավորել է նրանով, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն:

Նշենք, որ ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղը 2004 թվականից բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցում Թատերական արվեստ մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով: 1-4-րդ կուրսերի համար լիցենզիայով նախատեսված է 9-ական սահմանային տեղ: Վերջին երկու ուսումնական տարում այստեղ ընդունելություն չի իրականացվել: Այս տարի Գորիսի մասնաճյուղն ուներ 4 ուսանող, որոցից 3-ն արդեն ավարտել են համալսարանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումյանից հետաքրքվեցի՞նք՝ ինքը տեղյա՞կ է նախարարության նախաձեռնությունից, մեր զրույցում նա նշեց՝ ոչ միայն տեղյակ է, այլեւ նախաձեռնողն ինքն է:

«Նպատակն ի սկզբանե փոքր-ինչ այլ էր: Քանի որ մասնաճյուղը շենք չուներ, դասապրոցեսը կազմակերպվում էր Գորիս քաղաքի թատրոնի շենքում, համապատասխան դասախոսական կազմ չկար, ուսանողները շատ քիչ էին, նպատակային տեղերի համար հիմնականում արցախցիներ էին դիմում: 2 տարի առաջ որոշեցինք մասնաճյուղը Շուշի տեղափոխել: Հայաստանի եւ Արցախի նախարարները համաձայնեցին, ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Շուշիում շենք, հանրակացարան, հյուրանոց կտրամադրվի: Եվ փաստորեն երկու տարի ընդունելություն չեղավ Գորիսի մասնաճյուղում, բայց դե տեսանք, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ. ո՞վ իմանար, որ երկու տարի անց այսպիսի փոփոխություններ են կատարվելու մեր Հայաստանում»,- նշեց ԵԹԿՊԻ ռեկտորը:

Հարցին՝ իսկ չէ՞ր կարելի արդյոք մտածել Գորիսում պայմանները բարելավելու, դասախոսական կազմը համալրելու ուղղությամբ, Լիլիթ Արզումանյանը պատասխանեց, որ որքան էլ ցավալի է, միեւնույնն է, Գորիսի մասնաճյուղն այդ վիճակով չէր կարող շարունակել գործունեությունը: Նշեց ՝ եթե ինստիտուտը կրթություն է տալիս, այն պետք է լավը լինի, չի կարելի մի կերպ, հազիվհազ այն կազմակերպել, ուսանողները պետք է լիարժեք կրթություն ստանան, իսկ Գորիսում լիարժեք կրթություն ապահվել չէին կարող:

Լիլիթ Արզումանյանը նշեց նաեւ, որ Գորիսի մասնաճյուղում անգամ տնօրեն չէին կարողանում նշանակել, տնօրենի պաշտոնակատար էր նշանակված, որովհետեւ ոչ ոք չէր բավարարում տնօրենին ներկայացվող չափանիշներին:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մասնաճյուղի համար գտնում են լավագույն շահը, հարմարեցնում են իրավիճակին, դասախոսական կազմին: Օրինակ՝ յուրովի փոփոխություններ արել են Վանաձորում, այդ մասնաճյուղից հանել են կինոյի բաժինը, քանի որ մասնաճյուղում ոչ մի տեսախցիկ չկա, թողել են ավելի նեղ մասնագիտական՝ պարարվեստ, դերասանական արվեստ ֆակուլտետները:

Լիլիթ Արզումանյանի խոսքով՝ ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի մեկ ուսանողը իր ուսումնառությունը կշարունակի Երեւանում, իսկ Գորիսի թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանի հետ քննարկում են, թե ինչ տարբերակներով կարող են շարունակել համագործակցությունը հետագա սերունդների կրթության շարունակականության համար:

Գորիսի՝ Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը, որ ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղի հիմնադրման տարիներից դասավանդել է այնտեղ, եղել է մասնաճյուղի տնօրեն, մեր զրույցում նշեց՝ կփորձի թատրոնին կից ստուդիա բացել, որ ստեղծագործական կազմը լրացնելու հնարավորություն ունենան, սերնդափոխության հարց լուծել:

Շանթ Հովհաննիսյանը նշեց, որ առհասարակ վերջին տարիներին դժվար էր մասնաճյուղի կոնտիգենտ հավաքել.

«Լավագույն կուրսը, որ հավաքել ենք, 10 հոգանոց էր, հետո կամաց- կամաց թվերը նվազեցին՝ 6, 5, 4: Ու հասկացանք, որ մասնաճյուղը մեկ բաժնով չի կարող գոյություն ունենալ, իսկ տարբեր բաժիններ բացելու համար համապատասխան մասնագետներ ապահովելու խնդիր կար: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք տարածաշրջանում լուրջ մասնագետներ չունենք, որ դրա վրա կարելի լինի հիմնվել եւ կուրսեր բացել. մայրաքաղաքից տարբեր մասնագետներ բերելը, նրանց համապատասխան պայմաններով ապահովելը ահռելի ծախսերի հետ է կապված: Փոքրիկ մասնաճյուղը չէր կարող ունենալ այդքան մեծ ֆինանսական հնարավորություններ»,- ասաց դերասանը՝ հավելով, որ այս տարի ընդամենը մեկ աղջիկ էր ցանկանում ընդունվել Գորիսի մասնաճյուղ, որին կրկին ուղղորդել են դեպի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ:

Շանթ Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ուսանողների քիչ դիմելությունը կապված է նաեւ տարածաշրջանի բնակիչների մենթալիտետի հետ.

«Կան շնորհալի երեխաներ, ովքեր այլ ոլորտներ են գնում, օրինակ՝ իրավաբանության, բժշկության եւ այլն, բայց արվեստի բնագավառում՝ մանավանդ դերասանության, այստեղ մի փոքր դժվար է»,-ասաց նա:

Գորիսի պետական դրամատիկական թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք նաեւ՝ դասախոսների բացը ինչու հնարավոր չէ լրացնել Գորիսի եւ Կապանի թատրոնների դերասանների հաշվին, որին նա պատասխանեց՝ մեկ բան է մանկավարժությունը, մեկ այլ բան՝ դերասանությունը. «Մասնագիտական առարկաների համար՝ բեմական խոսք, բեմական շարժում, թատրոնի պատմություն, գեղագիտություն եւ այլն, դասախոսներ հրավիրվում էինք մայր բուհից, իսկ հումանիտար առարկաներ եւ այլն մասնաճյուղում համատեղության կարգով դասավանդում էին տեղի համալսարանների դասախոսները»:

«Երեւանի թատրոնի եվ կինոյի պետական ինստիտուտ»-ի Գորիսի մասնաճյուղի ներկայիս միակ ուսանողուհին՝ Լիանա Աթայանը, որ անվճար սովորում է «Դերասանական արվեստ» ֆակուլտետի 4-րդ կուրսում, մեզ հետ զրույցում նշեց, որ մասնաճյուղը փակելու որոշումն ինքն անձամբ ծանր է տարել:

Լիանայի խոսքով՝ ի տարբերություն Երեւանում գործող բուհի, Գորիսի մասնաճյուղի ընձեռած հնարավորություններն ավելի շատ են, օրինակ՝ այն, որ ուսանողներն հենց Գորիսի թատրոնում ամեն տարի պրակտիկա անցնելու հնարավորություն ունեն:

Մեզ հետ զրույցում ապագա դերասանուհին անկեղծացավ՝ ի սկզբանե ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ Երևանում, սակայն ուսուցիչների հետ խորհրդակցելով՝ հստակ որոշեց՝ պետք է դիմի Գորիսի մասնաճյուղ, որ համայնքում զարգացնի թատերական արվեստն ու մշակութային կյանքը:

Նրա կարծիքով՝ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ դիմում են հիմնականում նրանք, ովքեր ավելի շատ ուզում են հայտնի դառնալ կինոյի ասպարեզում, իսկ ինքը հստակ ցանկացել է Գորիսի Վաղարշյան թատրոնի հետ առնչություն ունենալ, եւ իրեն բոլորովին չի կաշկանդել, որ ԵԹԿՊ-ի Գորիսի մասնաճյուղի 2018 թ.-ի միակ դիմորդն է եղել:

Նա, սակայն, նշում է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ դասերն անցկացվել են հավուր պատշաճի, կազմակերպվածության հետ խնդիրներ չեն եղել, ուսանողներին դասավանդել են Երեւանից Գորիս տեղափոխված դասախոսները, երբեմն ուսանողներն իրենք են գնացել Երեւան՝ դասախոսություններ լսելու համար:

«Ամեն հնարավորություն մեզ տրված էր, ամեն ինչ կազմակերպվում էր շատ լավ»,- նշեց նա:

Ապագա դերասանուհին հետագա ուսումնառության մասին նշում է, որ օդում կախված չէ. չնայած որոշակի ֆինանսական դժվարություններին՝ կտեղափոխվի Երեւան, առաջին կիսամյակը կսովորի Երեւանում, սակայն մեծ ցանկություն ունի, որ դիպլոմային աշխատանքի ղեկավարը լինի հենց Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:

«Իհարկե, դժվար է, եւ զգացողություններս՝ իրարամերժ. նոր միջավայր, նոր մարդիկ: Երբ մի բանին կապվում ես սրտանց, բաժանումն էլ դժվար է,- ասում է Լիանան,- մի բան հաստատ գիտեմ՝ չեմ լքի Գորիսի թատրոնը. ցանկանում եմ՝ իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը լինի Շանթ Հովհաննիսյանը, որովհետեւ մեծ կապվածություն կա թե՛ նրա, թե՛ թատրոնի ողջ անձնակազմի հետ»:

Աղբյուրը՝ armtimes.com

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել