Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Կառավորությունը կփակի Թատերական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Կառավարությունը որոշել է դադարեցնել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: e-draft-ում տեղադրված որոշման համաձայն՝ ՀՀ կառավարությունը, ղեկավարվելով «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով, որոշել է․ «Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գորիսում «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու մասին» N 547-Ն որոշումը»: Հուլիսի 15-ից որոշումն արդեն ուժի մեջ է մտել, իսկ ԿԳՄՍ նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարման գործընթացը:


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ոչ միայն տեղյակ է գործընթացից, այլեւ շտապեց պարզաբանել իրավիճակը․ «Սա այն դեպքն է, որ կառավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունն անմեղ են, դա իմ գաղափարն էր, որովհետեւ շատ քիչ ուսանող էր սովորում Գորիսում։ 2 տարի առաջ որոշեցինք մասնաճյուղը Շուշի տեղափոխել եւ նախարարների հետ եկանք համաձայնության, որ մեզ Շուշիում շենք են տալու, դրանից հետո 2 տարի դադարեցվեց ընդունելությունը Գորիսում, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ․․․»։


Ըստ նրա՝ ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճյուղում վերջին տարում 4 ուսանող էր սովորում, որից 3-ն այս տարի ավարտեցին, իսկ մեկին էլ տեղափոխելու են Երեւան։ Լ․ Արզումանյանն ասում է՝ սա պարտադրված քայլ էր, որովհետեւ «ո՛չ նորմալ մասնագետներ կային, ո՛չ շենք, ո՛չ պայմաններ, անհատույց ինչ-որ մի տարածք էին տվել, Գորիսի թատրոնն էր հիմնականում հոգ տանում ուսանողների մասին։ Դրա համար որոշեցինք մասնաճյուղը Շուշի տեղափոխել, բայց մեր նախաձեռնությունը տապալվեց։ Մասնաճյուղը ռեկտոր էլ չուներ, այլ միայն տնօրենի ԺՊ, որովհետեւ մարդ չկար, եւ եղածն էլ չէր բավարարում չափանիշներին, չէինք կարողանում անգամ տնօրեն նշանակել։ Ես տեսա, որ իրականում վիճակը Գորիսում լավ չէ, դրա համար այն ժամանակ Արայիկ Հարությունյանի հետ եկանք համաձայնության, որ փակում ենք մասնաճյուղը եւ տեղափոխում Շուշի»։ ԵԹԿՊԻ ռեկտորը հավելում է, որ Արցախից երեխաները գալիս էին Գորիս՝ սովորելու։


Այդուհանդերձ, ըստ նրա, Գորիսի մասնաճյուղը չէր կարող այս վիճակով շարունակել գործունեությունը։ Ասում է՝ դա բխում էր կրթության շահերից։ «Մենք միայն դիպլոմ չենք տալիս, չէ՞, այլ նաեւ կրթություն, իսկ այդ պայմաններում կրթությունը դառնում էր անհնար։ Հիմա պետք է մտածենք՝ ինչ ձեւ գտնենք օգնելու, կապվել եմ Գորիսի թատրոնի տնօրենի հետ, տեսնենք ինչ տարբերակներ կան համագործակցելու»։
Աղբյուրը՝ hraparak.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել