Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մոնթեի վերջին մարտը. «Պայքարելու իրավունքը»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views


Ես կարդացել եմ մի քանի անստույգ պատմություն այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ադրբեջանական լքված Մարզիլի գյուղում 1993 թվականի հունիսի 12-ի կեսօրին: Անհիմն լուրեր էին պտտվում այն մասին, թե Մոնթեի մարմինը խոշտանգվել է, և խոսակցություններ ` թե նրան սպանել են ոչ թե ադրբեջանցի զինվորները, այլ հայկական մաֆիան: Սեդան և ես խոսել ենք այն փրկվածների հետ, որոնք Մոնթեի հետ նրա ջիփում էին, նաև`  մի երիտասարդ ադրբեջանցի զինվորի, որ գերի էր ընկել Մոնթեի մահվան օրը: 

Մենք պատմությունը վերականգնեցինք հետևյալ կերպ. հունիսի 12-ին Մոնթեն ու իր մարտիկներն արթնացան լուսաբացից շատ առաջ, որպեսզի ռազմական գործողություն  իրականացնեն` Աղդամի շրջանում տեղակայված ադրբեջանական հրետանու դեմ: Կեսօրի մոտ նրանք այդ գործողությունը հաջողությամբ ավարտեցին:  Ճակատամարտից հետո Մոնթեն ռադիոյով տեղեկացվեց, թե իր զինվորները գրավել են մի  «T-72» տանկ Մարզիլիում՝ ճիշտ այն բարձունքի տակ գտնվող դաշտում, որտեղից նրանք առավոտյան սկսել էին իրենց հարձակումը: Քանի որ Մոնթեի սովորությունն էր ` միշտ անձամբ ստուգել գրավված զրահատեխնիկան, ուստի նա, իր հավատարիմ վարորդ Կոմիտասի և չորս ուրիշ մարտիկների հետ լեռներից ջիփով շարժվեց դեպի Մարզիլի, որն, ինչպես կարծում էին թշնամու զինյալները լքել էին այդ օրն ավելի վաղ:

Մոնթեի և Կոմիտասի հետ էին Հովիկ ու Սարո անուններով երկու երիտասարդ սպա, տանկային ավագ հրամանատար Սարիբեկը և Գևորգ անունով մեկ այլ մարտիկ: Կեսօրից հետո՝ մոտ 13:20-ին, նրանք  գյուղի ծայրամասում հասան երկու ճանապարհների հատման մի կետի, որտեղ  տրակտորի հին կայանի էր: Այնտեղ՝մոտ երեսուն մետր հեռու, իրենց ճանապարհին ուղղահայաց նրանք տեսան մի զրահամեքենա, որ աշտարակին հրանոթ ուներ: Կարծելով, թե զրահամեքենայում իրենց զինվորներն են, Մոնթեի վարորդը կանգ առավ ճանապարհների հատման տեղում և մոտեցավ ոտքով: Կոմիտասը, որ կրում էր ադրբեջանական համազգեստ, զրահամեքենայի ներսում գտնվողներին հարցրեց՝ հայե՞ր են արդյոք: Թեպետ Կոմիտասն ազատ խոսում է ադրբեջանական թուրքերեն, նա հարցը տվեց հայերեն, որով խոսում են այդ շրջանի շատ ադրբեջանցիներ:     

Երբ հետևեց բացասական պատասխան, հայերը մեքենայից ցատկեցին ու վազեցին` խուսափելու համար զրահամեքենայից արձակված կրակոցների տարափից: Նրանք իրենց թեթև զենքերով պատասխան կրակ բացեցին: Մոնթեի մահվան պահին նրա ինքնաձիգի ` 30 փամփուշտանոց պահեստատուփում մնացել էր 20 կամ 21 փամփուշտ: Քանի որ նա սովորաբար ամեն առիթով լիցքավորում էր զենքը, պետք է կարծել, որ այդ ժամանակ կրակել էր 9 կամ 10 փամփուշտ: Կոմիտասը, Հովիկն ու Սարոն վիրավորվեցին ոտքերից, իսկ Սարիբեկը մահացու վերք ստացավ: Զրահամեքենան արձակեց առաջին արկը, բայց վրիպեց:

Մոնթեն, որ վազում էր ճանապարհի երկայնքով, մի պահ կանգ առավ ու նետվեց դեպի ճամփեզրի քարե պատը` հետևում պատսպարվելու համար: Երբ  նա մոտենում էր պատին, զրահամեքենան արձակեց երկրորդ արկը, որը դիպավ պատին ու պայթեց` դարձյալ վիրավորելով Սարոյին, իսկ պարկուճի մի մեծ կտոր խրվեց Մոնթեի ճակատը՝ աջ աչքի ճիշտ վերևում: Նա ընկավ իր կողքի ճանապարհին ու մահացավ կամ անմիջապես, կամ մի քանի վայրկյան անց` աչքերը կիսափակ և դեմքին խաղաղ արտահայտություն: Զրահամեքենան անհապաղ շարժվեց՝ փախչելով հատող ճանապարհով:

Հովիկը Մոնթեին առավ թևերի մեջ ու ռադիոյով օգնության կանչեց: Համաձայն մեկից ավելի մարդկանց պատմածի, օգնական ուժերը հանդիպեցին  ադրբեջանցիների զինյալ խմբին, սպանեցին թշնամու մի քանի զինվորի և գերի վերցրին առնվազն մեկին: Սակայն զրահամեքենան իր զինվորներով խույս տվեց:

Այդ ընթացքում Մոնթեի մարմինն ու նրա վիրավոր ընկերները տեղափոխվեցին Մարտունի: Այնտեղ Սարիբեկը մահացավ. նրա 5 երեխաները զրկվեցին հորից, իսկ աղքատացած ընտանիքը` կերակրողից:

Ինձ անհասականալի է մնում, թե ինչու էր ադրբեջանական զրահամեքենան հետ մնացել Մարզիլիում: Գուցե այն հետախուզական առաջադրանք էր կատարում կամ պարզապես կորցրել էր ճանապարհը: Ամեն դեպքում, թվում է, թե այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 12-ին ճանապարհների հատման կետում, պատահական բախում էր թշնամուն: Եվ այդ բախման ժամանակ ադրբեջանցիները առավելություն ունեին իրենց զրահամեքենայով ու զրահաշտարակի հրանոթով:

Մոնթեի ու Սարիբեկի  մահից հետո մոտ մեկ ամիս անց Մարտունի քաղաքն ու շրջանը պաշտոնապես վերանվանվեցին Մոնթեաբերդ: Եվ նրանց հուղարկավորությունից կարճ ժամանակ անց հայկական ուժերը զգալիորեն առաջացան Աղդամի շրջանում:

Երբ Մոնթեի մահվան լուրը տարածվեց, Մոնթեաբերդի հասուն բնակչության մեծ մասը հավաքվեց՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց սիրելի Ավոյին՝ նրան, ով ադրբեջանցիներին այնքան հեռու էր շպրտել իրենց գյուղից, որ մինչ այդ բնակավայրը ռմբակոծող «Գրադը» այլևս հասանելիություն չուներ: Շատ մոնթեաբերդցիներ պահանջում էին, որ նա թաղվի Ղարաբաղում, ոմանք նույնիսկ ուժով փորձեցին թույլ չտալ, որ նրա դագաղը դրվի Երևան թռչող ուղղաթիռում: Ի վերջո, սակայն, նրանք տեղի տվեցին Մոնթեին Հայաստանի մայրաքաղաքում հուղարկավորելու Սեդայի ցանկությանը:

Մոնթեն հուղարկավորվեց ռազմական մեծ պատիվներով 1993թ. հունիսի 19-ին: Համաձայն մի հաշվարկի՝ մոտ 15000 մարդ անցավ Սպայի տան դահլիճում դրված նրա դագաղի առջևով: Պաշտոնյաներից ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի և ԱՊՀ-ի բարձրաստիճան զինվորականներ, երկրի բոլոր նշանակալի քաղաքական կուսակցությունների առաջնորդները: Ընկերներ ու բարեկամներ էին եկել Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Միացյալ Նահանգներից: Ըստ հրապարակված տվյալների՝ 150-250 հազար մարդ էր մասնակցում հուղարկավորությանը: Ես չգիտեմ, թե ինչպես են ստացվել այս տվյալները, պետք է որ շատ դժվար լիներ հաշվել հազարավոր մարդկանց, որոնք խմբվել էին Հանրապետության հրապարակում՝ նրա դագաղի շուրջ՝ դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող փողոցներում՝ գերեզմանոց տանող ճանապարհին, և որոնք ժամերով կիզիչ արևի տակ մնացին գերեզմանոցում:

Մոնթեն թաղվեց Եռաբլուրում, որ նայում է Արարատյան դաշտին: Հեռվում՝ հորիզոնում՝ թուրքական սահմանից քիչ այն կողմ, հառնում է Արարատը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի քանի պաշտոնյաներ ցանկանում էին նրան թաղել Ծիծեռնակաբերդում՝ Երևանի այն բլրին, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: 1988-ից սկսած՝ մի քանի մարդ թաղվել է այնտեղ, նրանց թվում՝ մեկ-երկուսը, որոնց հետ Մոնթեն քիչ ընդհանրություն ուներ քաղաքական, փիլիսոփայական հայացքների առումով և անձնապես: Մոնթեի այրին թույլ չտվեց, որ դա տեղի ունենա՝ փոխարենը պնդելով, որ ամուսինը թաղվի Ղարաբաղում զոհված մյուս ընկերների կողքին:

Հատված Մարգար Մելքոնյանի՝ Մոնթեին նվիրված «Պայքարելու իրավունքը» գրքից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել