Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Վիտալ դիսթերսը և հայ հասարակության մեջ ընթացող հոգեբանական պրոցեսները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Դավիթ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

#հերիք_եղավ

#էս_մեր_ազգին_ինչ_եղավ

#ոչ_մի_դեպքում_Չքաղաքականացնել

Բոլոր նրանց համար, ովքեր զարմանում են, թե ինչու տրանսպորտի թանկացման դեմ մարդիկ ակտիվ բողոքում էին, իսկ Հայրենիքի համար օրհասական այս ժամանակներում պասիվ են. դուք ուղղակի չեք հասկանում` ոնց է աշխատում ուժեղ, տևական դիսթրեսում ու հոգեբանական բազմակի տրավմատիզացիայի պայմաններում հոգեկանը և ուղեղը:

Այն ինչ տեղի ունեցավ աշնանը ուղղակի սթրես չէր, որից ակտիվ գործողությոուններով դուրս գալը օրերի հարց կլիներ: Դա ՎԻՏԱԼ* դիսթրես էր, որը խարխլեց ամենաբազային համոզմունքները` ֆիզիկական անվտանգության, ապահովության , կյանքի կայունության, մտերիմների լինելիության և մարդու կյանքի բարձրագույն արժեք լինելու, վաղվա օրվա նկատմամբ վստահության, կյանքի կանխատեսելիության ու աշխարհի արադարության համոզմունքները: Մի անգամ էլ կարդացեք այս ցուցակը ու դանդաղ:

Ու հիմա փորձեք պատկերացնել այն ահռելի հոգեհուզական ծանրաբեռնվածությունը, որ կոտրվեց բոլորի գլխին: Թվարկածս բազային համոզմունքներից նույնիսկ մեկի վնասումը հաճախ բավարար է տարիներով հոգեբանական վերականգնողական գործընթացով անցնելու անհրաժեշտության համար: Իսկ մեզանում` բոլորը միասին ու արագ պատահեցին:

Բայց մենք հակազդեցինք, ու բավականին լավ հակազդեցինք. հիշեք հասարակության մոբիլիզացիան պատերազմի առաջին իսկ օրից, հիշեք բոլոր նախաձեռնությունները` օգնելու բանակին ու տեղահանվածներին: Հիշեք ադրենալինի ծախսը:

Իսկ հետո եղավ այն, ինչ լինում է տևական վիտալ սթրեսում. մոբիլիզացիոն ուժը սպառվեց` չհասցնելով ցանկալի լուծումներին: Տղերքը սկսեցին զոհվել, ցավը սկսեց անսահման դառնալ, կորուստները մեկը մյուսի հետևից վրա հասան, աշխարհը մեր ուզածով չարձագանքեց, արդարությունը չվերականգնվեց, բոլորս սպառվեցինք:

Սթրեսի տեսության հայր Հանս Սելյեի` սթրեսի 3-րդ փուլը սպառումն է: Ու սպառվեցինք թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն: Ու սա կատակ կամ անլուրջ բան չէ: Տրանսպորտի 50 դրամով թանկացման դեմ պայքարողները վիտալ դիսթրեսում ՉԷԻՆ: Հետևաբար, զարմանալ կամ առավել ևս` մեղադրել մարդկանց պասիվության մեջ նշանակում է ուղղակիորեն չհասկանալ, որ հոգեբանական սպառվածությունը նույնչափ կամ առավել ԼՈՒՐՋ ու ՕԲՅԵԿՏԻՎ գործոն է, որքան ֆիզիկական հիվանդությունը կամ սպառումը:

Վերջապես հասկացեք, որ հոգեկանը ԷՆՔԱՆ ՈՐ տրամադրությունը կամ տրամադրվածությունը չէ, այն բարդագույն համակարգ է, որը նման վիտալ սթրեսներում շարքից դուրս է գալիս ու հետևանքները շատ կոնկրետ են` ապաթիա, անտարբերություն, դեռեալիզացիա, իրականությունից խուսափում և ներփակվածություն պատրանքային իրականության մեջ, վտանգները ճիշտ գնահատելու անկարողություն, վախի ու տագնապի գերակայում, հետտրավմատիկ դեպրեսիա, կամքի պարալիզացիա և այլն:

Ու դուք ուզում եք հերթական վախեցնող մեսիջինգով մարդկանց մոբիլիզացնել?? Չէ, լուրջ?? Դա՝ ոնց որ մարմնի 40 աստիճան ջերմություն ունեցողին ստիպեք վեր կենալ ու գնացքից դատարկել 1000 արկղ դեղ` մոտիվացնելով նրան սպառնալիքով, որ եթե չանի, դեղ չի ունենա, որպեսզի առողջանա: Չի կարող նա դա հիմա անել, ու դա ՓԱՍՏ է:

Հիվանդին ԽՆԱՄՔ է պետք: Հոգեբանական խնամք: Ու չասեք` լավ, բայց կկործանվի, ուրեմն՝ թող վեր կենա: Դա անհնար է: Սխալ ենք ռեսուրսները բաշխում: Սխալ ենք խնամում: Սխալ ենք արժևորում հոգեկան պրոցեսները ու առողջությունը: Սխալ ենք իրար աջակցում հիմա։ Սխալ ենք կազմակերպում փոխօգնությունը։ ՍԽԱԼ ԵՆՔ։

Մեռանք բարձրաձայնելով խաղաղ պայմաններում հոգեկան առողջությանն ուղղված ծառայությունների անարդյունավետության ու պետական քաղաքականության աննպատակ ու չմտածված լինելու մասին: Ոչ մի կառավարությանը դա չհետաքրքրեց: ՈՉ ՄԻ։

Ուրեմն սենց էլ պիտի լիներ, քանի որ ազգաբնակչության հոգեբանական տոկունության, սթրեսակայունության ու հոգեբանական կրթության բարձրացման համար ոչ մի նպատակային ջանք չի ներդրվել նախորդ 30 տարիներում: Ջանքեր, որոնք կուղղվեին մանկապարտեզային տարիքից մինչև բուհի վերջին կուրսը հոգեկրթմանը, սթրեսի ու բարդ իրավիճակների հանդեպ կայունության մեխանիզմների ձևավորմանը, ինքնակարգավորման հմտությունների մարզմանը, հոգեբանական աջակցությանը դիմելու մշակույթի ձևավորմանը և այլն։ Նույնիսկ այս ամենի առկայության պարագայում այսօր մենք միևնույն է ունենալու էինք տրավմատիզացված հասարակություն, բայց գոնե վերականգնման պրոցեսները ավելի շուտ ու էֆեկտիվ կգործարկվեին։ Գոնե։

Իսկ մենք ստանում ենք այն, ինչ տրամաբանական է. դանդաղ ու բարդ ինքնավերականգնվող ազգաբնակչություն, որը դեռ շատ երկար իր վերքերը պիտի լիզի, մինչև կվերականգնի իր բազային համոզմունքները, այն էլ` մասամբ: Զուգահեռ էլ սրան՝ ամենօրյա նոր հարվածներ, որոնց հանդեպ ուզենք՝ թե չուզենք պիտի ձևավորվի պաշտպանական թաղանթ։ Վերք՝ վերքի հետևից. սովորեցված անօգնականության սինդրոմն ու զոհի հոգեբանությունը նորից ամրապնդվեցին, ԷՆ ԷԼ ՈՆՑ ամրապնդվեցին։

Իսկ դուք խելոք-խելոք քննադատեք` ինչի են մարդիկ պասիվ ու այսքան «անհոգ», անիծեք Կասկադի սրճարանում հանգիստ սուրճ խմողներին ու շարունակեք անտեսել հոգեբանական պարզագույն կամ բարդագույն պրոցեսները և պաշտպանական մեխանիզմները։ Դա, անխոս, կսպասի…….

Կներեք կտրուկ տոնիս ու չհուսադրելուս համար։

*Վիտալ սթրես՝ անձի գոյությանը անմիջականորեն սպառնացող ու նրա սովորական կենսափորձից նշանակալիորեն տարբերվող հանգամանքների վերապրում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել