Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ավարայրի ճակատամարտի և առհասարակ 449-451թթ. հայ-պարսկական պատերազմի իրական ռազմաքաղաքական արդյունքները. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

1570 տարի առաջ այս օրը՝ 451 թ. մայիսի 26-ին, տեղի ունեցավ բախտորոշ Ավարայրի ճակատամարտը։

Հատված հարցազրույցից.

«— Պարոն Այվազյան, դուք նշեցիք, որ Ավարայրի ճակատամարտը մարտավարական ոչ-ոքի էր, որը հայերի համար ժամանակի ընթացքում վերածվեց ռազմավարական հաղթանակի։ Իսկ մեզանում Ավարայրի ճակատամարտը շատ հաճախ գնահատում են որպես ընդամենը «բարոյական հաղթանակ»…

— Այո, այդ կաղապարային գեղարվեստական գնահատականը մեզանում ամենատարածվածն է։ Նախապես այն դրական իմաստ է ունեցել՝ ընդգծել է այդ մեծ ճակատամարտի բարերար ազդեցությունը հայոց հետագա ամբողջ պատմության վրա։ Բայց վերջերս «բարոյական հաղթանակ» բնորոշումն անարդարացիորեն ձեռք է բերել առավելապես բացասական, նույնիսկ հեգնական երանգավորում, ըստ որի՝ Ավարայրում հայերն իբր միայն բարոյապես են հաղթել, իսկ ռազմական առումով պարտություն են կրել։ Սա պատմական փաստերին ու ռազմական գիտությանը հակասող տեսակետ է։

Ռազմական տեսության գերմանացի դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի սահմանումով, հաղթանակի համապարփակ հասկացությունը ներառում է երեք հիմնական տարր. 1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները, 2) նրա բարոյական ուժերի նույնպիսի կորուստները, 3) այդ մասին պարտվածի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է իր պատերազմում ունեցած նախնական մտադրությունից։ Ավարայրում այս նպատակներից և ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք հայերից երեք անգամ ավել սպանված տվեցին (այդ թվում՝ ինը բարձրաստիճան զորահրամանատար)։ Փոխարենը՝ իհարկե, ռազմի դաշտում զոհվեց հայոց գլխավոր հրամանատարը (ինչպես նաև 10 հայ բարձրաստիճան զորահրամանատար)։ Բայց ամենակարևորն այն էր, որ Մուշկան Նիսալավուրտը չկարողացավ ջախջախել Հայոց բանակը, որն, ինչպես արդեն ասացի, բաժանվելով չորս մասի, խույս տվեց հետապնդումից և կազմակերպեց դիմադրության հաջորդ փուլը։ Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իրենց նախնական մտադրություններից պարսիկների հրաժարումով, այլև հայերին արված ևս մեկ չափազանց նշանակալից մի զիջումով, որը մեր պատմագիտության մեջ իսպառ աչքաթող է արվել։

Բանն այն է, որ 449 թվականին, երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրեցին հենց ամենասկզբում՝ անթերի ու միաժամանակ իրականացնելով 16 կայծակնային հատուկ գործողություն։ Իսկ ահա 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարադանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները՝ ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել առ այն, որ հայոց հողի վրա պարսկական զորքեր չեն տեղակայվելու։ Հետևաբար, Ավարայրում և առհասարակ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու բացարձակապես ավելորդ։

Նմանատիպ ոչ-ոքիներով են ավարտվել շատ ուրիշ ճակատամարտեր։ Օրինակ, ռուսների և ֆրանսիացիների միջև 1812 թվականին տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտը, որը նույնպես կարճ ժամանակահատվածում վերածվեց ռուսական կողմի ռազմավարական հաղթանակի։ Ընդ որում, ճակատամարտից անմիջապես հետո ռուս հրամանատարության մեջ ոմանք Բորոդինոն պարտություն էին համարում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսական բանակը նահանջեց ու Նապոլեոնին հանձնեց մայրաքաղաք Մոսկվան։ Մինչդեռ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովն ամենասկզբից էլ համոզված հայտարարում էր, որ Բորոդինոն հաղթանակ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն չէր ջախջախվել, այլև ֆրանսիացիներին մեծ կորուստներ պատճառելուց հետո կանոնավոր կերպով նահանջել էր ու անցել դիմադրության հաջորդ փուլին։

Եղիշեն Ավարայրի ճակատամարտին տվել է ճշգրիտ գնահատական. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»։ Եղիշեի այս ամփոփումը նմանվում է Նապոլեոնի՝ Բորոդինոյի ճակատամարտին հետագայում տված գնահատականին. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն էր, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիներն իրենց արժանի ցույց տվեցին՝ հաղթանակ տանելու, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»։ Եղիշեի և Նապոլեոնի այս հատու բանաձևումներում, իրականում, արտացոլված են այդ բախտորոշ ճակատամարտերի ռազմաքաղաքական ընդհանուր արդյունքները։

— Իսկ ի՞նչ ուրիշ խոշոր բախումներ են եղել 449-451 թվականներին հայկական և պարսկական ուժերի միջև։

— Արդեն հիշատակեցի ապստամբության սկզբում պարսկական 16 կայազորների չեզոքացումը։ Այդ առանձին-առանձին իրականացված 16 հաջող գործողություններին նախորդել էր մեկ ուրիշ խոշոր գործողություն. իր իսկ դաշտային ճամբարում ջախջախվել էր սասանյան խոշոր (ըստ իմ վերլուծության արդյունքների՝ 10,000-անոց) հեծյալ այն զորամիավորումը, որն ուղարկվել էր Հայաստան՝ բնակչությանը հավատափոխ անելու գործընթացը բռնի ուժով առաջ տանելու նպատակով։ Ընդ որում, հարձակումը պարսկական ճամբարի վրա իրականացվել էր այդ ժամանակվա ռազմական տեսության (բյուզանդական տրակտատներից մեզ հայտնի) բոլոր կանոնների համաձայն։ Հայոց զորքերը լուսածագին, երեք կողմից շրջապատել են պարսից ճամբարը, չփակելով, սակայն, չորրորդ՝ հարավային կողմը, որպեսզի պարսիկներն ունենան նահանջի ճանապարհ ու դիմեն փախուստի՝ առանց կատաղի դիմադրություն ցույց տալու։ Այդ ժամանակներում, ինչպես և այժմ, գիշերային կամ նախալուսաբացային հարձակումը համարվում էր բազմաբարդ գործողություն։ Հայոց զորքի ձեռքբերած փայլուն հաղթանակը վկայում է, մասնավորապես, Վարդան Մամիկոնյանի ու նրա շտաբի կողմից այդ գործողությունը մանրազնին նախապատրաստելու, մինչև հարձակման պահն անհրաժեշտ գաղտնապահությունն ապահովելու, զորքերը ճիշտ տեղաբաշխելու և հմտորեն կառավարելու մասին։

Պատերազմի ամենասկզբում մեկ այլ խիստ ուշագրավ գործողություն էլ իրականացրեց Արցախում տեղակայված հայոց այրուձին, որն իր սեփական նախաձեռնությամբ, չսպասելով Հայոց սպարապետի հրամանին, հեծելազորային խորը մարտարշավ կատարեց Փայտակարանի միջով դեպի Ատրպատական (իսկ հրամանը նրանց չէր տրվել, ըստ երևույթին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակից շուտ ապստամբության նախապատրաստումը չբացահայտելու մտավախությամբ)։ Այս կանխարգելիչ հարվածը վկայում է այն մասին, որ 3-4-րդ դարերում մշակված ու հայ-պարսկական բազմաթիվ պատերազմներում բազմիցս գործարկված մարտական գործողությունների համակարգը 449 թվականին տակավին չէր մոռացվել։ Այդ համարձակ զորաշարժն իրականացրած հայկական այրուձիի մեծ մասն, ամենայն հավանականությամբ, բաղկացած էր ոստանիկական զորամասերից, այսինքն՝ նախկին թագավորական քառասուն հազարանոց բանակի (մասամբ արցախյան Տիգրանակերտում տեղաբաշխված) հեծյալ կազմավորումներից, որոնք գտնվում էին հայոց սպարապետի անմիջական ենթակայության տակ։

Եվ, իհարկե, հայ-պարսկական այդ պատերազմում առանձնահատուկ տեղ է գրավում 450 թ. գարնանը Խաղխաղ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած առաջին գլխավոր ճակատամարտը, որում հայերը, Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ, փայլուն հաղթանակ տարան։

— Ինչպիսի՞ ընթացք է ունեցել Խաղխաղի ճակատամարտը։

— Ներկայացնեմ շատ համառոտ։ 450 թ. սկզբին Աղվանքում պարսիկները կուտակում էին խոշոր ուժեր՝ արևելքից Հայաստան ներխուժելու նպատակով։ Այնտեղ արդեն իսկ հավաքվել էր շուրջ 40 հազար զորք՝ Սեբուխտ Նիխորականի գլխավորությամբ։ Հայոց հրամանատարությունը որոշում է կանխարգելիչ հարված հասցնել պարսիկներին, ազատագրել Աղվանքը, ընդլայնել Հայոց բանակի վերահսկողության տակ գտնվող գոտին, ստեղծել տարածաշրջանային կոալիցիա ըննդեմ պարսիկների՝ կցելով աղվանական և վրացական առկա ուժերը, ինչպես նաև գրավել ներկայիս Դերբենդի շրջակայքում գտնվող Ճորա պահակի հզոր ամրությունները և այնտեղից անմիջական կապ հաստատել ու հակապարսկական դաշինք կնքել հզոր «հոների» հետ։ Այդ կանխարգելիչ հարվածը պետք է հասցնեին նորաստեղծ երեք հայկական բանակներից երկուսը՝ Վարդան Մամիկոնյանի 2-րդ բանակը՝ հյուսիս-արևմուտքից, և Վասակ Սյունու 3-րդ բանակը՝ հարավ-արևմուտքից (1-ին հայկական բանակը, Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվել էր հսկելու հայ-պարսկական սահմանի ամենավտանգավոր՝ հարավ-արևելյան հատվածը)։ Վասակ Սյունին չի կատարում նախապես մշակված ու համաձայնեցված այդ ծրագրով իրեն վերապահված ռազմական առաջադրանքը, փոխարենը մատնչորեն հաղորդում է պարսիկներին Վարդան Մամիկոնյանի գլխավորած շուրջ 20,000-անոց հեծյալ բանակի դեպի Աղվանք սրընթաց արշավելու երթուղին և ժամանակացույցը։

Ժամանակին ստանալով այդ գաղտնի տեղեկությունները՝ Սեբուխտը հասցնում է իր մոտ 40,000-անոց զորքով կտրել Հայոց բանակի ճանապարհը՝ Խաղխաղ քաղաքի մոտ գտնվող դաշտում դասական սկզբունքներով կառուցելով իր բանակի մարտակարգերը։ 2-րդ հայկական բանակը, անսպասելիորեն հայտնվելով թվապես մոտ երկու անգամ գերազանցող պարսկական զորքի մարտական կուռ դասավորության առջև, առաջին պահին հանկարծակիի է գալիս։ Սակայն Վարդան Մամիկոնյանը, արագորեն կողմնորոշվելով, ընդունում է ստեղծված իրավիճակում հնարավոր լավագույն որոշումը։ Նա կիսում է իր բանակը երկու մասի՝ ձախ թևում կենտրոնացնելով իր զորքի երեք չորրորդ մասը՝ մոտ 15 հազար հեծյալ և այդպիսով ստեղծելով թվային գերակշռություն մեկ և միակ ուղղությամբ՝ պարսից աջ թևի նկատմամբ, որը բաղկացած էր շուրջ 10 հազար ռազմիկից։ Սա ճակատամարտի ամենաուշագրավ, կանխորոշիչ պահն է։ Հակառակորդի մարտակարգերի անմիջական մերձակայքում արագ անցկացված այս բարդ վերադասավորումն ի զորու էին իրականացնել միայն ամբողջովին պատրաստված ու միմյանց հետ լավ համագործակցող զորամասներն ու ստորաբաժանումները։ Այդ հարվածային բռունցքով Վարդան սպարապետն այնուհետև անհապաղ՝ փաստորեն, ընթացքից հարձակվում է պարսից աջ թևի վրա, ջախջախում և շպրտում այն պարսից ձախ թևի վրա՝ արդյունքում կազմալուծելով թշնամու մարտակարգերը ճակատի ողջ երկայնքով։ Պարսից զորքերը մատնվում են կատարյալ շփոթության։ Խափանվում է նաև նրանց կառավարումը, քանի որ Վարդանի զորագնդերը հայտնվում են պարսից գլխավոր ուժերի ու թիկունքում պահեստային զորագնդի հետ միասին գտնվող Սեբուխտ զորավարի միջև։ Հաղթական վերջակետն այս ճակատամարտում դնում է Արշավիր Կամսարականի 5,000-անոց զորախումբը, որը Վարդան Մամիկոնյանը թողել էր ճակատի կենտրոնական հատվածում՝ որպես կաշկանդիչ ուժ ու միաժամանակ իր միակ ռեզերվ։ Արշավիրը ճիշտ ժամանակին հուժկու հարված է հասցնում շփոթության մատնված պարսից կենտրոնին ու միանում Վարդանի զորամիավորմանը։ Արդյունքում՝ պարսից զորքերի զգալի մասը շրջապատվում է ու ենթարկվում ջարդի Լոպնաս (Աղստև) գետի մոտ։

Վարդան Մամիկոնյանն իր ժամանակի լավագույն զորահրամանատարներից էր։ Նրա զորավարական տաղանդի մասին համբավը թևածում էր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս՝ Սասանյան ու բյուզանդական արքունիքներում, ինչպես նաև հոների միջավայրում։ Առհասարակ, մեծ զորապետերը նույնչափ հազվադեպ են ծնվում, որչափ մեծ գիտնականները կամ մեծ երգահանները։ Մեր միջնադարյան մատենագիրները՝ Մեսրոպ Վայոցձորեցին ու Վարդան Արևելցին պահպանել են ռազմի դաշտում նրա տարած հաղթանակների թիվը՝ 42 հաղթանակ։ Պատկերացնելու համար, թե սա ինչպիսի տպավորիչ քանակ է, նշեմ, որ համաշխարհային ռազմական պատմության մեջ ամենաառաջին հանճարներից մեկը համարվող Նապոլեոն Բոնապարտը տվել է, ընդհանուր առմամբ, 60 ճակատամարտ՝ 49-ում հաղթելով, 8-ում պարտվելով, 3-ը՝ ոչ-ոքի ավարտելով։ Եթե հաշվենք միայն 449-451 թթ. Հայոց սպարապետի ընդհանուր ղեկավարությամբ իրականացված ռազմական գործողությունների քանակը, ներառյալ վերոհիշյալ 16 ամրոցների գրավումը, ապա կունենանք մոտ 25-30 հաղթանակ։ Մնացած մեկուկես տասնյակ հաղթանակները ձեռք են բերվել ավելի վաղ, հիմնականում՝ 441-449 թթ. Սասանյանների տերության արևելյան սահմաններում քուշանների դեմ մղված երկարատև պատերազմում, որին մասնակցում էր նաև հայոց այրուձին՝ Վարդան սպարապետի գլխավորությամբ։

— Այդպիսի զորավարական փորձով ու կարողություններով Վարդան Մամիկոնյանին չհաջողվեց Ավարայրի ճակատամարտում տանել նույնպիսի վճռական հաղթանակ, ինչպիսին Խաղխաղում։ Այնուամենայնիվ՝ ինչո՞ւ։

— Պետք է հասկանալ, որ ամենատաղանդավոր զորավարներն էլ միշտ չէ, որ վճռական հաղթանակներ են արձանագրում իրենց երկարամյա ռազմական կարիերաների ընթացքում, որովհետև պատերազմներում ամեն ինչ չէ, որ մեկ մարդուց է կախված։ Հաննիբալը, Տիգրան Մեծը, Բելիսարիոսը, Նապոլեոն Բոնապարտը, Կոնստանտին Ժուկովը, Էրիխ ֆոն Մանշտայնը բոլորն էլ ունեցել են ոչ հաղթական ելքով ճակատամարտեր և նույնիսկ խոշոր պարտություններ։ Պատահել է նաև, որ մեծ զորավարները գերի են ընկել, ինչպես, օրինակ, Ֆրիդրիխ Պաուլյուսը, կամ զոհվել են, ինչպես Անրի Տյուրենը, Հորացիո Նելսոնը, Նիկոլայ Վատուտինն ու Իվան Չերնյախովսկին (այս թվարկումը կարելի է երկար շարունակել)։ Նույն ինքը Վարդան Մամիկոնյանը, դեռևս մինչև Ավարայրի ճակատամարտը՝ հայոց բանակի դաշտային ճամբարում զորքերի առջև ելույթ ունենալիս, իսկական ռազմիկին հատուկ անկեղծությամբ ու համեստությամբ այդ մասին արատահայտվում էր ավելի քան պարզ. «Մասնակցել եմ ես բազում ճակատամարտերի, և դուք էլ ինձ հետ. տեղ կար՝ մենք թշնամիներին արիաբար հաղթեցինք, տեղ էլ կար՝ նրանք մեզ հաղթեցին, սակայն շատ ավելի անգամ հաղթող ենք եղել և ոչ թե հաղթված»։

Ինչ վերաբերում է Ավարայրին, ապա Վարդան Մամիկոնյանի մեծ հաջողություն պետք է համարել արդեն այն, որ նա տանուլ չտվեց այդ բախտորոշ ճակատամարտը, որում պարսից ուժերը ոչ միայն մոտ երկու անգամ գերազանցում էին 66,000-անոց Հայոց բանակը, այլև, բացի հետևակից ու հեծելազորից, ունեին ևս մեկ ընտիր զորատեսակ՝ փղազոր։ Իսկ եթե թվարկելու լինենք այն հիմնական գործոնները, որոնք խանգարեցին Հայկական բանակին վճռական հաղթանակ տանել Ավարայրում, ապա դրանք շատ էին։ Բացի արդեն հիշատակվածներից, այստեղ կնշեմ միայն Վասակ Սյունու դավաճանությունը, որի հետևանքով 450 թվականի սկզբին ստեղծված հայկական 3-րդ բանակը, փաստորեն, կազմալուծվեց, հայերը կորցրեցին արդեն իսկ ազատագրված Աղվանքն ու Ճորա պահակը, Մարզպանական Հայաստանում բռնկվեց կարճատև քաղաքացիական պատերազմ և այլն, և այլն»։

https://www.youtube.com/watch?v=CEChKrBy0xY&t=1s

http://www.noravank.am/arm/articles/detail.php…

Ճակատամարտի ընթացքը մանրազնին վերլուծության է ենթարկված իմ հետևյալ մենագրության մեջ, որտեղ զետեղված են նաև համապատասխան քարտեզներ և սխեմաներ՝ А. Айвазян. Армяно-персидская война 449–451 гг. Кампании и сражения.– Eреван: Воскан Ереванци, 2016; СПб.: Алетейя, 2017։

Արմեն Այվազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել