Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայահավաքի ու Հողահավաքի փոխարեն մեզ պարտադրված է հողա«թափ» ու ոգեթափ լինելը. Աննա Աղլամազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ինչպիսի զուգադիպություն։ Երեք օր առաջ գրառմանս մեկնաբանության մեջ նշել էի Սիլվա Կապուտիկյանի խոսքը, ավելի ճիշտ ապտա՛կը՝ օրվա իշխանություններին։ Իսկ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարության մեջ, ի թիվս այլոց, անդրադարձել է նաև Սիլվա Կապուտիկյանին՝ նրան անվանելով «նոմենկլատուրային մտավորական»։

Տեր-Պետրոսյանը շտապել է նաև ուրախանալ, որ «պահանջատիրության մերժումը դարձել է նոր սերնդի տասնյակ հազարավոր ներկայացուցիչների հավատամքը» ու որ հենց սա է «հույս և լավատեսություն ներշնչում ապագայի հանդեպ»:

«Հին» ու «բարի» այն թեզը, թե ձեռք քաշեք Արցախից և հանգիստ կապրեք, ըստ իրադրության, դառնում է՝ ձեռք քաշեք պահանջատիրությունից (Ցեղասպանության հետևանքների վերացումից) և հանգիստ կապրեք։

Բայց, զարմանալիորեն, Արցախը հանձնելուց հետո դեռ խաղաղության ու հանգստության հոտ չի գալիս․․․

Իսկ ես Կապուտիկյանի հասցեին «նոմենկլատուրային մտավորական» պիտակը կարդալիս հիշեցի մի քանի (լևոնական) մտավորականների։ Օրինակ, արձակագիր Արմեն Օհանյանին (այլ կերպ՝ Արմեն Հայաստանցի), ով «Հայ ազգային կոնգրես»-ի հիմնադիրներից է։ Նրան են պատկանում մտքի այնպիսի գոհարներ, ինչպիսիք են․

«Շիրազն ու Սևակը՝ երկու պոետ, ամբողջ ժողովրդին սարքեցին ազգայնական (!)»։ Ապա, Վարդան Ջալոյանի օգնությամբ, շարունակում է․ «Իսկ հիմա տասը պոետ դա չեն կարում հետ շրջեն (!)»: (2018) https://youtu.be/vvzdWr7PnBw?t=899

Իրոք, ծանր գործի են նորելուկ գրողները։ Կարելի է պատկերացնել՝ ինչ տիտանական աշխատանք է պահանջում հայ մարդու հոգուց Շիրազին ու Սևակին արմատախիլ անելը։

Արմեն Հայաստանցին մտահոգ է նաև մեր հոգևոր սննդակարգով․

«Ի՞նչ սննդակարգ են մեզ մատուցում մեր դպրոցներում, ի՞նչ գրականություն են մեզ սովորացնում։ Էն գրականությունը, որը որ, կոպիտ ասած, մերժում ա Մելին» (!) (ի նկատի ունի տրանսգենդեր Մել Դալուզյանին)։ https://youtu.be/vvzdWr7PnBw?t=1198

Արմեն Հայաստանցին փորձում է մարդասեր երևալ և հանուն դրա ցեխ է շպրտում մի ամբողջ գրական ժառանգության վրա։ Նա երևի չի կարդացել Սևակի հոդվածները, այլապես կիմանար, որ «հայ գրականությունը շատ հաճախ փոխարինել է պետությանն ու ազգային կյանքի վարչությանը»։ Սևակն ասել կուզի՝ մեր գրողներն իրենց ուսերի վրա պահել են պետությունն ու ազգային ոգին։ Թե կարող եք, դուք էլ նման բարձր նպատակներ դրեք ձեր առջև։

Բայց Արմեն Հայաստանցու բուն նպատակը բացահայտվում է ստորև․

«Մեր համար հերոս չի Մելը, ․․․բայց լիքը տեքստեր կարան գրվեն, ասենք, ապրիլյան պատերազմի զոհերի մասին։ Ըստ էության, իրանք զոհ են, պատերազմի զոհեր են։ Բայց հենց էդ զոհից սարքում են տենց մեծ կուռքեր (!), կամ ասենք թե հերոսացնում են նրանց․․․ և ինձ թվում ա, որ գրողների մի մեծ բանակ լծված ա էդ գործին, բայց իրանք ոչ մի դիմադրության արվեստ էլ չեն ստեղծում (!), որովհետև ոչ մի բանի չեն դիմադրում (!)»։ https://youtu.be/vvzdWr7PnBw?t=1723

Ուղի՛ղ հարված զինվորին ու հերոսի կերպարին։

Բայց ո՞ւր էր թե այսօր ունենայինք հայրենասեր գրողների բանակ։ Հոգևոր այդպիսի բանակի տեղը զավթել են թարախաբշտիկները։ ՀԱՅԱՀԱՎԱՔԻ ու ՀՈՂԱՀԱՎԱՔԻ փոխարեն մեզ պարտադրված է հողա«թափ» ու ոգեթափ լինելը։

Խնդրեմ․ լսենք թատերագետ, այն ժամանակ «Հայ ազգային կոնգրեսի» մշակութային հանձնաժողովի անդամ Արա Նեդոլյանին․

«Մենք հակադրվում ենք հին մշակութային պատկերացմանը (!)․․․ այն պատկերացմանը, որտեղ տեղ ունեն սրբազան գոյականները (!)՝ հայրենիք, ընտանիք, եկեղեցի, ազգ և այլն»։ (2011) https://youtu.be/uC1oicmlg3o?t=386

«Սրբազան գոյականները» ջնջելու այս նպատակը բացեիբաց հայտնելուց հետո՝ արդեն 2017 թ․-ին, Նեդոլյանը գրում է․

«Ազգային-ազատագրական պայքարի փուլը, «մեկ բռունցքի նման», անցած է (!!), և սկսվում է ներքին ձայների բազմազանությունն ու տարբերակումը»։ (էջ 302) https://epfarmenia.am/…/Tolerance_Intolerance_in…

Անցա՞ծ է։ Բա ինչո՞ւ եք ահուսարսափի մեջ Շիրազից, Սևակից, Րաֆֆուց․․․ Մի՞թե որովհետև մեր մեծերին կարդացող հայ մանուկը մեծանալով կարող է նոր թափ տալ ազգային-ազատագրական պայքարի գաղափարին։

Շա՛տ եք վախեցած ու շա՛տ եք ապիկար։ Տասը պոետով երկու պոետի արածը չեք կարողանում ետ պտտել։

Իրո՛ք, մտավորականների ու քաղաքական ղեկավարների այս «անզուգական» թիմը գաղափարական ի՞նչ աղերս կարող է ունենալ մի բանաստեղծուհու հետ, ում աչքերի դեմ ծովանում էր Սասնա երկիրը․

Սասնա էրգիր մըր աչվու դեմ կծովնա,

Քելե՛ լաո, քելե՛ երթանք մըր էրգիր:

Կապուտիկյանը ձեզնից էրգիր գնալ չէր պահանջում։ Նա պահանջում էր չխեղել մեր ազգային ոգին, մե՛ծ նպատակներ դնել և օրավուր աշխատել դրանք իրագործելու ուղղությամբ։

Ահա՝

«Հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Քանդեցին Լենինի հուշարձանի պատվանդանը՝ կառուցված դժվարին տարիներին, երբ հալածվում էր ազգային ոգին, երբ հալածվում էր ազգային ճարտարապետությունը, մեր հիշատակները, մեր հուշարձանները։ Եվ սակայն մեր գաղթական զավակները, քարագործ վարպետները կարողացան իմաստնությունն ունենալ և այդ պատվանդանի եզրերին քանդակել Գոշի խաչքարերի մանրաքանդակները՝ խորհրդանշելով հայ ճարտարապետության վերածնունդը։ Դա միայն պատվանդանի քանդում չէր, դա մեր ազգային գոյության հիմքերի քանդումն էր։

Դա այն ողբալի կարգախոսի արտացոլումն էր, երբ ասվեց, թե չկա ազգային գաղափարաբանություն, դրանք հնացած են, դրանք կեղծ են։ Դա այն քաղաքականության շարունակությունն էր, որն աշխատեց խարխլել հայ դասական դպրոցը և դասագրքերից հանել «Անլռելի Զանգակատունը», հայ բանաստեղծների հայրենասիրական գործերը։ Ահա այդ պատճառով, ոչ միայն նյութական նեղությունների, այլև անարդարությունների, ոգեթափության, հայրենասիրական զգացումների նվազման հետևանքով էր, որ այդ մեկ միլիոնը թողեց մեր երկիրը։

Ազատությունը, այո, երազանքն է մարդկության։ Բայց մենք չպետք է դառնանք ազատության գերիներ, այլ պետք է տերը դառնանք ազատության, որպեսզի նա մեզ քարշ չտա իր հետևից և խփի ափեափ։ Մենք պատրաստ չէինք ընդունելու այդ ազատությունը։ Դա է վկայում բարքերի այն անկումը, որ կա մեր շուրջը, դա է վկայում մեր մամուլի, հեռուստատեսության և մյուս միջոցների առկա վիճակը։

Մենք խորհրդային ժամանակներում շատ ենք տեսել հալածանքներ հատկապես մեր ազգային զգացումների համար, շատ ենք կրել նացիոնալիստի պիտակը, սակայն ահա եկել են ժամանակներ, երբ մենք կարծում էինք, որ ընդմիշտ պիտի վերանա մեր վրայից այդ մեղադրանքը, բայց ահա ազատ, անկախ Հայաստանում նոր թափով սկսել են հարձակվել մեզ վրա։ «Առավոտ» թերթը ծաղրում, ձեռ է առնում «ազգային մտավորականություն» հասկացությունը։ Այն ժամանակ, երբ Ալիևն ասում է, թե ոչ միայն Ղարաբաղը, ոչ միայն Երևանը, այլ Երևանի ամբողջ նահագն է իրենցը, և կգա ժամանակ, որ «կվերականգնվեն այդ տարածքները», այդ ժամանակ հայկական թերթերը ծաղրում են այն հայրենասերներին, ովքեր հավաքվում են՝ գոնե բարոյապես հաստատելու իրենց իրավունքները բռնագրավված Նախիջևանի վրա։ Կրկնում եմ․ մենք շատ հալածանքներ ենք կրել, բայց երբեք այդպիսի ծաղրուծանակի չենք ենթարկվել»։ (Սիլվա Կապուտիկյան, 1999 թ․)

Աննա Աղլամազյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել