Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սյունիքն աստիճանաբար վերածվում է տերությունների շահերի բախման հանգուցակետի. Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Գրիշա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ստեղծված իրավիճակում Սյունիքը միջազգային հարաբերությունների իմաստով աստիճանաբար վերածվում է տերությունների շահերի բախման հանգուցակետի: Թուրք-ադրբեջանական տանդեմն այն դիտարկում է որպես գլխավոր խոչընդոտ թյուրքական աշխարհի միավորման ճանապարհին և այդ միջանցքն ունենալու համար կիրառում է բացահայտ ու ոչ բացահայտ միջոցներ ու քայլեր: Տարածաշրջանում ազդեցիկ ուժի վերածվող Իրանը Սյունիքի սահմանները դիտարկում է որպես կարմիր գիծ և բացահայտ անընդունելի ու անթույլատրելի է համարում սահմանների ցանկացած փոփոխություն: Իսկ Ադրբեջանն ուղղակի սարսափում է իրանա-ամերիկյան հարաբերությունների դրական միտումներից: Ինչու՞: Բանն այն է, որ այս հարաբերությունների կարգավորման արդյունքում իրանական նավթն ու գազը Հայաստանի, Վրաստանի վրայով և Սև ծովով կարող են հասնել Եվրոպա: Իսկ ում շահերին է հակասում այս երևույթը: Բնականաբար՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, որոնցից առաջինը ձգտում է դառնալ Եվրոպայի համար էներգակիրների կարևոր մատակարար, իսկ երկրորդը՝ տրանզիտի առանցքային օղակ: Բացի այս հանգամանքից, Հնդկաստանը ևս, ուղղակի թե անուղղակի, մասնակցություն կունենա Սյունիքի շուրջ ընթացող իրադարձություններին: Հնդկաստանի առաջ քաշած «Հյուսիս-հարավ» մեծ ճանապարհի հավակնոտ ծրագիրը, որը պետք է Հնդկական օվկիանոսը կապի Սկանդինավների հետ, իր մեջ ընդգրկում է նաև Հայաստանը (ըստ Հնդկաստանի պաշտոնական շրջանների հայտարարությունների): Այդ ճանապարհի ցամաքային հատվածը սկիզբ է առնելու Իրանի Չաբահար նավահանգստից և Հայաստանով ձգվելու է մինչև Սկանդինավներ: Այս դեպքում Սյունիքը այդ հավակնոտ ծրագրում դառնում է դարպաս: Կա նաև այլ հանգամանք: Իսրայելն իր հերթին առաջ է քաշում Պարսից ծոցը Եվրոպայի հետ կապող տրանս-արաբական երկաթուղու ծրագիր, որը հայտնի է «Տարածաշրջանային խաղաղության ուղիներ» անունով: Այս ծարգիրն ըստ էության ուղղված է Իրանի դեմ: Եթե Իրանը կարողացավ Հայաստանի, Վրաստանի վրայով դուրս գալ Սև ծով և Եվրոպա, ապա Իսրայելական նշված ծարգիրը կորցնում է իմաստը: Կարծում եմ պարզ է, թե իսրայելական ջուրն ինչ գործ ուներ թուրք-ադրբեջանական ջրաղացի հետ:

Այնպես որ, Ադրբեջանի կողմից անընդհատ շահարկվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման պատահական չէ: Դրանով Թուրքիան մի կողմից կհասնի իր պանթյուքիստական երազանքին, իսկ մյուս կողմից կփակի Իրանի հյուսիսային հավակնությունների ճանապարհը, այդպես նրան դուրս մղելով տարածաշրջանային գործընթացներից: Հենց այս ամենի համար է Իրանը Սյունիքի սահմանները դիտում որպես իր համար կարմիր գիծ, որը որևէ փոփոխության ենթակա չէ:

Այս ամենը տեղի է ունենում տարածաշրջանում ռուս-ամերիկյան մրցակցության հիմնագույնի վրա: Ժամանակին Թրամփի մեկուսացման քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ը կարծես ձեռքերը ետ քաշեց տարածաշրջանից և, արդյունքում, հայտնվեցինք ռուս-թուրքական գործարքների հորձանուտում, ինչը տեսնում ենք: Իսկ Բայդենի վարչակազմի ակտիվացման միտումները տարածաշրջանում նոր իրողություններ են առաջ բերելու և, հույս ունեմ, տարածաշրջանի քարտեզն այլևս չի վերաձևվի ռուս-թուրքական տարօրինակ սիրախաղի արդյունքում:

Յուրօրինակ իրավիճակ են ենթադրում իրանա-ամերիկյան հարաբերությունների բարելավման միտումները, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության: ԱՄՆ-ը բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից կամ թուլացնել նրա ազդեցությունը, իսկ Ռուսաստանը ամեն ինչ անելու է այստեղ ամրապնդվելու համար: Մեզանից անկախ հայտնվել ենք հզորների շահերի ու հետաքրքրությունների բախման հանգույցում այն պահին, երբ, ցավոք, դադարել ենք տարածաշրջանում գործոն լինելուց: Հայաստանի ճկուն քաղաքականության դեպքում հնարավոր է նույնիսկ շահել, եթե կարողանանք խելացի օգտագործել աշխարհաքաղաքական որոշ իրողություններ: Բայց, ինչպես միշտ, մենք ուշանում ենք և ինչո՞վ ենք զբաղված: Կուսակցությունների միջև գզվռտոցին զուգահեռ, զբաղված ենք նոր կուսակցությունների ձևավորումով և կուսակցությունների հնչեղ անունների փնտրտուքով: Մեզ առավել քան երբևէ անհրաժեշտ է միաբանություն, ներքին կայունություն և ազգային արժեքները գնահատող ու աշխարհաքաղաքական իրավիճակը ընկալող իշխանություն:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել