Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ամենքս պետք է կամք դրսևորենք ու տեր լինենք Սյունիքին. Մհեր Քումունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

📣Սիրելի՛ սյունեցիներ, մենք պետք է հասկանանք, որ իրադարձությունները մեզնից անկախ են զարգանում: Չպետք է տարվենք սովորական բամբասանքներով, կոմպլեքսավորվենք սոցցանցերով մեզ հասցեագրված վիրավորանքներից, անցյալի սխալներից չպետք է վհատվենք. պարտությունը մեր հաղթանակի դասն է… Եվ չպետք է անհոգ դառնանք ոգևորող սին կոչերից: Ներքաղաքական հարցերը երբեք չեն շտկվի, և դա բնական է, ուստի անհոգ նստել ու ապիկար իշխանության հերթական ձախողմանը սպասել, մեր տգիտությունը կլինի… Պատկերացնո՞ւմ եք՝ տեղեկատվությունն է մեզ թուլացրել… Ինչ զենք էլ լինի, միևնույն է, հողային հարցը լուծվում է մեկի գրավումով ու մյուսի լքումով: Մեզնից որևէ մեկը չի ցանկանում լքել Սյունիքը: Որևէ մեկից սպասելիք չունենք, որևէ մեկը մեր տունը չի պաշտպանելու (այդ թվում պետությունն ու պետությունները): Մեզնից որևէ մեկը չպետք է համարձակվի ստվերում մնալ, անհոգ լինել, անորոշությունից հույսով տարվել, անկարող ձևանալ կամ վախկոտությունը քողարկել «քաղաքական խաղեր են՝ գործ չունեմ», «ես զենք չեմ տեսել» և նման խուսանավումներով: Ամենքս պետք է կամք դրսևորենք ու տեր լինենք Սյունիքին… Պիտի հասկանանք, որ եկել է մեր մահը հիմա հանուն հայրենիքի, ու մենք պատրաստ ենք, այլապես մեր վաղաժամ անպայքար մահը փոխանցելու ենք մեր երեխաներին, մեր սերունդներին… Սյունիքը չպետք է դառնա կարոտի ու թախծի երգ՝ Վան, Կարս, Տիգրանակերտ ու Մուշ, Շուշի ու Հադրութ… Եվ եթե ցանկանում ենք որևէ կերպ օգտակար լինել մեր երեխաներին, թոռներին, ուրեմն նրանց համար հարստություն կուտակելու դիմաց ընտրենք արժանավոր մահը՝ հանուն ապրելու, տուն կառուցելու դիմաց ընտրենք զենքը՝ հանուն վաղվա խաղաղության, կրթենք մեր երեխաներին ու կանանց՝ զենք բռնել, վիրակապել, մեքենա վարել…

✊Մենք ենք Հայաստանը, մեր ուսերին է Հայաստանի Հանրապետության պետականությունը: Օրհնված է Սյունիքը. անանկախության դարերում անգամ այստեղ ինքնիշխան ենք եղել, օտարն իրեն զգացել է օտար, ու այս ամենին Աստված նեցուկ է եղել, բայց հիշենք, որ թյուրքերն էլ Ալլահ ունեն… Հիշենք՝ մեր մեջքը մեր լեռներն են, մեր ապաստարանները եղել են ու են ձորերը, որտեղ սատանաներն են անգամ սարսափում մտնել… 5000 տարուց ավել այստեղ ենք ապրել, որևէ պահ չի եղել, որ Սյունիքը զրկվի հայից… Հայկականությունն այնքան խորն է այս հողի ու լեզվի մեջ, ու այդ ամենը մեզ փոխանցվել է երեկվա զրկանքներով, անձնազոհություններով… Ուրեմն՝ յուրաքանչյուրից սկսած՝ զինվենք կամքով, պատրաստ լինենք պատերազմի, ապրենք հազար անգամ մահը տեսածի ոգով ու աշխարհին նայենք տիրոջ աչքով… Կամ մենք ենք մեռնում հանուն մեր հայրենիքի կամ անտարբերությամբ ու մորթապաշտությամբ մեր բաժին մահը կտակում ենք մեր երեխաներին, նրանց ենք կտակում պանդուխտ ապրելու «համակեցությունը». ազգային պետություն չունես, ուրեմն հպատակ ես մի ուրիշին, ուրեմն մշտապես վտանգված է ունեցածդ, հավերժ գաղթական ես օտար հողերում…

✊Տա՛ Աստված, որ ոգեկոչումս ու անհանգստությունս սին լինեն, ու ամեն բան ավարտվի հենց մեր ուզածով, տա՛ Աստված, որ չլինեն պատերազմներ, բայց երբեք չենք ների մեզ զգացածն ու պատմության դասերից քաղածը չբարձրաձայնելու համար, չենք կարող համակերպվել համատարած ու աննեցուկ հույսերին, անտարբերությանը ու կողք քաշվելու, գործ չունենալու դավաճանական վարքին, վախկոտի մտածողությանը…

📣Հստակորեն գիտենք մի քանի բացարձակ ճշմարտություն, որոնք պետք է լինեն մեր ելման դիրքերը՝

✊Թյուրքը շարունակելու է պայքարել Սյունիքով միջանցք ունենալու համար

✊Սև լիճը ընդամենը էպիզոդ է. հիշենք՝ Սյունիքի երկու կողմում թշնամին է. կա՛մ հպատակություն թյուրքին, կա՛մ լքում հայրենին, կա՛մ պայքար ու հաղթանակ

✊Մերօրյա իշխանությունները թույլ կարողություններ ունեն, իշխանատենչ են, ազգային պետականության ըմբռնումները թույլ են

✊Ռուսաստանը մեր ռազմական հիմնական և գլխավոր դաշնակիցն է, նրան երբեք չպետք է անտեսել

✊Թյուրքերին թշնամի ժողովուրդները մեր բարեկամներն են, բայց մենք ենք պայքարելու մեր հողի համար

✊Ներքաղաքական փոփոխությունների վրա հույս դնելը ժամանակի վատնում է, այո՛, XXI դարում հնարավոր է ինքնապաշտպանական և ֆիդայական կազմավորումներով պահպանել հայրենիք ու ձեռք բերել կորսվածը

✊Միաբանություն՝ անկախ տարաբնույթ շահերից…

✊Լինել համայնքային իշխանությունների հետ ու նրանց կողքին

✊Սառնասրտություն… Ամեն բան հնարավոր է՝ ռմբակոծություն, ընդհարում սահմանին ու ճանապարհին…, բայց թյուրքը վախկոտ է

✊Վախկոտությունը, անտարբերությունը, սին հույսերը թյուրքի հետ են ու մեր թշնամիներն են…

✊Ազգային երազանքներից չպետք է հրաժարվել…

Մհեր Քումունց

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել