Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աստված մեզ ազատի «փրկիչներից». Հ. Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Քաղաքական զարգացումների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Համակարգ» ակումբի համահիմնադիր, 1998 թվականին նախագահի թեկնածու, նախկին պատգամավոր, ճարտարագետ-ռադիոտեխնիկ Հրանտ Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, ընկերներով ստեղծել եք «Համակարգ» ակումբը։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ ի՞նչ եք անում, ինչպե՞ս եք փորձելու ազդել ներքաղաքական գործընթացների վրա Հայաստանում։ Նաև Արցախի հետ կապված ի՞նչ եք որոշել անել։

– Ակումբը «Համակարգ» անվանումով դեռևս ներկայացված չէ հասարակությանը։ Մենք Կարեն Վարդանյանի շրջապատում եղած մարդկանցով մեր սեփական տեսակետներն ենք ճշտում ներկա իրավիճակի վերաբերյալ։ Եվ խնդիրն իսկապես երկրում գործընթացների վրա էական ազդեցություն ունենալն է։ Իմ կարծիքով՝ այս ընտրությունները շեղող հանգամանք են ընդհանուր խնդիրների լուծման ճանապարհին։ Բայց, այնուամենայնիվ, տեսակետս այն է, որ նոր ձևավորվող հարթակները պետք է ընտրություններին մասնակցեն, եթե իհարկե դրանք տեղի ունենան։ Պետք է մասնակցեն ընտրություններին, որ գոնե մենք էլ իմանանք՝ մարդիկ ում են կարող վստահորեն ձայն տալ, որ հետագայում մեր տեսակետը լսեն Ազգային ժողովի ամբիոնից։ Բայց ընտրությունները սովորաբար գալիս ու արձանագրում են այն վիճակը, որը կա։ Դա ընտրությունների հիմնական ֆունկցիան է։ Իհարկե, նախընտրական քարոզչության ընթացքում կարող են իրավիճակներ փոխվել, բայց դրանք կայուն գործընթացներ չեն և կանխատեսելի չեն, հատկապես Հայաստանում։ Ավելի կարևոր եմ համարում, որ նախորդ տասնամյակների և հատկապես վերջին 3 տարվա իրադարձություններն ավելի խորն ուսումնասիրվեին, քան այն մեկնաբանությունները, որ մենք լսում ենք պաշտոնեական ամբիոններից և լրատվամիջոցներից։ Եվ Հայաստանն այդ դասերի վրա շտկումներ կատարեր ներքին և արտաքին քաղաքականության մեջ։

-Արդեն որ ստեղծված իրավիճակում ուրվագծվում են քաղաքական ուժերի դաշինքների մոտավոր կազմերը, կա՞ կուսակցություն, որի հետ քննարկումների, շփումների մեջ եք այս ընտրություններին ընդառաջ։

-Ճիշտն ասած, ես ակտիվ հետևում եմ այնքանով, որ հնարավորություն ունեմ։ Բայց ավելի շատ նոր ստեղծվող հարթակներ, նոր դեմքեր, նոր մարդիկ, ում մենք ճանաչել ենք որպես լավ մասնագետներ՝ իրավաբաններ, կազմակերպիչներ, խորհրդատուներ, այսպիսի մարդկանց ներգրավում ենք մեր քննարկումների մեջ։ Բայց ընդհանուր գործընթացից իհարկե շատ դժգոհ եմ։ «Դժգոհ»-ը նույնիսկ այն բառը չէ, որովհետև մեր հասարակությունը, հատկապես իր տեսանելի մասով, այն մասը, որ այսբերգի վերևի մասն է, ադեկվատ չի պահում իրեն կոնկրետ իրավիճակի հետ համեմատած։ Ինձ համար՝ որպես չափանիշ եթե ցանկանամ գնահատել որևէ անհատի կամ նոր ստեղծվող կուսակցության, նոր ստեղծվող խմբի, ադեկտվա՞տ է, թե՞ չէ ստեղծված իրավիճակին, մի հարց եմ տալիս ու դրանից որոշում իմ հեռավորությունն այդ սուբյեկտից՝ «Արդյո՞ք դուք հասկացաք, որ Արցախը պետք է պաշտոնապես հայտարարվի Հայաստանի անբաժան մաս, որպեսզի այսօրվա Արցախի նույն ճակատագրին չարժանանա նաև Սյունիքը»։ Բայց եթե 30 տարի չենք հասկացել, 3 տասնամյակ չենք հասկացել, որ մեր երկրի մի հատվածն օտարելով մեզնից և թողնելով, որ ուրիշը որոշի, թե ում է պատկանում մեր երկրի այդ հատվածը, մենք այդպես կարող ենք մաս-մաս կորցնել ամբողջ Հայաստանը։ Իհարկե ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա, որովհետև մի քանի հարյուրամյակ մենք Աստծո պահած ժողովուրդ ենք (այսպես, «Աստված» լայն իմաստով), որ ինքներս մեր գլխի ճարը չենք տեսնում, բայց, այնուամենայնիվ, շարունակում ենք գոյություն ունենալ։ Մենք մեր բնատուր տաղանդները, հանճարները չենք օգտագործում երկիր կառուցելու, ազգերի ընտանիքներում մեր ճիշտ տեղը գտնելու համար, բայց, այնուամանայնիվ, կանք ու ապրում ենք։ Մեզնով հետաքրքրվում են, մեզնից հարցնում են, մեր մասին մտածում են, ուսումնասիրում են մեզ։ Բայց մի օր մենք պետք է ոտք դնենք այդ զարգացման ճանապարհի վրա։ Եվ ցանկալի է, որ դա լինի հիմա։ Բայց դե, ոչ ընտրություններով։ Ընտրությունները շատ լավ բան են, բայց պիտի կրկնվեմ․ ընտրությունները գալիս ու ֆիքսում են այն վիճակը, որը գոյություն ունի։ Իսկ մեն դեռ համապատասխան քարոզչություն չենք արել։ Այն քարոզչությունը, որ կա պատերազմից հետո, շոկը և հուսահատությունը խորացնող քարոզչություն է։ Հուսադրող որևէ բան չեմ տեսնում։ Իսկ վերջին հաշվով երկրի ժողովուրդն է որոշելու, թե այս երկիրը որտեղից է գալիս, ուր է հասել, ուր է գնում։

-Այս իշխանությունների օրոք ազատ, արդար ընտրությունների համար հնարավորություն տեսնո՞ւմ եք։ Թե՞ պետք է ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի, օրինակ՝ տեխնոկրատներից, տարբեր գործիչներից,  և հետո ժամանակավոր կառավարության ներքո անցկացվեն ընտրություններ։

-Գիտե՞ք՝ ինչ։ Եթե անհատների կամ անհատների խմբի դերը տվյալ հասարակության մեջ այսքան մեծ է, անկախ ամեն ինչից էլի՝ լավն են այդ անհատները, թե վատն են, դա արդեն երկրի, ժողովրդի համար բացասական ցուցանիշ է։ Խոսքերով չէ, էլի։ Մենք 3 տարի առաջ էլ հույս ունեինք, որ նախորդ տարիներից պետք է դասեր քաղած լինեն։ Հույս ունեինք, որ սերնդափոխություն է տեղի ունեցել։ Հույս ունեինք, որ ավելի խորը պետք է դիտարկվեն արտաքին մարտահրավերները։ Բայց պարզվեց, որ ճիշտ հակառակն է։ Ես չեմ ուզում այս իշխանություններին հատուկ իմ գնահատականը տալ, որովհետև պարզից էլ պարզ է, որ մենք հայտնվել ենք մղձավանջից ավելի վատ երազի մեջ, որից չենք կարողանում արթնանալ։ Անձամբ ինձ համար թեկուզ կանխատելի էր այն, ինչը որ հիմա տեղի է ունեցել։ Նույնիսկ, ասենք, պարտությունը։ Նույնիսկ, ասենք, Արցախը կորցնելու հեռանկարը, Սյունիքի հետ կատարվողը։ Դեռևս դպրոցական տարիքից հակաթուրքական քարոզչությունը եղել է, մենք միշտ էլ իմացել ենք Թուրքիայի ծրագրերը, նրա ընդլայնման ցանկությունները։ Բայց այս արագությամբ, այս ցավալի կորուստներով, իհա՛րկե, որևէ հայի համար դժվար է եղել պատկերացնել։ Այս իշխանությունների մասին խոսելը, ընդհանրապես իրենց անունը տալը ես համարում եմ կեղծ օրակարգ։ Հիմա պետք է իրենց մոռանալ, անկախ նրանից, որ պետական ռեսուրս ունեն, ինչ ունեն։ Իրենց մասին պետք է մոռանալ և Հայաստանի ապագայի մասին ծրագրերը կազմել։ Իսկ թե ինչպես տեղի կունենա զարգացման գործընթացը, դա միայն մեզնից չի կախված։ Այսինքն, տարբեր հարթակները, որ ստեղծվում են, նոր խմորումները, որ հասարակության մեջ կատարվում են, դրանք, ուրեմն, պետք է ճիշտ հունով զարգանան։ Իսկ ճիշտ հունը պարտադիր չէ իմ ասածով լինի․ յուրաքանչյուր գրագետ մարդ հասկանում է՝ ինչ է նշանակում երկիր կառուցել։ Ա՜յ, եթե բոլորը տարրական կերպով կառուցողական գործընթացի մասին մտածեն, իսկ հները ոչ թե մտածեն հնից եկող վախերի ու բարդույթների մասին, այլ փորձեն իրենց ռեսուրսները նույնպես համաձայնեցնեն կոնկրետ իրավիճակի հետ, այդ ժամանակ անխուսափելիորեն տրամադրությունների փոփոխություն կլինի։ Նույնիսկ չեմ վախենա այդ բառը կրկնել, որ 3 տարի առաջ տեղի ունեցած մտքի հեղափոխությունը կխորանա, կդառնա գործնական ծրագիր, ու կամաց-կամաց դուրս կգանք այն փոսից, որի մեջ հայտնվել ենք հիմա։ Անձամբ ինքս կարծում եմ, որ անդառնալի կորուստներ, բացի իհարկե զոհերից, որը շատ ցավալի է․․․ մնացածն անդառնալի կորուստ չեմ համարում։ Գործընթացներ են տեղի ունենում աշխարհում, ուղղակի պետք է մտածված ու կազմակերպված գործել, երկիրը ոտքի կանգնեցնել։ Առանց «փրկելու», Աստված մեզ ազատի «փրկիչներից»։

Սերգեյ Առաքելյան

Աղբյուրը՝ hraparak.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել