Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ենթադրվող քաղաքական մեծ անցուդարձին ակամայից մասնակից կլինենք առանց զենքի. Մհեր Քումունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Մհեր Քումունցն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի համաթյուրքական նկրտումներին և Հայաստանում ազգային միասնության կարևորությանը: Նա գրել է.

Վերջին ամիսներին առավելապես ցայտուն է նկատվում, որ Թուրքիան ցանկանում է ամփոփվել համաթյուրքական մի տարածքում, որը ներառում է Ադրբեջանն ու Միջին Ասիան, իսկ առանձին համայնքներում, գաղթօջախներում և պետական միավորումներում տեղակայում է «ականներ», որոնք միտված են համաթյուրքական թիկունքը պահելուն: Այս գործողությունները, ինչպես նկատում ենք, շատ արագ են կատարվում: Մի կողմից նա մոտենում է Չինաստանին և պարփակում հարավային Ռուսաստանի սահմանները, մյուս կողմից փորձում է անջրպետ ստեղծել հյուսիսի և հարավի միջև՝ երկրորդ պլանում թողնելու աշխարհում տեղի և դերի մրցակցությանը հավակնորդ պետություններին՝ Պարսկաստան, Հանդկաստան և այլն: Իմ խորին համոզմամբ՝ սա Էրդողանի ցնդաբանական նկրտումներն են, որոնց հետ «կատվի խաղ է» սկսել ՌԴ-ն: Մենք Էրդողանի քայլերը աշխարհի համար որակում ենք «ցնդաբանական», բայց այս առաջնորդը իսկապես կարողանում է միավորել թյուրքական ցեղային միությունները (պետական մակարդակով): Այս համատեքստում Հայաստանն ինչ էլ աներ, միևնույն է, բախվելու էր այս չարիքին՝ անկախ կառավարման համակարգից, իշխանական էլիտայից և աշխարհաքաղաքական հարաբերություններից: Անկախ մեր կամքից՝ մենք մասնակից ենք այս «խաղին», քանի որ հասունացել են այն տարածքն ու հանրությունը, որ կոչվում է Ադրբեջան՝ թյուրքական բովանդակությամբ և ազերական անուն-հագուստով՝ հաստատված Հարավային Կովկասում (կովկասյան ցեղերի՝ պետություն ունենալու հարցը այլևս փակված է թյուրքերի կողմից, և այդպես էլ սրանք (կովկասցիները) ցեղային վիճակից չկարողացան բարձրանալ պետություն պետական համակարգ ունենալու մակարդակին): Ցավոք չունենք ազգակից երկրորդ պետություն. հնդեվրոպական զարմիկ ժողովուրդներից շատ ենք հեռացել լեզվով, կրոնով և ինքնագիտակցությամբ: Եթե ուշադրություն դարձնենք պատմությանը, կտեսնենք, որ թյուրքերի՝ Մերձավոր Արևելքում հաստատվելուց ի վեր պարբերաբար կրկնվել են համաթյուրքական գերտերական ցանկությունները և պարբերաբար ընդհատվել նախ Պարսկաստանի, ապա Ռուսական կայսրության հետ բախումներով: Նկատում ենք նաև, որ դեպի Եվրոպա նկրտումները թուլացել են Հունաստանին սատարող եվրոպական գրեթե բոլոր երկրների շնորհիվ: Այսպես ասած՝ Եվրոպայում բացակայում է Ադրբեջան, որը տուրք կտա համաթյուրքական ծավալապաշտական իղձերին: Էրդողանը դա կթողնի իր հաջորդներին, երբ Եվրոպայի ժողովրդագրական պատկերը փոխվի, որ սարերի ետևում չէ: Բացի այդ, թյուրքերը հասկացել են, որ Կովկասի զավթմամբ և համաթյուրքական շփման գծի ձեռքբերմամբ տնտեսական լուրջ կախման մեջ կթողնի Եվրոպային (իմ պատկերացմամբ՝ մոտ 40%-ով): Ցավոք նկատվում է նաև, որ Էրդողանը և նրա վարչակազմը չեն ցանկանում դեպի Արևելք ձգվող իրենց տենչերը թողնել քաղաքական հաջորդ սերնդին: Սրանք փառքի քաղցով են տարված: Պայթունավտանգ է իրավիճակը աշխարհի քաղաքական մեծ խաղերի մասնակից պետությունների համար: Սիրիան չդարձավ համաշխարհային նոր պատերազմի օջախ, և Թուրքիան բավականին թուլացրեց իրեն սահմանակից հարավային գոտիները, ամրապնդեց դիրքերը և հաստատեց իր վտանգավոր լինելը:

Բայց արդյոք Արցախն ու Սյունիքը, որ իսկապես համաթյուրքականության անջրպետն են, կարող են դուրս մնալ այդ խաղից: Իհարկե ոչ: Այնպես որ՝ ենթադրվող քաղաքական մեծ անցուդարձին ակամայից մասնակից կլինենք առանց զենքի, բայց գոնե պատրաստ լինենք միաբանական կամքով և ազգային մեկ ուղիղ նպատակով. ապրել հայրենիքում: Գուցե տարօրինակ և անհնարին թվա, բայց մեր քաղաքական այրերից, խմբերից և խմբակցություններից ուղղակի պահանջվում է ներողամտություն միմյանց հանդեպ (չարակամությունը մեզ ներսից փտեցնում է), գտնել համախմբման եզրեր՝ հիմք վերցնելով ոչ թե անձնական կամ իշխանական շահերը, անցյալի սխալներն ու կորուստները, այլ ազգի գոյատևման հրատապ խնդիրը, նոր եղեռնից խուսափելը: Չէ՞ որ այդ կուսակցական նախագծերը և ծրագրերը այս երկրի ներսում հանգում են մի կետի: Վերցրեք բոլորիս միավորող այդ կետը: Ժողովուրդը մոլորված է ու շատ է հոգնել, փոքր բամբասանքներով ահագնացող նսեմ հարցերը մեզ կապանքների մեջ են պահում ու զրկում շրջահայացությունից: Ներդաշնակություն է պետք բոլորիս ընտանիքներում, գյուղերում ու քաղաքներում, որպեսզի առողջ լինենք և վերաձևավորենք մեր կեցության և ազգային իղձի հիմնապայմանը՝ կամք ու կյանք հանուր ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել