Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քրտնաջան աշխատանք է պետք, ոչ թե էյֆորիկ թուլացում. Զաքար Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը և աշխարհաքաղաքական կենտրոնների խաղերին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգին՝ Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Տարիներ առաջ, երբ Ֆրանսիայում առաջ բերվեց Ցեղասպանությունը քրեականացնող օրենքի նախագիծը և մինչև վերին օղակներին հասնելը ճանաչվեց իրենց պալատներում, երիտասարդներն ու տարբեր կուսակցություններ միտինգ էին անում՝ Merci France վանկարկելով։ Տղերքից մեկը զանգեց ինձ, թե որտե՞ղ ես, ասեցի տանը։ Ասեց տենց է էլի, մենք գործ ենք անում, դու տանն ես։ Ասեցի, եթե ձեր արած գործը էդ է, ուրեմն դուք գործ արեք, ես էլ թող տանը մնամ։ Իսկ իրականում, Ֆրանսիան դեռ պիտի հատուցի Կիլիկիան թուրքերին նվիրելու համար, ու էս քայլը նախ իրեն է պետք, մնացածի մասով էլ կխոսենք ավելի ուշ․․․

Հիմա ԱՄՆ նախագահի կողմից “Ցեղասպանություն” եզրույթի օգտագործման էս թեման է։ Ամբողջ տեքստը կարդացե՞լ եք։ Ցեղասպանություն բառն օգտագործվեց, այո՛, Ռեյգանից հետո՝ երկրորդ անգամ։ Բայց տեքստի մեջ գրված էր նաև, որ սա դատապարտում չէ ինչ-որ մեկին, այլ ապագային ուղղված քայլ է, որ տեղի ունեցածը չկրկնվի։ Եւ իր խոսքում ընդգծում էր հաշտեցման հարցը։

Սա Հայ Դատի գրասենյակի տարիների աշխատանքի արդյունքն է։ Ժամանակին, մարդիկ կային, որոնք բոցաշունչ ելույթներ էին ունենում և չէին վարանում տարբեր առիթներով ընդգծել, որ հազարավոր դոլարներ են վատնվում “հանուն ոչնչի”, և որ այդ բառն արդեն իսկ մի անգամ արտասանվել է և հերթական անգամ արտաբերումը առանձնապես ոչինչ չի տա։ Վերջերս, այդ նույն շրջանակները իրենց բնորոշ երեսպաշտությամբ, հիմա էլ շրջանառում էին, թե ամեն ինչ արվում է, որ Բայդենը չարտասանի այդ բառը։ Ինչ խոսք, ծիծաղելի կլիներ այս ամենը, եթե այդքան տխուր չլիներ։ Գեոպոլիտիկ կենտրոնների հերթական խաղում Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործվում է իբրև մանրադրամ՝ հերթական անգամ։Հիմա հանրության մի մասը Բայդենի և ԱՄՆ թեման շրջանառում է արևմտամետության ծիրում, մյուս մասը՝ հակառակը, փորձում է տեղի ունեցածի կարևորությունը զրոյացնել։ Սա մոտավորապես նույնն է, ինչ Ցեղասպանության հարյուր ամյա տարելիցին տարբեր գերտերությունների ղեկավարներից Պուտինի այցը Ծիծեռնակաբերդ շահարկվում էր տարբեր գեոպոլիտիկ թևերի կողմից՝ համապատասխան երանգներով։

Իրականում ի՞նչ կտա այդ բառի արտաբերումը Հայ Դատին՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ հարցը դեռ լուծված չէ։ Եւ լուծված չէ առնվազն այնքանով, որ հենց ԱՄՆ նախագահի կողմից սահմանագծված Հայաստանի զգալի մասը դեռ օկուպացված է Թուրքիայի կողմից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց ցեղասպանական գործունեությունը։

Ընդհանուր առմամբ սա զուտ հերթական քայլն էր, որն ինչ-որ չափով դրական իմպուլս կհաղորդի Հայոց Դատի արդարացի լուծմանը։ Անհրաժեշտ է ասել վարձքներդ կատար սրա համար տարիներով ջանք գործադրած ուժերին և հատկապես Հայ Դատի գրասենյակին, որ գեոպոլիտիկ հանգամանքները հաշվի առնելով, ճիշտ պահին օգտագործեցին հնարավորությունը։ Բայց վերջնարդյունքում սա դեռ առանձնակի բան չի փոխում մեր խնդրում։ ԱՄՆ հաջորդ նախագահն էլ կարող է նորից չօգտագործել այդ տերմինը, եւ ի՞նչ։ Նորից սկսելու ենք գումարնե՞ր ծախսել դրա վրա։

Հայկական պետականության անկյունաքարային հարցերից էին Արցախի խնդիրը և Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը։ Արցախյան խնդրում հետքայլ ունենք, և իշխանությունը փորձում է փակել թեման՝ անշրջելի դարձնելով Արցախի 75% կորուստը, իսկ Ցեղասպանության հատուցման մասին խոսք անգամ չկա այսօր։ Հետևաբար, այս երկու հարցերում ընդհանուր առմամբ փակուղային վիճակ է, առավել ևս, երբ խոսք է գնում ոչ թե հատուցման, այլ հաշտեցման մասին (առանց հատուցման)։

Թե ինչ կլինի սրանից հետո, կրկնում եմ, ժամանակը ցույց կտա։ Ընդհանուր առմամբ, ահռելի աշխատանք ունենք դեռ, և բաղձալի արդյունքի հասնելու համար քրտնաջան աշխատանք է պետք, ոչ թե էյֆորիկ թուլացում։ Այս պահին, Արցախի մեծ մասը չկա, իսկ Ցեղասպանություն եզրույթն արտաբերված է։ Այ հիմա կսկսվի իսկական քաղաքական ճգնաժամը արտաքին քաղաքականության մեջ։ Այ հիմա արդեն պետք է տեսնել, թե ինչպիսի նոր օրակարգ առաջ կգա Հայոց պետականության քաղաքական պահոցում․․․

Աստված մեզ օգնական․․․ Թող մեր ժողովրդին խելք ու իմաստություն տա Աստված, որպեսզի հերթական անգամ չդառնանք մանրադրամ Գեոպոլիտիկ խաղերում․․․

#Հատուցում

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել