Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Խոստումս նույնն է, Անդրանիկ, որպես ծնող՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ լինելու քո կատարած ընտրությանն ու սխրանքին․ Ատոմ Զոհրաբյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Atom Zohrabyan-ի ֆեյսբուքյան էջից․

Անդրանիկս…Հիշեցի քո վերջին հեռախոսազանգն ու մեր վերջին խոսակցությունը 5 տարի առաջ, մարտի 29-ին: Կեսգիշերին մոտ էր, իրար հետ զրուցեցինք, հետո մամայիդ հետ խոսեցիր… երկար չխոսեցինք, էդպես էր միշտ: Ասացիր, որ պատրաստվում եք ապրիլի 1-ին դիրքեր բարձրանալու: Առողջական փոքր խնդիր ունեիր, երբ այդ մասին հարցրեցի՝ պատասխանեցիր, որ դատարկ բան է, հետդ դեղ ես վերցնում, կկարգավորվի…<<Չմտածես, պապ ջան, կանցնի, կգնա>>…Պապ ջան…Մինչև հիմա ականջիս մեջ է ձայնդ… հազվադեպ էիր էդպես դիմում, երևի ընդամենը երկու կամ երեք անգամ, այն էլ բանակից, ու այն էլ 2016-ի հունվարին՝ առաջին անգամ: Քո ոճը չէր,միշտ զուսպ ու չափի մեջ ես եղել, անգամ զգացմունքներդ արտահայտելիս քեզ շատ բաներ թույլ չես տվել, դաստիարակությունդ էր պատճառը, երևի… Հաճելի էր, ինչ խոսք: Հետո հասկացա՝ մեծացել ես, ուզում ես անգամ խոսքով հոգ տանել, հոգալ էսպես՝ տղամարդավարի, մեծավարի: Միշտ էդպես ենք վերաբերվել մեկմեկու, առանց ավելորդությունների, տղամարդավարի, զուսպ ու հավասարակշիռ: Ես դա արել եմ ծնողական բավարարվածության զգացումով ու ներքին խանդաղատանքով, որ որդիս տղամարդ է մեծանում, իսկ դու՝ անթաքույց հպարտությամբ, որ կարողանում ես կյանքում քեզ բաժին ընկած դժվարությունները հաղթահարել ոչ թե դրանք շրջանցելու, այլ դրանց վրա կանգնելու՝ դժվարությունները կոտրելու և դրանք մարսելու գնով քո ուզածին հասնելու մղումով:
Հետո եղավ ապրիլի 2-ը: Դու կյանքդ տվեցիր, որ մենք քո ապրած տարիները հաշվենք քո պահած հողի վրա ապրող մարդկանցով: Եղավ 2020-ի 44-օրյան: Հիմա մենք պետք է ձեր առաջ ազնիվ լինենք,տղաս, պետք է ձեր մոտ գալուց կարողանանք նայել ձեր աչքերին, չամաչենք, ինչպես այսօր, չփախցնենք մեր հայացքը, որի պատճառը այսօրվա ամոթալի ու պարտված վիճակն է: Թշնամին մեր տուն է մտել: Բայց մենք հետ ենք գալու, տղաս, անպայման հետ ենք գալու մեր սրբավայր Արցախ, ու ոչ մի թշնամի թուրք, թրքաբարո ստահակ ու ազգադավ ապիկար չի կարողանալու զրկել մեր երեխաներին, ձեզնից հետո եկողներին իրենց փոքր ու մեծ երազանքներին ձգտելու, նպատակ դնելու ու դրան հասնելու կամքից, ուժից ու եռանդից: Ու դա լինելու է յուրաքանչյուր Հայի հոգում, ում համար հայկական բարքերով ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական եկեղեցին, ազգային պետությունը և մեր սրբությունների ու արժեքների պահապան Հայոց Ազգային Բանակը բացարձակ, գերագույն և անփոխարինելի արժեքներ են: Խոստումս նույնն է, Անդրանիկ, որպես ծնող՝ մինչև իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ լինելու քո կատարած ընտրությանն ու սխրանքին:
Հավերժ փառք հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր զավակներին…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել