Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայոց բանակը Հայ ժողովրդի պարծանքն է, ու ժողովուրդը պարտավոր է միշտ լինել բանակի կողքին՝ դառնալով ազգ – բանակ. Կամո Աթայան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Ներկայացնում ենք Կամո Աթայանի հարցազրույցը Aysor.am-ին,

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Կամո Աթայանը Aysor.am-ին է տրամադրել իր հոդվածը, որտեղ նա վերլուծում է Արցախյան պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները:

Այո, անցած տարվա սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի ու ահաբեկիչների գործուն մասնակցությամբ Արցախի դեմ սկսած պատերազմում հայկական կողմը 44-օրյա պայքարից հետո ստորագրեց ստորացուցիչ հայտնի հայտարարությունը, որը փաստորեն մեզ համար համարժեք էր կապիտուլյացիայի:

Ընդունելով աքսիոմատիկ ճշմարտությունն առ այն, որ Հայոց բանակը մեր լինելիության գրավականն ու անվտանգության հիմնական երաշխավորն է, կարծում եմ, միայն այս պատերազմում ունեցած թերությունների մատնանշմամբ ու դրանց աստիճանական վերացմամբ, պայթունավտանգ տարածաշրջանում կրկին կլինենք հզոր և հաղթող: Հայոց բանակը Հայ ժողովրդի պարծանքն է ու ժողովուրդը պարտավոր է միշտ լինել բանակի կողքին՝ դառնալով ազգ – բանակ:

Որո՞նք էին այս պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները, գումարելիները և բացթողումները: Ընդհանրապես, պարտության պատճառները ռազմաքաղաքական, ռազմավարական, մարտավարական, անարդյունավետ կառավարման, տնտեսական, նյութատեխնիկական, դիվանագիտական ու գիտատեխնիկական և տեխնոլոգիական բնույթի են:

Սեփական վերլուծություններով, ունեցած տեղեկատվությամբ, ականատեսների վկայությամբ, առանց դասակարգման և հակիրճ դրանցից են.

  • Անկազմակերպվածությունն, անկառավարելիությունը և քաոսը, որը տիրում էր պետության մեջ և բանակում, այն էլ պատերազմի առաջին իսկ օրը հայտարարված ռազմական դրության պայմաններում.
  • Հայկական բանակի գիտատեխնիկատեխնոլոգիական ապահովության ցածր մակարդակը: Ժամանակակից ԱԹՍ-երի ծայրաստիճան պակասը մեր բանակում: Ունեցած անօդաչուների անարդյունավետ օգտագործումը, կամ էլ ընդհանրապես դրանց չօգտագործումը: ՌԷՊ /ռադիոէլեկտրոնային պայքար/ և ֆիզիկական մեթոդներով, միջոցներով ու մոտեցումներով թշնամու ԱԹՍ-երի դեմ պայքարի ժամանակակից մեթոդների, միջոցների ու մոտեցումների պակասը և ունեցածի մետաղաջարդոն համարելը.
  • Պատերազմական իրավիճակում գտնվող պետությանը հարիր գիտատեխնիկատեխնոլոգիական կարևոր միջոցներ, մասնավորապես, համապատասխան ուղղվածության արհեստական սեփական արբանյակ չունենալը.
  • Հանրակրթության համակարգում բնագիտական, ճշգրիտ և տեխնիկատեխնոլոգիական կրթության ցածր մակարդակր, և ընդհանրապես կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչների դերի չգիտակցումը.
  • Պատերազմի սկզբում պետության և բանակի օպերատիվ կառավարման նպատակով Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/ և նրան կից ռազմաքաղաքական խորհուրդ չստեղծելը: Ռազմական խորհուրդի կազմը կլիներ փոփոխական, ու ըստ անհրաժեշտության այդտեղ կայացրած որոշումները կարող էին քննարկվել և ընդունվել ՊՊԿ-ում: Նման և հաջողված մասնակի փորձ կար նախորդ պատերազմում.
  • Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության չճանաչումը, և ընդհանրապես ՀՀ, ԱՀ փոխհարաբերությունների անդեմ, անորոշ ու հեղհեղուկ վիճակը.
  • Բանակում չհիմնավորված պաշտոնանկությունները և անփորձ ու անձնական նվիրվածության հողի վրա հրամանատարների նշանակումները վերջին տարիներին ու պատերազմի նախօրյակին.
  • Պաշտոնաթող, փորձառու ռազմական գործիչների ներուժի և հնարավորությունների ոչ լիարժեք ու ոչ նպատակային օգտագործումը պատերազմի ընթացքում.
  • Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորի՝ ՀՀ-ի բանակային կայացած ստորաբաժանումների տեսքով, կենդանի ուժով, նյութատեխնիկական միջոցներով Արցախի ՊԲ-ին օժանդակության ուշացնելը կամ այն լրիվությամբ չիրականացնելը.
  • Ժամանակակից տեխնիկատեխնոլոգիական պատերազմի վարման պրոցեսում ՄՈԲ-ի ոչ լիարժեք կիրառումը, կամավորականների և առանձին ջոկատների լայնորեն, սակայն չներդաշնակեցված և անարդյունավետ օգտագործումը, կամ էլ նրանց անիմաստ ձևով ու չարդարացված կորուստներով թիկունքում պահելը.
  • Կենդանի զինուժի և ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի տեղաշարժերը և տեղափոխումները՝ առանց հստակ քողարկման կամ էլ դրա կանոնների ձևական պահպանմամբ.
  • Կարևոր ռազմական օբյեկտները, հոսպիտալները, զինվորական շարասյուները, հատուկ զինատեսակները և այլն հակադրոնային պաշտպանող միջոցներով չապահովելը.
  • Խուճապի զանգվածային դրսևորումների արմատախիլ չանելն ու խուճապ առաջացնողների և տարածողների նկատմամբ զինվորական կարգին ու ռազմական դրության պայմաններին հարիր միջոցառումներ չկիրառելը, դասալքության նկատելի դեպքերն ու դրանց կոշտ մեթոդներով համապատասխան վերաբերմունքի չարժանացնելը.
  • Ունեցած հզոր զինատեսակների՝ թշնամու հատուկ ու ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ արդյունավետ չօգտագործելը.
  • Ունեցած հզոր զինատեսակների, թշնամու ԱԹՍ-երի, ճշգրիտ հրետանու ակտիվության պայմաններում անիմաստ թիրախ դարձնելը.
  • ՀՕՊ և հրետանու ուժերի և միջոցների մեկնարկային դիրքերի մտածված փոփոխությունների չենթարկելը.
  • Պատերազմական իրավիճակում բարձր հրամանատարական կազմի անարդյունավետ քայլերի ու անիմաստ ռազմական օպերացիաների առատությունը.
  • Զինկոմիսարիատների ոչ հստակ աշխատանքը, զորահավաքային ռեսուրսի ոչ նպատակային կիրառումը, պարեկային ծառայության, պարետատների և ռազմական ոստիկանության չկոորդինացված աշխատանքները.
  • ՀՀ վարչապետի և այլ քաղաքական գործիչների անիմաստ լայվերի, ուղերձների առատությունը, դրանց ոչինչ չասող երկարաշունչ բովանդակությունը և ժամանակային անհամաչափությունը, ինչպես նաև դրանցում ռազմական գաղտնիք պարունակող տարրերի առկայությունը.
  • Զորակոչվածների հետ անհրաժեշտ մարզումային և ուսուցողական պարապմունքների կազմակերպման պակասը և կազմակերպած նման միջոցառումների անարդյունավետ լինելը.
  • Պատերազմի ընթացքում ԳԳՀ-ի և ԳՇ-ի կողմից ուժերի հարաբերակցության, նյութատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ հիմնավորումների, և ժամանակին օպերատիվ կարգով դրանցից բխող անհրաժեշտ որոշումների չընդունումը, և համապատասխան քայլերի չկատարումը կամ ուշացած կիսաքայլերի իրականացումը.
  • Բարոյահոգեբանական ոչ բարվոք վիճակը և ռազմահայրենասիրական դաստիարակության ոչ լիարժեք մակարդակը ու համապատասխան ակտիվ միջավայրի պակասը բանակում.
  • Հարմար տեղամասերում, օկուպացված վայրերում, անտառներում և անմատչելի լեռներում լիարժեք պարտիզանական շարժում և պայքար կազմակերպելու անկարողությունն ու անգրագիտությունը.
  • Բանակ-հասարակություն, բանակ պետություն, անարդյունավետ և հաճախ ձևական բնույթ կրող կապերը.
  • Ռազմական կրթության և ռազմական գիտության ոչ բարվոք վիճակը ՀՀ-ում և ԱՀ-ում.
  • Պատերազմի ողջ ընթացքում գեբելսյան ոճով կազմակերպած ու իրականացրած պատերազմական իրավիճակի վերաբերյալ լրատվությունը, որտեղ իշխում էր սուտը, կեղծիքը և դիլետանտությունը.
  • Հիմնական ռազմավարական դաշնակցի, գործընկերոջ ընձեռած լայն հնարավորություններից ու պոտենցիալից լիարժեք չօգտվելը.
  • Պատերազմի հենց սկզբնամասում, միջնորդների ու Մինսկի խմբի անդամ պետությունների ակտիվ միջնորդությամբ ու օժանդակությամբ այն չկանգնեցնելը.
  • Պատերազմում թշնամու կողմից միջազգային ահաբեկիչների լայն օգտագործման փաստն ու իրողությունը գործող միջազգային օրենքներով ի օգուտ մեզ չկապիտալացնելն ու աշխարհում թշնամու նկատմամբ համապատասխան բացասական ֆոն ու կարծիք չստեղծելը.
  • Մեր զինվորների, զորակոչվածների կողմից կապի ժամանակակից միջոցներից լայնորեն ու անարգելք օգտվելը և դրանով իսկ թշնամու գերճշգրիտ զենքերի համար թիրախ դառնալը, ինչպես նաև հաճախ բջջային կապը բանակային կապի միջոց դարձնելը.
  • Մեր բանակի, նրա համապատասխան ստորաբաժանումների կողմից մեծ և հատուկ դիվերսիոն գործողությունների ի սպառ բացակայությունը.
  • Հավանաբար նաև մեր բանակային հետախուզության ոչ արդյունավետ աշխատանքը, մասնավորապես, վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո իրավիճակի ուսումնասիրման, տեղում համապատասխան թուրք զինվորական կոնտինգենտի, տեխնիկայի, ժամանակակից ռազմական ավիացիայի առկայության ու նաև պատերազմի հնարավոր սկզբի վերաբերյալ տեղեկատվության ձեռք բերման ուղղությամբ.
  • Ջաբրայիլի ուղղությամբ ճեղքումը գերմեծ, գերմարդկային ջանքերով ժամանակին չկանգնեցնելն ու դրանով իսկ փոքր ինչ փոփոխված և տեղաշարժված ճակատային գծի պահպանումը կամ վերականգնումը, որը հարյուրավոր կիլոմետրերով միանգամից չէր ավելացնի ռազմաճակատի երկարությունը, որտեղ այդպես էլ նկատելի պաշտպանություն չկազմակերպվեց ու ի վերջո այն դարձավ մերձարաքսյան տարածքների, Հադրութի շրջանի, Ավետարանոցի ենթաշրջանի և Շուշիի գրավման ու մեր պարտության պատճառը.
  • Ջաբրաիլի ճեղքումից հետո այդտեղից մինչև Կովսական և ՀՀ սահման կարելի էր անտառապատ ու բարդ լեռնային տեղանքը իմացողների ուղեկցմամբ փոքր, բայց արհեստավարժ ու մոբիլ ջոկատներով և պարտիզանական խմբերով ոչ միայն պաշտպանել, այլ նաև հյուծել և արնաքամ անել թշնամուն: Այդ բարդ հետագծով թշնամու անարգելք անցումը դեպի Շուշի և նրա կողմից բերդաքաղաքի գրավումը անհավանական երևույթ էր:

Նկատենք, որ 1992-ին «Հարսանիք լեռներում» հոյակապ նախագծված և իրականացված ռազմական օպերացիայի շնորհիվ հայկական ջոկատները Շուշին գրավեցին՝ հարձակվելով դժվարամատչ բոլոր ուղղություններով՝ բացի թշնամու տրամադրության տակ գտնվող Շուշի – Լաչին ուղղությունից /ճանապարհից/:

2020-ին թշնամին փաստացի միայն Քարին տակի ուղղությամբ ու մասամբ նաև Լիսագոր – Շուշի հատվածով իրականացրած գերակտիվ տեղաշարժերով կարողացավ աներևակայելի հեշտ ձևով տիրանալ ամրոց քաղաքին…

  • Ցածր է մեր զինվորականների, զորակոչվածների և աշխարհազորի տեղանքում կողմնորոշվելու վերաբերյալ գիտելիքներն ու ունեցած կարողությունները և հմտությունները.
  • Զինվորականներին համապատասխան պաշտպանող միջոցներով, և տեսադիտողական անհատական հարմարանքներով ապահովման ցածր մակարդակը.
  • Ջաբրայիլի ճեղքումից հետո, սկսած Հադրութի սահմանային գյուղերից, Արաքսի հովտով մինչև ՀՀ սահման հնթացս ոչ միայն չպատրաստվեցին պաշտպանական բնագծեր, այլև բավականին անփույթ ձևով տեղահանեցին քաղաքացիական բնակչությանը: Այն դեպքում, երբ կարելի էր բնակչության ակտիվ հատվածին նաև ներգրավել պարտիզանական խմբերում և պաշտպանական բնույթի ինժեներաշինարարական աշխատանքներում.
  • Բավականին տխուր էր անկազմակերպ, աննպատակ նահանջը, որի ընթացքում մենք ոչ միայն ահռելի քանակությամբ զոհեր տվեցինք, ունեցանք մեծաթիվ գերեվարվածներ ու անհետ կորածներ, այլ նաև ռազմական տեխնիկա, ռազմամթերքների պահեստներ ու բավականին ռազմական չպայթեցված օբյեկտներ ու զորանոցներ, քաղաքացիական օբյեկտներ թողնվեց թշնամուն.
  • Բանակը հասարակության հայելին է, որտեղ արտացոլվում են նաև հասարակական կյանքի, հասարակության տարբեր խավերի տարատեսակ տրամադրություններն ու դրսևորումները: Այդ առումով կարելի է պնդել, որ ինչ վիճակում նախապատերազմական մեր հասարակությունն էր, համարյա նույն վիճակում էլ բանակն էր:

Քաղաքականացված, սևերի ու սպիտակների, յուրայինների ու ոչ յուրայինների, նախկին կոռումպացվածների ու նրանց սատարողների, ամեն ինչում կիսագրագետ ու դիլետանտ քայլիստների ու զոմբիների, ֆեյսբուքյան վիրտուալ տիրույթում մշտապես բնակվողների ու ֆեյքաբանակի… ահա այսպիսին էր մեր՝ մշտապես պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի նախապատերազմյան հասարակությունը.

  • Ընդհանուր առմամբ, մեզ չհաջողվեց երկիրը դնել ռազմական ռելսերի վրա ու վարել Հայրենական պատերազմ.
  • Պատերազմը սկսում է այն ժամանակ, երբ պարտվում են դիվանագիտությունն ու քաղաքականությունը: Պատերազմի ողջ ընթացքում արդյունավետ դիվանագիտությունը բացակայում էր: Պատկերացնում եք՝ ինչ կլիներ/համեմատած այժմ մեր ունեցածի հետ/, եթե պատերազմը կանգնեցվեր այն սկսվելուց մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս շաբաթ հետո:

Հայ ժողովուրդը, նրա մասնիկ յուրաքանչյուր քաղաքացի, պարտավոր է վառ պահելու մեր հազարավոր անմեղ զոհերի, պայծառ երիտասարդների հիշատակը, որոնց բացակայությունն ապրողներս դեռ շատ ենք զգալու…

aysor.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել