Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պատրաստակամորեն լավը տարել եմ առաջ, իսկ վատին լինելու եմ դեմ․Սոֆյա Հովսեփյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ներկայացնում ենք parliamentmoniroring.am հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

–Տիկին Հովսեփյան, մանդատ ստացաք «Իմ քայլի» նախընտրական ցուցակով, և առանց մանդատից հրաժարվելու՝ դուրս եկաք խմբակցությունից. Ձեր նոր կարգավիճակով ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել խորհրդարանում:

–Շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես աշխատել եմ։ Ունեմ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկում-ընդունումը հանգամանքների բերումով նախորդ տարի հետաձգվեց։ Դրանցով եմ զբաղվելու։ Բացի այդ, շարունակելու եմ աջակցել սոցիալական տարբեր խմբերին՝ վիրավոր զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքներին։ Իմ գործունեության ծավալների մեջ որևէ բան չի փոխվի:

Մտավախություն չունե՞ք, որ դժվարություններ կունենաք:

–Դժվարություն ունեի նաև այն ժամանակ, երբ համարվում էի այդ թիմի անդամը, որովհետև այդքան մեծ խմբակցության մեջ գործ չանող մարդկանց թիվն ավելի մեծ է, քան գործ անողների։ Այնպես որ, դժվարությունը նորմալ է, որ լինի։ Իհարկե, հենց առաջին օրվանից ունեմ դժվարություններ, բայց ինձ չեն վախեցնի։

Տեղեկություններ տարածվեցին, որ Ձեզ սպառնացել ու շանտաժի են ենթարկել «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ: Այդպե՞ս է։

–Ես երբեք նրանցից սպառնալիք չեմ ստացել, շանտաժ չի եղել։ Նախ՝ որովհետև երբեք չեմ ապրել այնպես, որ կարողանան որևէ կերպ ինձ շանտաժի ենթարկել կամ վախեցնել։ Ես հաստատ այն մարդը չեմ, որը սպառնալիքով կամ շանտաժով սկզբունք և արժեք կփոխի: Ինձ ճանաչող որևէ մեկը չէր համարձակվի նման բան անել։

–«Իմ քայլի» պատգամավորները բավական բուռն արձագանքեցին խմբակցությունից դուրս գալու Ձեր որոշմանը: Նրանցից մեկը ասել էր, որ միֆ է, թե կարող եք իմաստալից խորհրդարանական գործունեություն ծավալել։ Ի՞նչ կասեք այդ մասին։

–Ովքեր փորձեցին ինձ այդպես վարկաբեկել ու թերահավատորեն արտահայտվել իմ գործունեության մասին, եթե նույն մոտիվացվածությամբ աշխատեին, երկրում նման իրավիճակ չէինք ունենա։ Եթե օրնիբուն աշխատեին ու բանսարկությամբ չզբաղվեին, իրավիճակն այլ կլիներ: Ես իմ անձնական շահի համար չեմ աշխատելու, ես գործելու եմ երկրի լավագույն շահի համար, ինչպես եղել է մինչ այժմ։

–Ասում են՝ բարոյական չէ լիդերի ստվերի ներքո գալ խորհրդարան և հեռանալ խմբակցությունից՝ վայր չդնելով մանդատը։

–Մի քիչ ծիծաղելի է ինձ հեղինակազրկելու այս արշավը։ Դա ցույց է տալիս, որ ես ինձանից որևէ բան ներկայացնում եմ։ Չեմ ուզենա այդ հայտարարություններին անդրադառնալ, միայն մի բան կասեմ՝ ավելի անբարոյական է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում են, թե անձնվիրաբար կծառայեն ժողովրդին, իսկ պատգամավոր դառնալուց հետո մոռանում ծառայության մասին։

–Իսկ այսուհետ հանդես եք գալու որպես ընդդիմադի՞ր:

–Պատրաստակամորեն լավը տարել եմ առաջ, իսկ վատին լինելու եմ դեմ: Քննադատելու եմ՝ ինչպես նախկինում, ինչպես քննադատել եմ իշխող ուժի ներսում։ Որևէ բան իմ գործունեության մեջ չի փոխվելու, որևէ քաղաքական ուժի հետ չեմ համագործակցելու։ Եթե որևէ անհատ պատգամավոր, ընդդիմադիր կամ իշխանական խմբակցություն լավ նախաձեռնություն ներկայացնի, աջակցելու եմ: Եթե երկիրը կործանող, հակահայ գործողությունների գնան, պայքարելու եմ, ինչպես արել եմ։ Այսպես չեմ խոսում, որովհետև խմբակցությունից դուրս եմ եկել, այսպես խոսել եմ միշտ։

–Հակահայ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, նման նախագծե՞ր են եղել։

–Մի շարք ծրագրեր, որոնք ազգային արժեքներից հեռացնող են, պարբերաբար գլուխ էին բարձրացնում, հետո կորում։

–Դուք կողմ եք արտահայտվել վարչապետի հրաժարականին։ Կմասնակցե՞ք իմպիչմենթի գործընթացին, որին փորձում է հասնել խորհրդարանական ընդդիմությունը:

–Նայած՝ ընդդիմությունը ինչ է առաջարկելու։ Եթե առաջարկելու է իրենց տարբերակը, որն այսօր առաջարկում է փողոցում (նկատի ունի Վազգեն Մանուկյանին-հեղ.), ես դեմ եմ, ինչի մասին ի սկզբանե հայտարարել եմ։ Բայց վախենամ, որ «Իմ քայլում» շատերը կողմ լինեն Վազգեն Մանուկյանին։ Ես դեմ եմ արտահայտվել ու դեմ էլ լինելու եմ։ Եթե լինի ժամանակավոր կառավարություն, որն անցումային փուլը գրագետ կկազմակերպի ու բացառապես երկրի շահերի պաշտպանությանը միտված գործընթաց ծավալի, ես կողմ կլինեմ։ Ինձ համար երկրի շահն է կարևոր, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կապրիզը։

Վարչապետի թեկնածու լինելու մասին հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը…

–Եթե անկեղծ՝ ես չեմ համարում, որ Մարուքյանը կարող է լինել անկողմնակալ ժամանակավոր կառավարություն ստեղծողը, այսինքն՝ նրան չեմ տեսնում այդ համախմբողի, ժամանակավոր կառավարության ղեկավարի դերում։ Այլ հարց է, եթե ընտրությունների արդյունքներով ժողովուրդը ընտրի նրան։ Այդ ժամանակ իմ ցանկությունը շատ փոքր է։ Իսկ հիմա, երբ խորհրդարանական ընտրություններ չեն և ժամանակավոր կառավարություն ստեղծելու խնդիր կա, նրան ես չեմ կարող կողմ քվեարկել։ Ընդդիմադիր երկու խմբակցությունների առաջարկներն էլ ես չեմ ընդունում։

–Այդ դեպքում՝ ի՞նչն է Ձեզ համար ընդունելի, եթե կողմ եք, որ Փաշինյանը հրաժարական տա։

–Այն, ինչին ես կողմ էի, «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում հայտնել եմ: Խոսել եմ այդ մասին նաև առանձին պատգամավորների հետ։ Քանի դեռ իրենք այդ մասին չեն խոսել, ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել, որովհետև հանդիպումը փակ է եղել։

parliamentmoniroring.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել