Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեր մեջ է մեր փրկության ուժը. Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Ամիս ու կես է անցել չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից, իսկ մենք դավաճան ու գլխավոր մեղավոր փնտրելուց բացի ոչինչ չարեցինք, պետության ու բանակի կառավարիչ այրերից՝ բացի միմիանց մեղադրելուց, ուրիշ ոչինչ չլսեցինք, տեղեկատվական դաշտում միմյանց վրա կեղտաջուր լցնելուց բացի ուրիշ ոչինչ չտեսանք: Եվ այս իշխանական վակումի, քաոսի պայմաններում ոչ իշխանությունը և ոչ էլ ընդիմությունը չկարողացան դուրս գալ իրենց էգոյի սահմաններից և վեր դասել պետականությունը, միասնական ուժերով գնալ վերահաս մարտահրավերներին ընդառաջ: Ինչու այսպես… Ու ինչուներ են մեր հոգում, մեր մտքում, մեր իրականության մեջ…
Ինչու՞…
Որովհետև մենք չկարողացանք տարբերակել ազգային արժանապատվությունը և ազգային սնապարծությունը: Մեր մեջ չկարողացանք հաղթահարել գայթակղիչ ու ոգևորիչ սնապարծությունը և այն մեզ կերավ, մեր մեջ սպանեց ազգային արժանապատվությունն ու մեզնից կերտեց պարզունակ ինքնահավանների, անսխալականների, ոչնչով չհիմնավորված ինքնավստահների կերպարներ: Եվ այդպես կորցրեցինք իրականությունն ընկալելու, ժամանակաշրջանի մեջ կողմնորոշվելու այդքան կարևոր ունակությունը:
Ինչու…
Որովհետև մենք մեզ համարում էինք աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը և բավարարվում միայն բավարարված զգալով: Այո, մենք իսկապես ամենահներից մեկն ենք, բայց դա չափանիշ չէ ժամանակակից աշխարհում, չասենք հեղինակավոր, գոնե համեստ տեղ ունենալու համար: Արդյո՞ք մենք աշխարհին կարողանում ենք ներկայանալ որպես դարավոր մշակույթի կրողներ, արդյո՞ք կարողանում ենք հավուր պատշաճի մեր ազգային արժեքների տերը լինել կամ դրանք ներկայացնել աշխարհին:
Ինչու…
Որովհետև պատերազմի օրերին անընդհատ շեշտվող մեր առաջին քրիստոնյա լինելու հանգամանքը, մեզ թվում էր, թե բավարար է, որպեսզի քրիստոնեություն դավանող Ռուսաստանն ու Արևմուտքն օգնության ձեռք մեկնեն: Պատմությունից դասեր չառնելու ցցուն օրինակ, քաղաքական միամտության մնացուկ: Մեր սեփական պատմությունն է մեզ հուշում, որ մեծ քաղաքականության մեջ առաջին քրիստոնյա կամ ընդհանրապես քրիստոնյա լինելու հանգամանքը որևէ արժեք չունի, վկա հենց քրիստոնյա <եղբայրների> կողմից տանջված ու չարչրկված հայկական հարցը միջազգային դիվանագիտական ատյաններում: Ժամանակն է հաշվի նստել, լրջորեն հաշվի նստել ընդհանրապես աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում ստեղծված իրողությունների հետ և մշակել քաղաքական ծրագիր ու գործնական ռազմավարություն:
Ինչու…
Որովհետև մեր ազգային-ազատագրական պայքարը, որի ակունքները գտնվում են միջնադարում, այդպես էլ չծնեց, ազգային իրականության մեջ չձևավորեց այն գաղափարախոսությունը, որը պետք է միավորեր մեզ: Այդպես էլ, Չարենցի ասած, մնացինք <անղեկ ու անգաղափար>:
Ինչու…
Որովհետև մեր <ես>-ը մեզ կերավ ու կլանեց, ու մենք դարձանք <ես>-երի հանրություն, առանց <մենք>-ի: Ամեն մեկս մեր <ես>-ի համար մարտնչելով, ավերեցինք մեր <մենք>-ը: Եվ միաբան ենք այնքանով, որքանով այդ միաբանությունը կսպասարկի մեր <ես>-ին: Ահա այստեղ է մեր անմիաբանության, ինքնակազմակերպվելու անկարողության, միմիանց նկատմամբ ունեցած չարության, ծայրահեղությունից ծայրահեղություն լինելու, միջինը չընդունելու, անհանդուրժողականության հոգեկերտվածքի ակունքը:
Ինչու…
Որովհետև մենք այս երեսուն տարիների ընթացքում ոչ թե յուրացրինք, տերը եղանք մեր անկախությանը, այլ ավելի շատ մի անբարտավան հաճույքով ու աններելի անտարբերությամբ մսխեցինք այն:
Ինչու…
Որովհետև մենք եկեղեցի ենք այցելում, բայց աստծոն հավատացող չենք: Մենք պետություն ունենք, բայց պետությանը հավատացող չունենք, օրենքներ ունենք, բայց օրենքին հավատացող ու օրենքը հարգող չունենք, տեսնում ենք իրականությունը, բայց այն ներկայացնում ենք մեզ համար ցանկալի ձևով…
Ասածս ինքնախարազանում մի ընդունեք: Ոչ, հազար անգամ ոչ…Այս ամենը ընդամենը դիտեք որպես իրականության աչքերին ուղիղ նայելու փորձ…
Մենք հրաշալի կրթված, հայրենասեր ու հայրենապաշտ սերունդ ունենք, վկա այս պատերազմը: Ներկան նրանցն է, ոչ թե անկարողության մեջ խարխափող իշխանությանը կամ ընդամենը քաղաքական ամբիցիաներով տառապող ընդիմությանը:
Մեր մեջ է մեր փրկության ուժը, ակունքը, մեր միասնության մեջ է, միմյանց վստահելու, միմյանց հանդուրժելու մեջ է…
Իրականությանն ուղիղ նայելու ժամանակն է, մեր սխալներն ընդհանրացնելու և դրանք որպես դաս դարձնելու ժամանակն է…
1940 թվականի հունիսին Ֆրանսիայի՝ Գերմանիայից կրած խայտառակ պարտությունից հետո, Անդրե Մորուան գրում է. <Ինձ թվում է, որ ճշմարտությունը, որքան էլ այն ցավալի լինի, անհամեմատ ավելի նվազ վտանգավոր է իմ հայրենիքի համար, քան այդ բոլոր բարբաջանքները>։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել