Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
«Հայաստանը գիտատեխնիկական հեղափոխության կարիք ունի». Նաիրա Հովակիմյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Գիտնական, մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանը Իլինոյսի համալսարանի Մեխանիկայի գիտության և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր է։ Նաիրա Հովակիմյանն իր մագիստրոսի աստիճանը ստացել է 1988-ին Երևանի պետական համալսարանում, իսկ թեկնածուական թեզը պաշտպանել է 1992-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Կիրառական Մաթեմատիկայի ինստիտուտում։ Մինչ 2008-ին Իլինոյսի համալսարանում աշխատանքի անցնելը, Նաիրա Հովակիմյանը որոշ ժամանակ որպես գիտաշխատող աշխատել է Գերմանիայիում՝ Շտուտգարտի համալսարանում, Ֆրանսիայում՝ INRIA-ում, ԱՄՆ-ում` Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում և 2003-2008-ին Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանում որպես պրոֆեսոր։ Նա երկու գրքի, վեց պատենտի, ինչպես նաև 400-ից ավել գիտական հոդվածների հեղինակ է։ 

ԵՐԵՎԱՆը զրուցել է գիտնականի հետ Հայաստանի նոր ապագայի, գիտատեխնիկական զարգացման անհրաժեշտության ու հնարավորությունների մասին։ 

Ճանապարհ դեպի բոլոր հարցերի պատասխանները 

Երբ Հայաստանում ուսանող էի, չէի կարողանում ստանալ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Ամեն անգամ, երբ իմ դասախոսներին հարցնում էի, թե օրինակ՝ ինչո՞ւ ենք այս խնդիրը այսպես ձևակերպում կամ լուծում, երբեք սպառիչ պատասխան չէի ստանում։ Ինձ միշտ ասում էին, որ դա հետաքրքիր մաթեմատիկական խնդրի դրվածք է, իսկ վերջնական իրագործումն արդեն ինժեներների գործն է։ Ես պատրաստ էի անքուն գիշերներ անցկացնել թեորեմներ ապացուցելով, կարդալով, միայն թե ստանայի ինձ հուզող հարցերի սպառիչ և ավարտուն պատասխանները, բայց չէր հաջողվում և հետաքրքրությունս մնում էր չսպառված։

Համալսարանն ավարտեցի 1988-ին՝ Հայաստանի համար բավականին դժվար ժամանակ, և գիտական հեռանկար չտեսնելով՝ մեկնեցի Մոսկվա, քանի որ արևմուտքի առջև դռները դեռ փակ էին։ Ես հույս ունեի այնտեղ գտնել բոլոր հարցերի սպառիչ պատասխանները, սակայն չգտա։ Այնտեղ էլ խնդրի ձևակերպման հիմնավորումը կարող էր լինել որևէ ռուսական դպրոցի կամ հայտնի գիտնականի կողմից տվյալ ձևակերպման ընդունելի լինելու փաստը։ Կարծես թե շղթան երբեք չէր փակվում: Քանի որ իմ գործի ամենամեծ դատավորը հենց ես եմ և միշտ ձգտում եմ գոհացնել ինքս ինձ, ես հասկացա, որ պետք է շարունակեմ փնտրել և գտնել այն միջավայրը, որտեղ գիտությամբ զբաղվելիս ես կհասկանամ, թե ինչ խնդիր եմ լուծում, ինչու եմ խնդիրն այդպես ձևակերպում, ինչու եմ գերադասում մի ապացույցի տեխնիկան մյուսին և ինչու է մի ենթադրություն այդ ապացույցի կոնտեքստում ավելի գերադասելի մյուսի համեմատ։ Եթե կարողանամ գոհացնել ինքս ինձ, դրանից ավելի մեծ երջանկություն ինձ համար չկա։ Ահա թե ինչու միշտ ձգտել եմ այնտեղ, որտեղ կստանայի ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները, որոնք չգտա նույնիսկ Գերմանիայում և Ֆրանսիայում աշխատելու տարիներին։ Այդ «ինչու»-ներն ինձ տարան ԱՄՆ և ես կարողացա այնտեղ գտնել դրանց պատասխանները։ 

Այս ճանապարհն ինձ համար շատ կարևոր էր։ Ես զբաղվել եմ մաթեմատիկական ղեկավարման տեսությամբ, իսկ այժմ՝ ինքնակառավարվող համակարգերով, որոնք կարող են կիրառվել ինչպես անօդաչու թռչող սարքերում, այնպես էլ տարբեր ինքնակառավարվող համակարգերում, որոնք բարձր ճշգրտության կարիք ունեն, ինչպես օրինակ՝ նավթարդյունաբերության և բժշկության մեջ։ Ես ակադեմիական գիտաշխատող եմ, բայց աշխատելով տարբեր կիրառությունների հետ, փորձում եմ միշտ խորանալ տվյալ ոլորտի մեջ, որպեսզի կարողանամ գտնել իմ արդյունքի ճիշտ կիրառությունը։ 

Պետք է որոշենք, թե ինչ ճանապարհով ենք ուզում շարժվել

Կարծում եմ՝ Հայաստանի ավելի լավ ապագան կախված է նրանից, թե Հայաստանում ինչ ներդրումներ կարվեն, զարգացման ինչ ճանապարհ կընտրվի և թե առհասարակ, մարդիկ ինչ ուղղությամբ կորոշեն առաջ շարժվել․․․ 

Հայաստանը գիտատեխնիկական հեղափոխության կարիք ունի

Հայաստանը պետք է վերածվի մի երկրի, որտեղ մարդիկ զբաղվում են առաջատար գիտություններով և առաջ են շարժվում՝ մերժելով միջակությունը։ Առանց այս ամենի նոր ապագա լինել չի կարող։ Ցավոք, այսօր ես Հայաստանում շատ առաջատար գիտական թիմեր և գիտության մեջ մեծ ներդրումներ չեմ տեսնում։ Եթե լինեն նման բաներ, ապա միգուցե հնարավոր է ունենալ նոր ապագա։ Սակայն պետք է հաշվի առնել, որ գիտության զարգացումը մեկ-երկու օրում չի լինում, պետք է գիտական դպրոցներ զարգացնել, ինչը միջինում տևում է 20-30 տարի։ Մեկ-երկու գիտնականով գիտություն չես կառուցի, պետք են երկարատև ներդրումներ, այնպես որ՝ արագ արդյունք ակնկալել չենք կարող։ 

Պետք է ճիշտ նպատակներ դնել

Ինքներս նախ պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում կյանքից, ուր ենք ուզում գնալ, որտեղ կարող ենք ճիշտ ինտեգրվել և որ ուղղությամբ կարող ենք ինչ-որ բան առաջ տանել։ Մեզ համար պետք է անընդունելի լինի միջակությունը։ Հատկապես, եթե ցանկանում ենք ունենալ գիտատեխնիկական զարգացում, պիտի հիշենք սա։ Սպորտում, օրինակ, կան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ։ Գիտությունը նման բան չի հանդուրժում, այստեղ միայն չեմպիոններ են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել