Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը. Միր Կասիմի բանակի հրամանատար Գեորգի խան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
12 Views

Աստված մի արասցե, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվորեն ու մաքուր սրտով և հավատարիմ են մնում մինչ ի մահ…

Հայերը Հնդկաստանում կենտրոնացած էին հիմնականում Բենգալիա նահանգում, որը ցանկանում էին նվաճել անգլիացիները: Նրանց նպատակը Հնդկաստանը հպատակեցնելն էր, ինչպես նաև՝ հայկական կապիտալին հարվածելը, քանզի հնդկահայերը անգլիացիների համար համաշխարհային առևտրում հզոր մրցակից էին: Եվ անգլիական բանակը արշավեց Բենգալիա՝ ծնկի բերելու ապստամբներին:

1760 թվին Բենգալիայի կառավարիչ նշանակվեց Միր Կասիմը, որը ապստամբություն բարձրացրեց անգլիացիների դեմ: Նրա բանակի հրամանատար է նշանակվում Գեորգի Հարությունյանը: Վերջինս Սպահանում ծնված հայ խոջայական ընտանիքի զավակ էր, որը հաստատվել էր Հնդկաստանում՝ բազմապատկելով իր ընտանեկան կապիտալը: Գրիգոր Հարությունյանը մինչև պատերազմը զբաղվում էր հագուստի և մետաքսի առևտրով: Ստանձնելով Միր Կասիմի բանակի հրամանատարությունը՝ նա կարճ ժամանակում զենք-զինամթերքի արտադրություն կազմակերպեց, հայ-հնդկական միացյալ բանակ կազմեց ու մարտադաշտ դուրս եկավ: Նրա գլխավոր զինագործը հայազգի Շահ Նազարն էր, որը հմուտ էր թնդանոթների արտադրության գործում: Շահ Նազարը հետագայում պատրաստեց Ջամզամա՝ առյուծի մռնչյուն թնդանոթը, ինչը Հնդկաստանի ռազմարվեստի պատմության գլուխգործոցներից է համարվում:

Միր Կասիմի բանակում անվանի զորահրամանատարներից էր Մարգար Քալանթարը, ով գեներալի կոչում ուներ, կանոնավոր ռազմական կրթություն էր ստացել Եվրոպայում, և Միր Կասիմը նրան նաև իշխանի տիտղոս շնորհեց ու փիղ նվիրեց: Իսկ Միր Կասիմի անվտանգության պատասխանատուն Հովհաննես Նազարն էր իր ջոկատով:

Գեորգի խանը շուտով ստեղծեց 15- հազարանոց հեծելազոր և 25- հազարանոց հետևակ` ընդամենը 12 գունդ, խիստ կարգուկանոնով, ուրույն ռազմակարգով, տեղում կազմակերպեց հրացանների արտադրություն, որոնք գերազանցում էին բրիտանական մուշկետներին: Խոջա Գրիգորը նաև հիմնեց հրանոթների ձուլման գործարան:

Անգլիական հետախուզությունն իմացել էր հայերի կազմակերպած թնդանոթների գործարանի մասին, բայց մինչև մարտադաշտում դրանց կիրառումը չէր հավատում փաստին: Հետագայում նույն անգլիացիները բազմիցս խոստովանեցին, որ հնդկական բանակում կիրառվող զենքերը լավագույն զենքերն էին, որ նրանք երբևէ հանդիպել են աշխարհում:

Գեորգի խանի բանակում, ի թիվս այլոց, կռվում էին նաև հայազգի այլ հրամանատարներ` Մարգար Հարությունյանը, Ղազար Հակոբյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարկոս Հազարապետը, Գրիգոր Այվազյանը, Մելքում Աստրախանցին, Նիկողայոս Երևանցին… Մեծ էր հայերի դերակատարությունը Հնդկաստանում, և Միր Կասիմը հայերին սիրաշահելու համար երկրում վերացրեց բոլոր առևտրական հարկերը, իսկ հայերը պարտքի տակ չմնացին ու նրա բանակին մեծ նվիրատվություններ կատարեցին:

Կռիվը սկսվում է, երբ անգլիացիները գրավում են Փաթանա ամրոցը: Գեորգի խանի հրամանով Մարգար Հարությունյանն ազատագրում է ամրոցն ու մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Գեորգին մի քանի փայլուն ճակատամարտեր է շահում, հազարավոր գերիներ ու ավար առնում:

Շուտով անգլիացիների դրդմամբ խառնակչություն է տիրում ապստամբների ճամբարում: Միր Կասիմի մոտ ամբաստանում են Գեորգիին: Սակայն Միր Կասիմը պատասխանում է, որ Գեորգիի խոսքն իր խոսքն է, գործը` իր գործն է: Բրիտանական հետախուզությունն անգամ գործին խառնում է Գեորգի խանի եղբորը՝ Աղա Պետրոսին, որը փորձում է համոզել եղբորը, որ նա կալանավորի Միր Կասիմին ու անցնի անգլիացիների կողմը: Հերոսի պատասխանն ազդու էր. ,Երբ ես ոչ մեկին հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ և բարձրացրեց: Ես դա անել չեմ կարող: Աստված մի արասցե, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվորեն ու մաքուր սրտով և հավատարիմ են մնում մինչև մահ:

Գեորգի խանն աչքի ընկավ հատկապես Սանթադարիայի ճակատամարտում: Ապստամբների ուժերը ղեկավարում էր ազգությամբ գերմանացի Սեմուրը, ում անփութության պատճառով անգլիացիները շրջապատեցին ապստամբներին և կոտորած սկսեցին: Սեմուրը փախուստի դիմեց: Բայց վրա հասած Գեորգի խանը ջախջախեց անգլիական զորքերը, որոնք մեծ կորուստներով ճողոպրեցին մարտադաշտից: Դրանից հետո Գեորգի խանը ազատագրեց Օրիսսա, Բիհար նահանգները:

Գեորգի խանը միշտ շրջում էր առանց թիկնապահների, ինչը դարձավ նրա մահվան պատճառը: Անգլիացիները հասկացան, որ քանի դեռ ողջ է հայ զորավարը, այս պատերազմում իրենք կպարտվեն: Եվ նրանք դավ կազմակերպեցին: Միր Կասիմի մահմեդական զորավարներից Ջանմահմադ Սաբր բեկն էր դավադրության գլուխը: Նա ճամբարում մոտենում է Գեորգի խանին ու պահանջում զինվորների աշխատավարձը: Խանը պատասխանում է, որ օր առաջ են աշխատավարձ տվել ու առաջ է անցնում: Այդժամ դավադիրն իր ընկերների հետ շրջապատում է Գեորգի խանին ու դաշունահարում: Դա 1763 թվականին էր. հայազգի հերոսն ընդամենը 33 տարեկան էր… Ի պատասխան դրա՝ Միր Կասիմի հրամանով սպանվեցին երկրի բանտերում գերի պահվող բոլոր անգլիացիները:

Գեորգի խանի սպանությունից հետո, անգլիացիները նվաճեցին Բենգալիան, որից հետո նրանք սոցիալական ճնշումներ սկսեցին հատկապես հայ խոջայական դասակարգի դեմ, ինչի հետևանքով Հնդկաստանն աստիճանաբար հայաթափվեց:

Աղբյուրը՝ Armtumar-Արմտումար ֆեյսբուքյան էջ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել