Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ամենասուր արտահայտված հիմնական խնդիրն անորոշությունն է․ Զաքար Խաջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Բժիշկ Закар Ходжабагянն իր էջում անդրադարձել է Գորիսի շրջանի սահմանամերձ դարձած մի շարք գյուղերին առընչվող հիմնական հարցերին։ Նա գրել է․

2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ 2021 թվականի հունվարի 3-4, ընկերներիս հետ այցելել ենք Գորիսի շրջանի սահմանամերձ դարձած մի շարք գյուղեր՝ հասկանալու համար իրերի դրությունը, և թե ինչ կարելի է անել՝ սպառնացող արտագաղթը կանգնեցնելու և մի բան էլ՝ ներգաղթ ապահովելու համար, ինչն այս պայմաններում ռազմավարական առանցքային նշանակություն ունի։
Ամենասուր արտահայտված հիմնական խնդիրն անորոշությունն է։ Մարդկանց մեծ մասը չգիտի, թե մի ամիս հետո կամ հենց թեկուզ վաղն՝ ինչ կլինի։ Սրանով պայմանավորված նաև երկարաժամկետ և նույնիսկ կարճաամկետ պլանները դառնում են մի տեսակ օդից կախված, և ստեղծում ապատիկ վիճակ։
Ցավոք սրտի, այդ անորոշությունը պատել է ոչ միայն սահմանամերձ գյուղերին, այլև սպառնում է ողջ պետությանը՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Այնուամենայնիվ, տեղում դոփելը հանցանք է, և անհրաժեշտ է անպայման ինչ-որ բան ձեռնարկել․․․
Այս գրառման մեջ հնարավորինս զերծ կմնամ քաղաքական երանգ պարունակող հայտարարություններից՝ կենտրոնանալով մի քանի գործնական առաջարկների վրա․․․
Խոզնավար գյուղն է, Գորիսին հարակից գյուղերից է․․․
Հայտնի դեպքերից հետո դարձել է սահմանամերձ։ Տեղում ասացին, որ գյուղում մոտ 50-60 ընտանիք է բնակվում։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր, որն արոտավայրերի կորստի հետևանքով, հիմնապես տուժել է։
Առաջին նկարում, կարմիր սլաքով ցույց է տրված մեր դիրքերի տեղակայումը, կանաչով՝ ադրբեջանական, իսկ դեղին սլաքը ցույց է տալիս գյուղի դիրքը՝ նկարելու վայրի նկատմամբ։ Երկրորդ նկարը արդեն գյուղից է արված՝ կարմիր և կանաչ սլաքները ցույց են տալիս հայկական և ադրբեջանական դիրքերը՝ համապատասխանաբար։ Դրանք գյուղից տեսանելի են անզեն աչքով։
Սովետական տարիներին գյուղում կային բավականին հաջող պտղատու այգիներ, որոնց զգալի մասն այժմ ոչնչացված է։ Այդ այգիների հատվածը ներկայումս գտնվում է թշնամու դիտարկման զոնայում։ Գյուղում կան հին հայկական գերեզմաններ, բնակատեղի (թվագրվող մ․թ․ա․ 2-1 հազարամյակով), դամբարանադաշտ (մ․թ․ա․ 2-1 հազարամյակ), տարբեր դարերով թվագրվող խաչեր (ուխտատեղիներ) և խաչքարեր, կիսավեր եկեղեցի, որն, ըստ մասնագետների, 17-րդ դարի է (1675 թ․, Սբ․ Մինաս), իսկ տեղացիներից ոմանց պնդմամբ՝ 14-րդ դարի, և վերջին անգամ մոտ 200 տարի առաջ էր վերանորոգվել։ Գյուղում նաև աչքի ընկնող քարանձավներ և բնակելի քարայրներ (16-20-րդ դարեր) կան, որոնք ներկայումս հիմնականում որպես խոտի ամբար կամ անասնագոմ են օգտագործվում։ Գրեթե բոլոր ընտանիքները ձի ունեն։
Տեղում զրուցեցի գյուղի բնակիչներից ոմանց հետ, փորձելով հասկանալ նրանց կարծիքով՝ գյուղի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորությունները․․․
Բնակիչներից Գուրգենի ուղեկցությամբ շրջեցինք գյուղում, մի քանի լուսանկար արեցի, որոնց մի մասը և այդ կարճատև հանդիպման արդյունքում առաջ եկած մտքերը կներկայացնեմ ձեզ ստորև․․․
Նախ սկսեմ առաջին հայացքից աչքի զարնած բացասական կողմերից, հետո ամփոփեմ դրականով և հնարավորություններով։
Ամենաառաջինը՝ աղբի խնդիրն էր։ Ցավոք տարբեր վայրերում, որոնք կարող էին ծառայել տուրիստական նպատակներով մեծ քանակությամբ աղբ է թափված։ Վտանգ է և այն, որ սարալանջին՝ գյուղից վեր թափված աղբը ժամանակի ընթացքում սպառնում է հենց նույն գյուղին։ Ընդհանրապես տները շարված են սարալանջի երկայնքով և մեկը մյուսի նկատմամբ բարձրադիր և ցածրադիր դիրք են բռնում։ Տեղ-տեղ ճամփեզրերին ևս ահռելի քանակությամբ աղբ կար։ Ցավոք, բայց սա աչքի զարնող ամենավատ կողմն էր։ Ուղեկցող ընկերը նշեց, որ մի քանի անգամ փորձել են կարգավորել, բայց ոչ բոլորն են հետևողական այդ հարցում։ Կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ գյուղն ընդհանուր հեռադիր է և մշտապես գործող աղբատար մեքենաների բացակայությունը, կարծում եմ, և՛ս խնդիր է։
Ըստ իս, տեղում ինչ-որ լուծում պետք է գտնել, և եթե աղբից օգուտ ստանալու ինչ-որ սխեմա մշակվի, հնարավոր է հենց գյուղացիներն էլ շահագրգռված լինեն աղբի տեսակավորմամբ։
Մյուս կողմից, գյուղը բավականին կոլորիտով է, և նույնիսկ եթե միայն աղբի խնդիրը լուծվի, մաքրվի գյուղը և կարգի բերվեն տները, արտաքին տեսքը, ապա միայն այդքանը լիուլի բավարար է, որ ոչմիայն ապահովի բնակիչների կոմֆորտը, այլ նաև դառնա եկամտի աղբյուր՝ տուրիզմի հաշվին։
Տուրիզմն իրականում հեռանկար ունի այդտեղ։ Երևանաբնակ ընկերներից նույնիսկ ցանկություն հայտնեցին ամռանը մի քանի օրով «պոկվել էդ կողմ»՝ աշխարհից կտրված հանգստանալու։ Ասեմ, որ բոլոր նախադրյալները կան․ ձիերը՝ հնարավորություն են ընձեռնում զարգացնել ձիավարությունը, քարանձավները, եթե տեսքի բերվեն, մաքրվեն և ազատվեն, կարող են ծառայել որպես յուրատեսակ «ճաշարան»-խցեր՝ տեղական կերակրատեսակներով հետաքրքրվող գուրմանների համար։
Գյուղին կից՝ ձորով հոսող գետակը բավականին հարմար է ձկնաբուծության համար։ Մի քանի փոքր ավազաններ առանձնացնելով՝ կարելի է 3-4 ընտանիքի ապահովել աշխատանքով։ Իսկ եթե ձկնաբուծություն-խոհանոց-ձիավարություն-պատմամշակութային շրջայց շղթան բերվի մեկ ընդհանուր ցիկլի մեջ՝ կարելի է ողջ գյուղի համար ֆինանսական շրջանառություն ապահովել։
Տեղի բնակիչները վստահեցրին, որ պտղատու այգիները բավականին արդյունավետ են գործել։ Իսկ դրանց հետ միաժամանակ մեղվաբուծություն զարգացնելը՝ երկուստեք օգտակար կլինի, և կարող է դառնալ գյուղի նոր զբաղվածության ուղղությունը։ Եթե մոտակա տարածքում հիմնվի նաև օղիների թորման, չրեղենի և կոմպոտեղենի փոքր ֆաբրիկա, կարելի է դրա հաշվին նույնիսկ բազմապատկել գյուղի բնակչությունը՝ անկախ նրա սահմանամերձ լինելուց։ Ընկերոջս՝ Տեղ գյուղից հայտնի Դավիթի հետ արդեն խոսել ենք գյուղի համար տեղայնացված բարձր բերքատվությամբ պտղատու ձառերի սորտեր ընտրելու հարցը։
Բնակիչները մարտական են տրամադրված, զրույցներից հասկացվեց, որ չեն պատրաստվում լքել գյուղը, բայց և օբյեկտիվ հանգամանքները մեծապես կդժվարացնեն այդտեղ բնակվելը։
Հիմնական մի քանի ուղղությունները, որոնք այդ կարճատև այցի ժամանակ առանձնացրել եմ հետևյալն են․ ձկնաբուծություն, օղու արտադրություն, այգեգործություն, չրեղեն, կոմպոտներ, մեղվաբուծություն, ջերմոցներ, տուրիզմ, հատկապես, գաստրոտուրիզմ՝ էկոսնունդ նախնտրող գուրմանների համար․․․
Կարելի է էլի մտածել, նոր մտքեր գեներացնել, բայց նախ և առաջ անհրաժեշտ է մոտ ապագայի համար կայունություն և որոշակիություն, ինչպես նաև, որ տարբեր գործարարներ և կամ բարերարներ իրենք այցելեն գյուղ և փորձեն տեղում հասկանալ հնարավորությունները՝ դրանով նաև օգնելով այդտեղի կյանքի աշխուժացմանը։
Գյուղն ունի ակումբ («կլուբ»), որի շենքի տանիքը վերջերս է փոխվել, բայց ներսն անմխիթար վիճակում է։ Շենքի ներսում վերանորոգման և գույքի թարմացման խիստ կարիք է զգացվում։ Ներքին կահավորման և վերանորոգման կարիք ունի նաև գյուղապետարանի շենքը, որի ներսում փակցված է տրաֆիկինգի վերաբերյալ մի եվրոցուցանակ, ինչն իրականում ավելի շատ երկիրը լքելու և դրսում աշխատանք որոնելու գովազդ էր հիշեցնում։ Գյուղապետարանի շենքում է գտնվում նաև բուժկետը, որը ևս վերազինման, թարմացման և բարեկարգման կարիք ունի։
Մի խոսքով, կարելի է ասել, որ իրապես անտեսված մի բնակավայր է Խոզնավարը, որտեղ ուժեղ, աշխատասեր և աղ ու հացով մարդիկ են ապրում, որոնց մի փոքր աջակցելու դեպքում հենց իրենք էլ կկարողանան հոգալ իրենց ապրուստի միջոցը և գյուղին զարգացում ապահովել։ Միայն թե մի փոքր ավելի ուշադրության կարիք ունի այդ բնակավայրը, առավել ևս, երբ արդեն դարձել է սահմանամերձ․․․
Սա Խոզնավարի վերաբերյալ մակերեսային ծանոթագրություն էր, կուզեք՝ կոչեք հորդոր, ահազանգ կամ հնարավորությունների ցանկ։ Գրառումս միտված է գյուղական տուրիզմով և էկոգյուղատնտեսությամբ հետաքրքրվողների ուշադրությունն հրավիրելու սահմանամերձ դարձած այս գյուղին։ Եթե կլինեն մարդիկ, որոնք հետաքրքրված են խնդրով, ցանկանում են օգտակար լինել, կամ տեսնում են բիզնես հնարավորություններ, կարող եմ գյուղացիներից կոնտակտներ փոխանցել։ Վստահ եմ, շատերն իրենց համար մի նոր ու հաճելի՝ «աշխարհի ծեր» կհայտնաբերեն՝ «վայրի քաղաքակրթությունից» մի քանի օրով գլուխն ազատելու համար․․․
Հարգանքներով,
Զաքար Խոջաբաղյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել