Մեր բոլոր մարզերը ներդրումային գրավչության տեսանկյունից Երևանի հետ անհավասար մրցակցության մեջ են։ Երևանում են կենտրոնացած ենթակառուցվածների մեծ մասը, կադրային բազան, հաճախորդների մեծ մասը, ժամանցային ենթակառուցվածները և այլն։ Արդյունքում ցանկացած ներդրում ավելի շահավետ է անել Երևանում, անկախ հողի թանկությունից, քան մարզերում։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հումքը մարզերում է (օրինակ կաթը), միևնույն է կաթնամթերքի արտադրությունն ավելի շահավետ է հիմնել Երևանում, քանի որ շուկան հիմնականում Երևանն է։
«Հայաստանի բանկերի միության» կողմից «Ինչպես զարգացնել մարզերը» թեմայով քննարկման էի մասնակցում մոտ մեկ շաբաթ առաջ։ Քննարկման ժամանակ ես առաջարկում էի, որ հավասար պայմանների հասնելու համար անհրաժեշտ է մարզերին օրենսդրական մակարդակում արտոնություններ տալ, որպեսզի ներդրումային գրավչության տեսանկյունից գոնե մի փոքր կարողանա մրցակցել Երևանի հետ։ Բազային պայմաններում գրեթե միշտ իմաստ չունի ներդրումն անել մարզերում, հատկապես, եթե խոսքը գնում է արտադրական ներդրումների մասին։
Շատ երկրներում մարզերն հարկային արտոնություններ ունեն, օրինակ Լեհաստանում որքան բարձր է շրջանի գործազրկությունը, այնքան ցածր է հարկային արտոնություն ստանալու համար պահանջվող նվազագույն ներդրումը։ Կանադան Ատլանտյան տարածաշրջանում արտադրական շենքերի և սարքավորումների որոշ ներդրումների համար տալիս է 10% հարկային կրեդիտ և այլն։
Հայաստանում էլ կա սահմանամերձ շրջանում բիզնես անելու արտոնություններ, բայց դրանք այնպես են նախագծված, որ տաս տարուց ավել այդ օրենքը գործում է, բայց չի բերել որևէ սահմանամերձ շրջանի զարգացվածության։ Հետևաբար օրենքը փոխել, արտոնությունների գրավչությունը մեծացնել է պետք։
Իմ առաջարկն էր Հայաստանում էլ մարզերում հարկային/տուրքային արտոնություններ տալ, այնպիսին, որ բոլոր արտադրողները Երևանից ձգտեն տեղափոխվել մարզեր, ինչի արդյունքում մի կողմից կբեռնաթափվի Երևանը, մյուս կողմից մարզերում կսկսեն ենթակառուցվածների ձևավորում։
Հայաստանում էլ արտոնության չափը կարելի է կապել գործազրկության և շուկայից հեռավորության հետ, իսկ արտոնություն ստանալը՝ մարզում փաստացի արտադրության ու աշխատատեղերի ստեղծման հետ։ Արտոնությունը կարող է մասամբ փոխհատուցել փոխադրման և կադրերի պատրաստման ծախսերը։
Օրենսդրական փոփոխությունների արդյունքը պետք է այն լինի, որ մարզերում միշտ ներդրում անելն ավելի շահավետ լինի, քան Երևանում, ինչի արդյունքում համ հայաստանն ավելի համաչափ կզարգանա, համ էլ Երևանը կբեռնաթափվի։
Ի՞նչ կարծիքի եք։