Դեկտեմբերի 7-ին կլրանար գորիսեցի տաղանդավոր արվեստագետ, բրուտագործ Հրանտ Բաղդագյուլյանի 74-ամյակը։
Հրանտ Բաղդագյուլյանը իր արվեստով անջնջելի հետք է թողել իր ծննդավայրի մշակութային կյանքում: Գորիսում գրեթե յուրաքանչյուր տան անկյունում կգտնվի նրա ստեղծած տարբերվող աշխատանքներից գոնե մեկը: Նրա գործերն առանձնանում են նրբությամբ, տաք գույներով և հողի հետ կենդանի զրույց հիշեցնող ոճով:
Հրանտ Բաղդագյուլյանի նախնիները ևս եղել են բրուտագործներ։ Նա 1985 թվականից նկարիչների միության երիտասարդական բաժանմունքի անդամ էր, իսկ 1995 թվականին Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նա իր խեցեգործական աշխատանքով մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։
Արվեստագետի ստեղծագործություններն արժանացել են ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե և արծաթե մեդալների, ինչպես նաև ցուցադրվել են արտերկրում։
Բացի խեցեգործությունից, Հրանտ Բաղդագյուլյանը գրել է տարբեր պատմվածքներ, խաղացել է թատրոնում նաև շատ է սիրել շախմատ խաղալ։
Դեկտեմբերի 7-ը, նշանավորելով վարպետի ստեղծած մնայուն մշակութային արժեքը, կազմակերպում ենք կավագործության հատուկ փաաշխատարան:
Աշխատարանը կանցկացվի այն Արվեստանոցում, որտեղ նա տարիներ առաջ արարում էր իր բացառիկ գործերը, որը միաժամանակ նաև գորիսեցի արվեստագետների մշտական հավաքատեղին էր:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու խեցեգործության յուրահատուկ արվեստին և փորձելու իրենց ուժերը՝ ստեղծելով տարբերվող հուշեր այս անմոռանալի օրը: