Շնորհավո՜ր Մամուլի օր
2020թ֊ի պատերազմի օրերն էին…
Գորիսից Ստեփանակերտ տանող ճանապարհին` Շորին Ձոր կոչվող հատվածում, անցակետ էին դրել, որտեղ բոլոր մեքենաներն անցնում էին ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների թրի տակով։
Գնում էի Տեղ, մեքենաս կանգնեցրին։ Տեղացիներ չէին (Սյունիքում ճանաչում են)։
Մոտեցավ մի երիտասարդ ու առանց բարևի և ներկայանալու անցավ բուն թեմային։
֊Զենք, զինամթերք կա՞ մեքենայի մեջ։
֊Զինամթերք` ոչ բայց զենք այո,֊ նույն լրջությամբ պատասխանեցի։
֊Մի րոպե,֊խոժոռված դեմքով զարմացած հայացքով գնաց հեռվում կանգնածների մոտ, անհանգստացած խոսեց նրանց հետ և այս անգամ մեծ խմբով ինձ մոտեցան ԱԱԾ֊ի աշխատակիցները։
Բարևեցին, ներկայացան։
֊Զենքդ փաստաթուղթ ու՞նի։
֊Այո,֊ վստահեցրի ես։
֊Ցույց կտա՞ք։
֊Զենքը թե՞ փաստաթուղթը։
֊Երկուսն էլ,֊ արդեն մարտական տրամադրված պահանջեց ԱԱԾ֊ի աշխատակիցը և հայացքով սկսեց զննել մեքենայի ներսը։
Իրեն մեկնեցի 4֊րդ իշխանության ներկայացուցչի վկայականս ու հարցազրույցների համար մշտապես մեքենայումս գտնվող միկրոֆոնս։
Ծանր ու կեղեքող օրերի մեջ չժպտացող տղաները թեթևացած շունչ քաշեցին ու սկսեցին անգամ ծիծաղել։
֊Կներեք, լուրջ ընդունեցի Ձեր ասածը,֊ արդեն մտերմիկ տոնով բարի ճանապարհ մաղթեց մեքենաս կանգնեցրած երիտասարդը։
.
Հ.Գ. Ամեն անգամ հոդված կամ տեսանյութ պատրաստելիս առաջին տեղում դնում եմ մարդկայինը, հետո նոր հարցին մոտենում լրագրողի տեսանկյունից։ ՉԿԱ բարձրացված խնդիր, որի մասին առաջին հերթին չտեղեկացվի հասցեատիրոջը.
Եթե թեման վերածվել է կոշտ հոդվածի, ապա երկու անգամ բանավոր զգուշացումին հաջորդած նյութ է։
Մենք էլ մեր զենքով` մեր ֆռոնտում ենք կռիվ տալիս..
Շնորհավոր գործընկերներ ջան
Ի դեպ` այսօր միայն մամուլի օրը չի, պարզվում է, որ անեսթեզիոլոգների միջազգային օրն է նաև։
Շնորհավորում եմ մեր ԲԿ֊ի Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկներին ևս։