Թարգմանչաց տոն. Մաշտոցից Նարեկացի՝ հայոց մշակութային հերոսներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
133 Views

Թարգմանչաց տո՜ն…

– Շատ գեղեցիկ միտք է: Սիրում եմ այդպիսի «գրական արկածները»: Եւ հայտնի՞ է, թե ով է թարգմանել այդ միջնադարյան զրույցը:

– Այո: 12-րդ դարի նշանավոր գրող Ներսես Լամբրոնացին, Կիլիկիայում: Իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկը, փայլուն հռետոր ու քարոզիչ, որին ժամանակակիցները կոչում էին «Նոր Կիկերոն»․ մի անձնավորություն, որ բարեկամական բանակցությունների համար ուղարկվում է Ֆրիդրիխ Շիկամորուսի մոտ, երբ գերմանացի խաչակիր կայսրը իր գրեթե հարյուր հազարանոց բանակով եկել հասել էր Կիլիկիա․․․

Եւ ի՜նչ թարգմանություն է․․․

Պետք է ասեմ, որ «թարգմանիչ» բառը հայերենում յուրահատուկ մթնոլորտ ունի, նույնիսկ ինչ-որ սրբության լուսապսակ:

– Ի՜նչ գեղեցիկ բան ասացիք: Դա ինձ շատ ուրախացրեց: «Սրբության լուսապսա՞կ»: Ինչո՞ւ: Խիստ հետաքրքրական է:

– Ժողովուրդը սրբացրել է նաև մեր առաջին թարգմանիչներին: Ունենք հատուկ Թարգմանչաց տոն: Ամեն տարի տոնվում է՝ հոկտեմբերին․․․

– Ինչպե՞ս: Թարգմանչաց տո՞ն: Հենց այդպես էլ կոչվո՞ւմ է:

– Այո: Մեր ազգային ամենագեղեցիկ տոնը: Նվիրված է ոչ միայն թարգմանիչներին, այլև մեր նշանավոր գրողներին՝ Մաշտոց, Եղիշե, Դավիթ Անհաղթ փիլիսոփա, Նարեկացի․․․

Իմ մանկության շատ գեղեցիկ հուշեր կապված են հենց այդ տոնի հետ: Ամեն տարի այդ օրը հանդես էր լինում դպրոցում: Արտասանվում էին Մաշտոցին և հայ գրականությանը նվիրված լավագույն բանաստեղծությունները: Մեր ուսուցիչներն էլ կարծես բանաստեղծ էին դառնում: Եվ մեզ ամեն ինչ բարի, լուսավոր, գեղեցիկ էր թվում այդ օրը: Երբ շատ փոքր էի, հիշում եմ, Մեսրոպ Մաշտոցը մի կենդանի պապիկ էր թվում ինձ, սպասում էի, որ հենց հիմա կգա, ինձ կտեսնի, կսիրի: Նույնիսկ սիրտս էր բաբախում․․․ պապիկի կարոտ էի: Երկու պապերս էլ զոհվել են 1915-ին:

– Հիմա ավելի լավ եմ հասկանում,- ասաց Մարշակը մեղմիվ: – Հասկանում եմ, թե ինչու այդպես սիրում եք ձեր լեզուն ու մեծ գրականությունը, թեև ծնվել ու մեծացել եք օտար երկրում, թեկուզ և Սոփոկլեսի հայրենիքում․․․ Թարգմանչաց տո՜ն․․․ Ինչ լա՜վ է․․․ Այդպիսի բան չէի լսել․․․ Բայց ասացե՛ք, հիմա այդպիսի հանդեսներ լինո՞ւմ են Հայաստանի դպրոցներում, Թարգմանչաց օրը:

– Ոչ:

– Այդպես էլ ենթադրում էի: Գրեցե՛ք այդ մասին: Հոդված գրեցեք: Նկարագրեցեք այն, ինչ պատմեցիք հիմա: Հասկացրեք, որ չի կարելի, չի կարելի մոռանալ այդպիսի գեղեցիկ, այդպիսի բացառիկ տոնը․․․ Գիտե՞ք ինչ, ե՛ս էլ եմ գրելու, խոսք եմ տալիս ձեզ, առաջին իսկ առիթով: Այդպիսի տոնը պետք է համաշխարհային օրացույցի մեջ մտցնել: Աշխարհը գոնե տարվա մեջ մի օր պետք է հիշի ու պատվի թարգմանիչներին: Չէ՞ որ նրանց շնորհիվ մարդիկ հաղթահարում են հոգեկան մեկուսացումը, եղբայրորեն միանում իրար․․․ Թարգմանչաց տո՜ն․․․ Աստված վկա, հայտնությունների երեկո էր ինձ համար: Համոզվեցի, որ համենայն դեպս դեռ հայ գրականությունը մնում է terra incognita- անծանոթ աշխարհ․․․

– Որոշ չափով՝ մեզ համար էլ այդպես է, Սամուիլ Յակովլևիչ, հայերիս համար: Չէ, մի՛ զարմանաք: Արդեն ասացի՝ դեռ լրիվ չեն ուսումնասիրված մեր ձեռագրերը: Նույնիսկ շշմեցուցիչ բաներ են հայտնաբերվում․ լսած կլինեք այն հայերեն թարգմանությունների մասին, որոնց հունարեն բնագրերը վաղուց կորել են․․․ Եվ դեռ՝ ի՞նչ է հասել մեզ հին հայկական ձեռագրերից: Չնչին բան: Եւ երևի այդ էլ չեր հասնի, եթե չլինեին Թումանները, այդ «սքանչելի» հերոսները, ինչպես ասացիք: Երևակայեցեք, որ միայն 1170 թվականին սելջուկները ոչնչացրել են Տաթևի վանքի տասը հազար ձեռագրերը, այսինքն գրեթե նույնքան, որքան ունենք հիմա Մատենադարանում: Ով գիտե ի՜նչ գրական գոհարներ լափեց միայն ա՛յդ մեկ հրդեհը: Եւ այդպես, ամեն մի արշավող բարաբրոս գիրք է այրել․․․ Բայց թե հայերիս գրասիրությունն էլ եղել է առասպելական: Գիրքը նրանց համար սրբություն է եղել՝ բառացի իմաստով: Նույնիսկ կանայք «գրիչներ» են եղել, գիրք են արտագրել: Անզավակ ամուսիններ գիրք են որդեգրել: Դժբախտությունների ժամանակ հայերը հաճախ թեղել են ամեն ինչ ու գիրք փրկել: Եթե մեծարժեք գիրքն ընկել է թշնամու ձեռքը, զոհել են ամեն նյութական բարիք, որպեսզի գիրքը ետ առնեն փրկագնով: Այդպիսի հուզիչ դեպքերն անհամար են դարերի մեջ, մինչև 1915-ի օրհասական ցեղասպանությունը․ հաղթահարելով ստույգ մահը, հայ հասարակ մարդիկ գիրք էին փրկում: Թորոս Ռոսլինի մանրանկարչության գլուխգործոցները պարունակող մի ձեռագիր հասցրին Երուսաղեմի հայկական վանքը: Իսկ մի ուրիշ հսկայական, ծանր ձեռագիր, որ յոթ հարյուր տարի գտնվե է Մշո վանքում, փրկեցին երկու հայ գեղջուկ կանայք, փախուստի ճանապարհի գիշերում են ամայացած վանքում, տեսնում ձեռագիրը, թողնում իրենց իրերը, և մագաղաթյա ծանր ձեռագիրը երկու կես արած՝ վերցնում են, տանում հարյուրավոր փարսախներ․․․ Մի ամբողջ ոդիսական է այդ գրքի պատմությունը: Հիմա գտնվում է Մատենադարանում․ խոշորագույն ձեռագիրն է:

– Լսեսցե՛ք, անուշս,- ասաց Մարշակը, հայտնապես հուզված: – Մոտ ժամանակներս չե՞ք գալու Մոսկվա: Անպայման եկեք ինձ մոտ: Բերեք մի քանի լավագույն բանաստեղծություններ, որոնց մասին խոսեցիք: Պիտի թարգմանեմ: Ձեր օգնությամբ Բերեք մանրամասն տեղեկություններ Թարգմանչաց տոնի մասին: Պիտի հոդված գրեմ: Եւ մանվանդ բերեք այդ «Հյուղը»: Ինչպե՞ս էր․․․

Ու նորից միասին կարդացինք, աղոթքի պես, մարդասիրության աղոթքի․

Դաշտի ճամփու մը վըրան․

Կամ ըստորոտը լերան,

Ուղևորին ժամանման

Ըսպասող հյուղն ըլլայի․․․

– Խոստանո՞ւմ եք,- ասաց Մարշակը:

Ինչպե՞ս կարող էի չխոստանալ:

Բայց դեռ մեկ տարի չանցած, երբ պետք է մեկնեի Մոսկվա և այդ բոլորը պատրաստել էի, հասավ գույժը․․․

Մարշակը չկար:

Հատվածը մեջբերված է Կարպիս Սուրենյանի «Փարոսներ» պատմվածքից:

Պատմվածքն ամբողջությամբ կարող եք կարդալ մասնավորապես նրա «Արևորդիներ» գրքից:

Այսօր Թարգմանչաց տոնն է, որը տոնում է մեր եկեղեցին։ Շնորհավորում եմ բոլորիս այս համամարդկային հանճարի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել