«Իմ գույնը հողի գույնն է։ Սա Հայաստան է, և վերջ»․ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 84-րդ տարեդարձն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

«Իմ գույնը հողի գույնն է։ Սա Հայաստան է, և վերջ»։

1991 թվականն էր։ Արցախում օտարերկրյա լրագրողը հարցնում է Լեոնիդ Ազգալդյանին, թե որ քաղաքական ուժին է պատկանում նրա ղեկավարած «Ազատագրական բանակը»։

– Ի՞նչ գույնի եք դուք։ Ո՞ր կուսակցությանն եք պատկանում։

Լեոնիդի պատասխանը կարճ էր ու միանշանակ.

– Իմ գույնը հողի գույնն է։

Եվ ավելացնում, որ ով փորձի Հայաստանը բաժանել մասերի, իր թշնամին է։

Որպեսզի հասկանանք այս պատասխանի խորությունը, արժե մի փոքր ճանաչել նրան։

Լեոնիդը գիտնական էր՝ ֆիզիկոս, օլիմպիադաների հաղթող։ 1988-ին, կանխատեսելով զինված պայքարի հնարավորությունը, իր գիտելիքներն ուղղեց զենքերի ստեղծմանը, ապա կազմավորեց շուրջ 300 հոգանոց ջոկատ։

Նրա հրամանատարական սկզբունքների մասին Գագիկ Գինոսյանը մի ուշագրավ պատմություն էր պատմում։ Երբ Լեոնիդը դիրքերում քնած զինվոր էր տեսնում, չէր պատժում։ Արթնացնում էր, ուղարկում քնելու, իսկ նրա փոխարեն ինքն էր ստանձնում հերթապահությունը։ Զինվորն այնքան էր ամաչում, որ հաջորդ անգամ ամեն ինչ անում էր՝ դա չկրկնելու համար։

Նա ասում էր. «Մեր ամենամեծ հարստությունը կամավոր զինվորն է։ Դրանից ավելի մեծ արժեք էս երկիրը չունի»։

Խիստ էր կարգապահության հարցում, բայց ամեն ինչ անում էր մարդկային կորուստներից խուսափելու համար։ Պայքարի 4 տարում նրա ջոկատը տվեց 6 զոհ, 7-րդն ինքն էր։

Գիտնական, հրամանատար, մարդ, որի համար զինվորը արժեք էր, իսկ Հայաստանի ամբողջականությունը՝ անսակարկելի։

Այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 84-րդ տարեդարձն է։ Նրա պատմությունները մեզ են փոխանցում ոչ միայն անցյալի հիշողություններ, այլև մտածողություն, որն արժե ճանաչել ու շարունակել։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել