Նոր բացառիկ ու արժեքավոր գտածոներ Հին Կապանի արքունական պալատի պեղումներից
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին Հին Կապանի արքունական պալատի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բացառիկ պատմամշակութային արժեք ներկայացնող գտածոներ։
Պեղումներն իրականացվել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։
Արշավախմբի ղեկավար՝ Գ. Սարգսյան։
Արշավախմբի անդամներ՝ Լ. Մկրտչյան, Ա. Հայրապետյան։
2026 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել են՝
1.Իշխանության խորհրդանիշ հանդիսացող գավազանի (գուրզի) վերնամաս՝ XII–XIV դարեր։
2․Ձեռագրամատյանի բրոնզե անկյունազարդ։
3․Ձեռագրամատյանի մետաղյա կապիչի գամ։
4․Մետաղադրամներ։
5․Գոտու սրտաձև ճարմանդ։
6․Ապակե ապարանջանի բեկոր։
Պատմական Հին Կապանը հայ պատմագրության մեջ հիշատակվում է դեռևս V դարից։ X դարից այն դարձել է Սյունիքի (Կապանի) թագավորության կենտրոնը՝ հանդիսանալով երկրամասի քաղաքական, վարչական և մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը։
Հայտնաբերված գտածոներն արժեքավոր վկայություններ են Հին Կապանի պատմության, պետականության, իշխանական խորհրդանիշների, հոգևոր մշակույթի և առօրյա կյանքի վերաբերյալ։
Հայտնաբերված բացառիկ գտածոները հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու Հին Կապանի շուրջ հազարամյա պատմությունը, վեր հանելու նրա պետական, քաղաքական և մշակութային անցյալի կարևոր դրվագներն ու արժևորելու մեր պատմական ժառանգությունը։
Սիրով տեղեկացնում ենք, որ հայտնաբերված բացառիկ գտածոները առաջիկայում կներկայացվեն հանրությանը՝ Կապանի երկրագիտական թանգարանի ցուցադրության շրջանակում։Հին Կապանի պատմությունը շարունակում է բացահայտվել՝ իր հետ բերելով մեր անցյալի նոր ու արժեքավոր էջեր։
Կապանի երկրագիտական թանգարան