Ի՞նչ ենք ուզում Գորիսից ու Գորիսի քաղաքապետից․ Արմինե Սիմոնյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Screenshot

Ի՞նչ ենք ուզում Գորիսից ու Գորիսի քաղաքապետից։

Կասե՞ք ինձ՝ ով եք դուք, եթե քննադատում եք մի մարդու, ով ընկել է, բայց չի ծնկել, ում փորձել են խորտակել, բայց չի խեղդվել, ու նորից ու նորից շարունակել է իր համայնքը կառուցել ու շենացնել։

Պայքարող մարդուց ի՞նչ եք ուզում։ Այդ մարդու թևերը կտրեք՝ ոտքերով է թռչելու։

Ուզո՞ւմ ենք քաղաքականապես իրար հաղթել, իրար պիտակավորել, ամեն քայլի մեջ դավաճանություն ու շահ փնտրել, թե՞ ուզում ենք, որ Գորիսը ապրի, զարգանա ու այստեղ մարդիկ մնան։

ՔՊ լինի, ՍՊ լինի, թե ԴՊ՝ այդ մարդու տեսակը չի փոխվելու։ Բանտում գտնվելով՝ ընտրություններում հաղթանակ տարած մարդուց էլ ի՞նչ եք ուզում։ Մարդը չի կոտրվել։ Պայքարելով եկել, հասել է այս կետին, և հիմա պետք է ավելի լավ, ավելի ազատ ու ավելի վստահ աշխատի՝ զարգացնելու ու շենացնելու Գորիսը։

Նորից բանտից հաղթանակ ե՞ք ուզում։ Նորից քանդված, խառնաշփոթ ու կեղտոտ Գորի՞ս եք ուզում , որ հետո էլ գոռաք՝ «հա՛, տեսա՞ք, էս էլ ձեռքներիցս տարան»։

Այդ պատճառով չեմ հասկանում այն մարդկանց , ովքեր Առուշանյանի՝ իշխանության հետ համագործակցելու որոշումը դիտարկում են միայն որպես քաղաքական դավաճանություն կամ արժեքներից հրաժարում։

Դաշինքը մարդու տեսակը չի փոխում։

Այդ մարդու նպատակը մեկն է՝ ունենալ զարգացած, կառուցված ու շեն Գորիս։

Ի՞նչ եք կարծում՝ դաշինք կազմելուց հետո Գորիսը չի՞ զարգանալու, չի՞ շենանալու, չի՞ կառուցվելու։Հակառակը։ Հիմա աշխատանքը կարող է ավելի հանգիստ ընթանալ, ավելի լայն թափով, առանց ավելորդ լարվածության ու ավելորդ պայքարի։Մարդը կարող է աշխատել՝ իր համայնքի զարգացման վրա կենտրոնացած։

Ու սա է պետք Գորիսին։

Մեկ քաղաքական պայմանավորվածությունից հետո մարդը ուրիշ մարդ չի դառնում։

Նրա հայրենասիրությունը չի վերանում։ Արցախը կրկին մերը տեսնելու ցանկությունը չի վերանում։

Վերջերս պաշտոնական ընթրիքի ժամանակ Առուշանյանի կենացը հայրենիքի մասին էր։ Նրա խոսքում կար Արցախը կրկին մերը տեսնելու ցանկությունը։

Ու ես վստահ եմ՝ անգամ Փաշինյանն է այդ ցանկությամբ ապրում։

Սպասենք։ Զինվենք։ Ուժեղանանք։

Մի օր ամեն ինչ լավ է լինելու ։Մի օր ամեն ինչ մերն է լինելու։Մի օր ամեն ինչ մեր սրտով է լինելու։

Բայց մինչ այդ մենք պետք է կարողանանք պահպանել այն, ինչ այսօր ունենք։

Գորիսում դժվար գտնվի մի մարդ, ով այս կամ այն պահին Առուշանյանի որևէ լավության չի արժանացել։

Մի՛ ուրացեք, մարդիկ։ Մի՛ ստորացեք։

Կարող եք չհամաձայնել նրա քաղաքական որոշումների հետ։ Կարող եք քննադատել։ Դա ձեր իրավունքն է։ Բայց մի՛ մոռացեք այն մարդուն, ով ձեր նեղ ու ծանր պահին ձեր ձեռքն է բռնել։

Մարդկային լավությունը քաղաքականության պատճառով չպետք է մոռանալ։

Եվ ընդհանրապես, Արցախը տանուլ տալու հարցը միայն այսօրվա իշխանության մեղքը չէ։ Ամեն օր դա օրակարգում պահել, բայց մոռանալ Սպարապետի մահը, չխոսել այնպիսի արտահայտությունների ու որոշումների մասին, ինչպիսին էր՝ «այս դիրքը հանձնած է, թողեք՝ փախեք», իսկ հետո գոռալ, թե մենք հայրենասեր ենք ու մտածում ենք հայրենիքի մասին՝ մեղմ ասած, անարդար է։

Շատ բան կա գրելու։ Շատ բան կա ասելու։ Բայց այսօր իմ մեխը ուրիշ տեղին խփելու մասին է։

Մենք լարված ենք։ Մենք հոգնել ենք։ Մենք իրարից ավելի շատ ենք պահանջում, քան իրար կողք ենք կանգնում։

Ու գուցե հիմա եկել է ժամանակը մի քիչ խաղաղվելու, սթափվելու և հասկանալու՝ որն է մեր առաջնահերթությունը։

Առանց այդ էլ Սյունիքը դատարկվում է։

Չկա գրեթե մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկը այստեղից չի հեռացել։

Ու այս պայմաններում մենք դեռ ուզում ենք իրար բաժանել՝ քաղաքական պատկանելությամբ։

Ինչի՞ համար։

Որպեսզի մի օր էլ նորից գոռա՞նք՝ «տեսա՞ք, էս էլ ձեռքներիցս տարան»։

Չէ՛։

Եթե իշխանության հետ համագործակցելով կարելի է Գորիս բերել ծրագրեր, ներդրումներ, զարգացում, աշխատանք, հնարավորություններ և այստեղ ապրող մարդկանց կյանքը բարելավել, պետք է այդ հնարավորությունն օգտագործել։

Սա իշխանությանը սիրելու մասին չէ։

Սա ընդդիմությունից հրաժարվելու մասին չէ։

Սա Առուշանյանին անքննադատ թողնելու մասին էլ չէ։

Սա Գորիսի մասին է։

Եթե վաղը իշխանությունը սխալվի՝ պետք է քննադատել։ Եթե սխալ որոշում կայացվի՝ պետք է բարձրաձայնել։ Եթե պահանջելու բան կա՝ պետք է պահանջել։

Բայց այսօր Գորիսի շահը չպետք է զոհ դառնա քաղաքական հակասություններին։

Առուշանյանը կարող է սխալվել։ Ես կարող եմ սխալվել։Դու կարող ես սխալվել։

Բայց մենք չպետք է սխալվենք մեկ բանում՝ չպետք է թույլ տանք, որ մեր ներքին բաժանումները Սյունիքն ավելի դատարկեն։

Խաղաղվե՛ք։

Համախմբվե՛ք։

Մեր նպատակը պետք է լինի մարդը ու Հայաստանը:

Եվ դրա համար այսօր պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել