Գորիսն ու Կապանը՝ Հայաստանի ընտրված 8 համայնքների թվում. ԵՄ-ն էկոտուրիզմի զարգացման նոր ծրագիր է իրականացնում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիսն ու Կապանը՝ Հայաստանի ընտրված 8 համայնքների թվում. ԵՄ-ն էկոտուրիզմի զարգացման նոր ծրագիր է իրականացնում

Բնությունը պահպանել, բայց միաժամանակ այնպես անել, որ այն դառնա նաև եկամտի աղբյուր համայնքների համար. հենց այս գաղափարն է ընկած Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Բնական ռեսուրսների կայուն կառավարում և տնտեսական զարգացում՝ տեղական համայնքների ներգրավմամբ» ծրագրի հիմքում։

Այսօր Գորիսում ծրագրի ներկայացուցիչները հանդիպել են զբոսաշրջության և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, համայնքի վարչական ղեկավարների և ոլորտով հետաքրքրված այլ անձանց հետ։ Հանդիպումը կազմակերպվել է «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի աջակցությամբ, որի միջոցով ծրագրի իրականացնողները համախմբել էին ոլորտի շահագրգիռ կողմերին՝ ներկայացնելու ծրագրի նպատակներն ու նախատեսվող աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է 2023-2026 թվականներին՝ Եվրամիության ֆինանսավորմամբ։ Այն իրականացնում են OIKO կազմակերպությունը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանի գրասենյակը։

Ծրագրի հիմնական նպատակն է համայնքներին դարձնել բնական ռեսուրսների կառավարման ակտիվ մասնակից՝ միաժամանակ զարգացնելով էկոտուրիզմը։ Ի տարբերություն սովորական զբոսաշրջության՝ էկոտուրիզմը հիմնված է բնության և կենսաբազմազանության պահպանության վրա․ այն խրախուսում է պատասխանատու ճանապարհորդությունը, աջակցում տեղական տնտեսությանը և նպաստում, որպեսզի զբոսաշրջության զարգացումը չվնասի բնական միջավայրին, այլ օգնի պահպանել այն։

Ծրագրի շրջանակում մշակվում է նաև էկոտուրիզմի կառավարման ուղեցույց, որը նախատեսված է օգնելու համայնքներին արդյունավետ պլանավորել զբոսաշրջային զարգացումը՝ հաշվի առնելով բնապահպանական չափանիշներն ու տեղական բնակչության շահերը։

Ծրագրում ընդգրկվել են Հայաստանի ութ համայնքներ, որոնցից երկուսը Սյունիքի մարզից են՝ Գորիսն ու Կապանը։ Այս համայնքները ընտրվել են որպես փորձնական հարթակներ, որտեղ նախատեսվում է ներդնել բնական ռեսուրսների կայուն կառավարման և համայնքային մասնակցության նոր գործիքներ։

Հանդիպման ընթացքում ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի ընթացքն ու առաջիկա քայլերը, իսկ մասնակիցները քննարկել են, թե ինչ հնարավորություններ կարող է ստեղծել էկոտուրիզմի զարգացումը Գորիսի համար՝ զբոսաշրջության, տեղական բիզնեսի և բնության պահպանության համատեղ զարգացման տեսանկյունից։

Լրագրող`Արմինե Սիմոնյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել