Հերթական բարդ և հաջողությամբ ավարտված վիրահատությունը՝ Գորիսի ԲԿ-ում
Վերջերս ծայրահեղ ծանր վիճակում, սուր աղիքային անանցելիությամբ և աջակողմյան օղակված աճուկափոշտային ճողվածքով Գորիսի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 73֊ամյա Դ. Ս.-ն։
Կատարված կլինիկական, լաբորատոր և գործիքային (ՀՏ) հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր աջակողմյան օղակված աճուկափոշտային ճողվածք, սուր աղիքային անանցելիություն՝ բարակ աղու օղակված հատվածի, միզապարկի մեծ մասի և աջ ամորձու նեկրոզ (գանգրենա)։
Կյանքի ցուցումով անհապաղ իրականացվել է բարդ վիրահատություն, որը կատարել է վիրաբույժ Նարեկ Թունյանը (անեսթեզիոլոգ՝ Սոկրատ Առաքելյան, ասիստենտ՝ Գագիկ Տեր-Ղամբարյան)։
Վիրահատության ընթացքում կատարվել են հերնիոլապարոտոմիա, բարակ աղու նեկրոզված հատվածի մասնահատում՝ էնտերոէնտերոանաստոմոզի ձևավորմամբ, միզապարկի նեկրոզված հատվածի մասնահատում և պլաստիկա, աջակողմյան օրխէկտոմիա, աջ աճուկային խողովակի աուտոպլաստիկա, ինչպես նաև որովայնի խոռոչի սանացիա և դրենավորում։
Մոտ չորս ժամ տևած վիրահատությունից և հետվիրահատական բուժման ընթացքից մեկ շաբաթ անց բուժառուն դուրս է գրվել բժշկական կենտրոնից՝ լավացումով։
Այս դեպքը ևս մեկ անգամ վկայում է, որ Գորիսի բժշկական կենտրոնում իրականացվում են ամենաբարդ վիրաբուժական միջամտությունները՝ ապահովելով մասնագիտական բարձր մակարդակի բուժօգնություն նույնիսկ կյանքի համար վտանգավոր իրավիճակներում։