Բացվեց «Բակունցյան Կյորես» հանրապետական նկարչական սիմպոզիումի աշխատանքների ցուցադրությունը
2026 թ. հունիսի 13-ին՝ Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակի օրը, գրողի տուն-թանգարանում բացվեց «Բակունցյան Կյորես» հանրապետական նկարչական սիմպոզիումի շրջանակում ստեղծված աշխատանքների ցուցադրությունը։
Ցուցահանդեսը դարձավ ապրիլի 29-ից մայիսի 3-ը Գորիսում անցկացված սիմպոզիումի ամփոփիչ միջոցառումը։
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի, Ակսել Բակունցի տուն-թանգարանի և ՀՀ Նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված սիմպոզիումը նպատակ ուներ ժամանակակից կերպարվեստի լեզվով նորովի ընթերցել Բակունցյան Կյորեսը՝ այն աշխարհը, որը գրողը հավերժացրել է իր բառանկարչությամբ և դարձրել հայ գրականության գեղարվեստական ամենակենսունակ տարածքներից մեկը։
Սիմպոզիումին մասնակցել են ՀՀ նկարիչների միության անդամներ, ճանաչված գեղանկարիչներ Սուրեն Սաֆարյանը, Արտաշես Աբրահամյանը, Արա Հայթայանը, Արամ Մաշուրյանը, Վահագն Գալստյանը, Հրաչյա Սաֆարյանը, Վահագն Ջիվանյանը, Սրապիոն Դանիելյանը, Կարեն Բարսեղյանը։
Մի քանի օր շարունակ արվեստագետները ստեղծագործել են Հին Գորիսում (Կյորես), Հին Խնձորեսկում և Վերիշենի Պղնձաքերծի տարածքում՝ իրենց կտավներում նորովի բացահայտելով և մեկնաբանելով Բակունցյան աշխարհը։
Ցուցադրության բացման ընթացքում ներկայացվեցին սիմպոզիումի արդյունքները և արվեստագետների ստեղծագործությունները։
Հատկանշական է, որ սիմպոզիումի պայմաններից մեկի համաձայն՝ մասնակից արվեստագետներից յուրաքանչյուրը մեկական աշխատանք նվիրաբերեց «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամին։ Արդյունքում հիմնադրամի հավաքածուն համալրվեց ինը գեղանկարչական աշխատանքներով, որոնք հիմք կդառնան «Բակունցյան Կյորես» կերպարվեստային հավաքածուի ձևավորման համար։
Այս աշխատանքները ոչ միայն սիմպոզիումի ստեղծագործական արդյունքներն են, այլև Բակունցյան աշխարհի կերպարվեստային նոր ընթերցումները, որոնք այսուհետ կպահպանվեն հիմնադրամի հավաքածուում՝ որպես նախաձեռնության մնայուն արժեք և վկայություն։
Շնորհակալություն ենք հայտնում սիմպոզիումի բոլոր մասնակիցներին, աջակիցներին և բարեկամներին, որոնց շնորհիվ այս գաղափարը կյանքի կոչվեց։
Հատուկ երախտագիտությամբ ցանկանում ենք կրկին նշել, որ սիմպոզիումի գլխավոր աջակիցը Գորիսի «Պասաժ» ռեստորանային և հյուրանոցային համալիրն էր, որի շնորհիվ հնարավոր դարձավ ծրագրի լիարժեք իրականացումը։
Վստահ ենք, որ «Բակունցյան Կյորես»-ը կունենա շարունակություն և կդառնա Գորիսի մշակութային կյանքի գեղեցիկ ու սպասված ավանդույթներից մեկը։