Աշխարհում մոտ 10 միլիոն հայ կա, բայց այսօր մենք ավելի շատ մշակութային ազգ ենք, քան տնտեսական։
Մենք ունենք ընդհանուր պատմություն, ինքնություն, մշակույթ, եկեղեցի, որոշակի հուզական կապ, բայց համեմատաբար թույլ են տնտեսական կապերը, ներդրումային հոսքերը, բիզնես համագործակցությունները, գիտելիքի ու փորձի փոխանակումը, ինստիտուցիոնալ վստահությունը։
Մեր տնտեսական կապերն ու ցանցը հիմնականում ձևավորվում են «ընկերների ընկերներ», «բարեկամների ընկերներ» մոդելով, ոչ թե ինստիտուտներով, ինչի արդյունքում համագործակցության շրջանակը հաճախ սահմանափակվում է անձնական ծանոթությունների ցանցով։ Իսկ անձնական ծանոթությունների շրջանակի մաքսիմումը, ըստ սոցիոնոլոգիայի, 150-ի սահմաններում է։
Մենք դեռևս մարդկանց վստահելու փուլում ենք, բայց «տնտեսական ազգի» ձևավորման դեպքում գործելու ենք՝ վստահելով ինստիտուտներին, կանոններին և համակարգերին, ոչ միայն մարդկանց։
Տնտեսական ազգի դեպքում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը կարող են տնտեսական թեմաներով կապվել միմյանց հետ, համագործակցել, համատեղ նախագծեր իրականացնել, նոր շուկաներ դուրս գալ և ներդրումներ ներգրավել։ Այդ դեպքում ազգը սկսում է աշխատել որպես մեկ տնտեսական օրգանիզմ։
Տնտեսական ազգը մարդկանց այնպիսի համայնք է, որը միավորված է ոչ միայն ընդհանուր ինքնությամբ, այլ նաև տնտեսական կապերով, վստահությամբ, համագործակցությամբ և ընդհանուր շահերով։
Տնտեսական ազգը չի սահմանափակվում պետական սահմաններով։ Այն կարող է տարածված լինել տասնյակ երկրներում և միևնույն ժամանակ գործել որպես մեկ տնտեսական ցանց։
Եթե մշակութային ազգի հիմնական կապը ինքնությունն է, ապա տնտեսական ազգի հիմնական կապը տնտեսական համագործակցությունն է։
Դրսից կարող է թվալ, թե Մանթաշյանցը պարզապես բիզնես ակումբ է։ Բայց իրականում դա փորձ է ստեղծել հայկական տնտեսական ազգի ենթակառուցվածքը։
Որովհետև ցանկացած տնտեսական ազգի համար պետք են.
1. վստահություն,
2. ցանց,
3. հաղորդակցություն,
4. համատեղ նախագծեր,
5. ինստիտուտներ։
Ու հենց այս հինգ բանն ենք մենք կառուցում։
Ի՞նչ կտա տնտեսական ազգի ձևավորումը
1. Ավելի մեծ տնտեսական հնարավորություններ յուրաքանչյուր հայի համար։
Երբ մեծանում է վստահության ցանցը, մեծանում են նաև հնարավորությունները։ Միայն այդ գործոնը կարող է բազմապատկել անհատների հնարավորությունները։
2. Ավելի շատ ներդրումներ Հայաստանում։
Խոսքը հայրենասիրական ներդրումների մասին չէ, այլ վստահության և տեղեկատվության այնպիսի համակարգի մասին, որը ներդրումները դարձնում է ավելի հասկանալի, կանխատեսելի և շահավետ։
3. Գիտելիքի և փորձի արագ փոխանցում։
Աշխարհի տարբեր երկրներում հայ մասնագետները կուտակում են հսկայական փորձ։
Տնտեսական ազգի պայմաններում այդ փորձը սկսում է ավելի արագ շրջանառվել։ Լոս Անջելեսի, Փարիզի, Սինգապուրի, Դուբայի կամ Տորոնտոյի փորձը կարող է ավելի արագ հասնել Երևան, Գյումրի կամ Գորիս։
4. Հայաստանի դիմակայունության բարձրացում։
Եթե աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը կապված են տնտեսական հարաբերություններով, ապա ամբողջ համակարգը դառնում է ավելի կայուն։
Եթե 10 միլիոն հայերից յուրաքանչյուրն առանձին հաջողություն է, ապա տնտեսական ազգի դեպքում այդ հաջողությունները սկսում են բազմապատկել միմյանց։ Այդ ժամանակ արդեն խոսքը ոչ թե առանձին հաջողակ հայերի, այլ հաջողակ հայկական համակարգի մասին է։
Հունիսի 29-ից Մանթաշյանց Գլոբալ Ֆորումն ենք սկսում, որը 7 օրերի ընթացքում միավորելու է մոտ 1000 հայ գործարարի աշխարհի 25 երկրներից (հիմնականում Մանթաշյանցի անդամ)։
7 օր շարունակ միջոցառումներ կունենանք Գառնիում, Երևանում, Էջմիածնում, Գորիսում, Ախալքալակում և Դիլիջանում։
Այդ օրերի ընթացքում հարյուրավոր հայ գործարարներ տարբեր երկրներից կհանդիպեն, կծանոթանան, կշփվեն, կհամագործակցեն և կընկերանան։
Տնտեսական ազգը չի ստեղծվում մեկ օրում։ Այն կառուցվում է տարիներով։ Ամեն նոր ծանոթություն, ամեն նոր համագործակցություն, ամեն նոր համատեղ նախագիծ այդ շինարարության հերթական աղյուսն է։ Վստահ եմ Մանթաշյանց Գլոբալը բազմաթիվ աղյուսներ կդնի «տնտեսական ազգի» կառուցման մեծ պատին։
ՀԳ. Մանթաշյանց Գլոբալի միջոցառումներից միայն մեկ օրն է բաց, որին կարող են մասնակցել ոչ միայն ակումբից, այդ մեկ օրվա մասին ինֆորմացիան դնում եմ առաջին մեկնաբանությունում։