ԿՈ՛Չ ՀԱՅԵՐԻՆ
Հայերը չկարողացան ազգագրորեն միացյալ մի ամբողջականություն ստեղծել Հայկական Բարձրավանդակում: Արտաշես Առաջինի և Տիգրան Մեծի կողմից իրականացվող համաբարձրավանդակային հայացման քաղաքականությունը մնաց թերի: Արդյունքում Հայկական Բարձրավանդակը դարձավ բնիկ հայերի և տարբեր քոչվոր ցեղերի միջև գոյության կռվի թատերաբեմ: Հայաստանակործան այս աղետը սրվեց Արշակունիների անկումից հետո թափ առած արտագաղթով և իսլամի՝ Հայկական Բարձրավանդակ ներխուժումով, որի առաջխաղացումը համահայկական շարժումով կասեցնելու Մամիկոնյանների կոչը մնաց ապարդյուն՝ չստանալով նախարարների կողմից լայն արձագանք:
Երբ 19-րդ դարում սկսվեց հայ հեղափոխական շարժումը, Հայկական Բարձրավանդակը բնօրեն վիճելի էր, ոչ միայն քրիստոնեության և իսլամի միջև, այլ հայ ու թուրք տեսակների միջև: Թուրքն իր գոյությունը պայմանավորեց հայի ֆիզիկական ոչնչացմամբ և 1915թ.-ին մենք ապրեցինք մեր պատմության ամենաողբերգական մարտիրոսագրությունը:
Սարդարապատի, Լեռնահայաստանի և Արցախյան հերոսամարտերով սկսված մեր հաղթանակների շքերթը, ցավոք, ավարտվեց 2018թ.-ին Հայաստանում իշխանությունը բռնազավթած ապազգային իշխանության կողմից 2020թ.-ի նոյեմբերի 9-ին կնքած խայտառակ կապիտուլյացիայով:
Այսօր Հայկական Բարձրավանդակի դարավոր պայքարը մտել է մի նոր փուլ և վերջին, օրհասական կռիվն անխուսափելի է:
Պատմական անհրաժեշտությամբ՝ մենք այսօր կանգնել ենք կա՛մ-կա՛մ-ի առջև.
Կա՛մ Հայաստանը մաքրում ենք ապազգային իշխանություններից, կա՛մ Հայաստանը դառնում է թուրան, թուրանի կամուրջ:
ԱՐԹՆԱՑԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ
` Արայիկ Պարոնյան