Ես էս իշխանություններին արժանի ժողովրդից եմ վախենում․ Սոնա Ղազինյան Յուզբաշյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գիտեք էս ժամին ինչ եմ անում? Չէ, քոմենթներ չեմ կարդում )) յուղ եմ հալում կարագից։ Հալում եմ ու մտածում, որ Սասունցի Դավթի համար հայկական յուղ ու մեղր ուզեցին, որ ուտի, զորանա։ Ես էլ մտածում եմ մարդ ես, եթե պետք լինի արտագաղթել, երեխեքիս համար հայկական յուղ ու մեղր կտանեմ։

Արտագաղթել.. էս բառը քանի օր է գլխումս է։

Չէ, ես դժվարություններից չեմ վախենում, ես 88-ի սերունդ եմ, Սյունեցի, փեչի կողքին մթության մեջ պլեճ ուտելով սանտա բարբարա քննարկող, սոված ու երջանիկ մանկություն ապրած սերունդ եմ։ Պատերազմում հաղթանակած մեր հայրերի դուստր եմ, ով քաջ գիտակցում էր, որ ինքը պիտի սոված մնա, որովհետև մենք մեր Երկիրն ենք ազատագրում, որովհետև պատմություն ենք կերտում։ Դժվարություններից չեմ վախենում, ես իմ երկրում ապրող անաղուհաց, անուղեղ ու անհիշողություն մարդկանցից եմ վախենում, ցածր մակարդակի, վախկոտ, իրենց չնչին շահը երկրի մեծ շահից գերադասող, վախկոտ ու ճղճղան մարդկանցից եմ վախենում… ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին…

ես էս իշխանություններին արժանի ժողովրդից եմ վախենում…

թե չէ դժվարությունները ինչքան էլ մեծ լինեն, հավատի ու հայրենասիրության պարագայում հաղթահարելի են։ Էդ ա ցույց տվել մեզ Նժդեհը, Վազգեն Սարգսյանը, տո նույնիսկ Տիգրան Մեծն ու Սարդարապատը։ Էդ ոնց որ մի գիծ լինի մեզ գենով փոխանցվող, որ մենք անպարտելի ենք, եթե հայրենասեր ենք, հակառակ դեպքում ճղճիմ ենք, ու վախկոտ։

Արտագաղթել… ուր գնալ? Հնարավորություն ունեինք Լյուքսեմբուրգ գնալ Ամազոնի հրավերով… մերժեցինք, բա մեզ պետք էր հարուստ կյանք? Հենա լավ էլ հիպոտեկ ենք փակում, հավես կա? Հնարավորություն կար ԱՄՆ գնալ գուգլի հրավերով։ Չէ ախպեր, լավ ա! Մենք մեր Երկիրն էինք ուզում… որ մեր շրջապատում զարմանում էին, թե ինչի եք նման հնարավորությունները բաց թողնում, ես ասում էի Երկիրն էլ ծնողի նման բան ա, նույնիսկ եթե հիվանդ ա, հո չես տանելու ծերանոց ու ուրիշ, առողջ ծնող բերես տուն? Ասում էին է, փոշմանելու եք հետո, վեր կացեք գնացեք…

Հնարավոր բոլոր քաղաքական ուժերի մեջ լինելու, առաջ գնալու հնարավորություն եմ ունեցել, բայց չեմ վաճառվել, չեմ ուզել ոչ մեկի գործիքը դառնամ… Ինքս էլ ոչինչ չեմ արել, ուղղակի ապրել եմ, չորս զավակ ունեցել, դաստիարակել նրանց էնքան հայրենասեր, որ հիմա արդեն սկսում եմ զղջալ էդ տվածս դաստիարակության համար…

Իմ տղաները հաղթում են Նժդեհի ու նրա ուսմունքի մասին մրցույթներում, իմ տղայի գրվածքը “Արցախ վերադարձի ճանապարհին” վերնագրով հաղթում ա մեծերի մրցույթում, իմ տղաները ամբողջ օրը քննարկում են, թե ոնց են Հայաստանին վերադարձնելու իր օրինական տարածքը’ Մեծ Հայքը… իսկ ես չեմ ուզում, այլևս չեմ ուզում, որովհետև Երկիրը դա էնտեղ ապրող ժողովուրդն է… միակ բացարձակ արժեքը դա մարդն է, ազգը, գենի ու տեսակի փոխանցողը…

Մեր տեսակի լավագույն փոխանցողները Եռաբլուրում են… ով էլ վերադարձել է, հիմա մեղադրում են կենդանի մնալու համար… մեղադրում են ու մարսում!! Ամեն ինչն են մարսում… մեր փոքր քարտեզը… 4000 ամյա Արցախը… Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու պղծումը… մեզ մեր տարածքում եկվոր անվանելը… անվերջ խաբելուց հետո նորից բարձր ճվճվալով ծափահարություններ կորզելը… ամեն ինչը…

Իմացածներն էլ ինչ? Մի քանի օվերտոնային հնարք, ոչ մի մեծ բան…

Էս ամենը վախենալու չէր լինի, եթե չիմանայի, որ ամեն ժողովուրդ իր իշխանությանն է արժանի…

Ոչինչ վախենալու չէր լինի…

Մեր բանակը.. մեր փառապանծ բանակը երբեք չի պարտվել! Էն, որ իբր թույլ ենք ու անկարող աշխարհի առաջ, մեզ երկու մարդ են փորձել համոզել 30 տարվա տարբերությամբ։ Առաջին նախագահն ու վերջին վարչապետը! Նույն ձեռագրով, նույն բառերով, նույն աներևույթ թշնամու խամաճիկը լինելով! Էն աներևույթ թշնամու, որն էդ երկուսին աջակցելով հոկտեմբերի 27 բերեց մեր գլխին…

Մեր բանակը երբեք չի պարտվել, ու երբեք չէր կարող պարտվել, եթե մեջքից չխբեին..

Իմ հզոր բանակ, իմ փառապանծ, իմ միշտ հաղթանակած, իմ միշտ անհավասար պայքարում ու քիչ զենքերով ու քիչ զորքով մեծ թշնամուն հաղթած ԲանԱկ։

Ես յուղ կհալեմ, մեղր կքամեմ, որ դու զորանաս… որ գենը հազարամյակների միջից նորից գա ու Սասունցի Դավիթ ծնի, ով մի օր իր միամտության մեջ հսկայական իմաստնություն կգտնի ու կասի չէ, ես թրի տակով անցնողը չեմ, ես ՀԱՅ եմ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել