Մարիամ Միրզախանին՝ իրանցի աշխարհահռչակ մաթեմատիկոսն, ով առաջին կինն էր, որ արժանացավ Ֆիլդսյան մրցանակի:
Կան մարդիկ, ովքեր կոտրում են կարծրատիպեր և ցույց են տալիս, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Մարիամ Միրզախանին կոտրել է ոչ թե մեկ, այլ մի քանի կարծրատիպեր մաթեմատիկայում, ինչի մասին կպատմենք ձեզ այսօր․
1) Եթե երեխան մաթեմատիկական հակում չունի, ապա մաթեմատիկա չի կարողանա սովորել – Միրզախանին ծնվել է 1977 թվականին Իրանում և կրտսեր դպրոցական տարիքում պատկերացրել է իր ապագան գրականության ոլորտում։ Մաթեմատիկայով հետաքրքրվել է միայն, երբ ավագ եղբայրը ցույց է տվել նրան 1-ից 100 թվերի գումարի հաշվարկի Գաուսի մեթոդը։ Բավական ուշ հետաքրքրվելով մաթեմատիկայով, այնուամենայնիվ, կարողացել է 2 անգամ ոսկե մեդալի արժանանալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում․ առաջին անգամ հավաքել է 41 միավոր 42-ից, իսկ երկրորդ անգամը՝ հավաքելով առավելագույն 42 միավորը՝ ցուցադրել բացարձակ արդյունք։
2) Մաթեմատիկոսը պետք է արագ մտածի – Իրանի՝ ամենահեղինակավոր Շարիֆի համալսարանն ավարտելուց հետո Մարիամը ասպիրանտուրան անցկացնում է Հարվարդի համալսարանում։ Իր և իր կոլեգաների հավաստմամբ նա խնդիրների վրա շատ երկար և դանդաղ մտածելու հակում ուներ։ Բայց, բացի այդ, նա ուներ խնդիրների վրա համառորեն և երկար աշխատելու սովորություն և հարցազրույցներից մեկում նշել էր, որ “մաթեմատիկայի գեղեցկությունը տեսնելու համար պետք է զգալի էներգիա ու ջանք թափել”
3) Մաթեմատիկան աղջիկների համար չէ – Միրզախանին եղավ առաջին աղջիկը, ով ներկայացրեց Իրանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում և հենց առաջին փորձից էլ գրանցեց շլացուցիչ արդյունքներ։ Դրանով չսահմանափակվելով՝ Մարիամը 2014 թվականին դարձավ առաջին կին Ֆիլդսյան դափնեկիրը (Նոբելյան մրցանակի համարժեքը մաթեմատիկայում)՝ նրա բացառիկ ներդրման համար ռիմանյան մակերևույթների և դրանց մոդուլների տարածությունների դինամիկայի և երկրաչափության ոլորտում ։ Օրինակը ուժ ունի` ընդամենը 6 տարի անց Մարինա Վյազովսկայան դարձավ երկրորդ կին Ֆիլդսյան դափնեկիրը։
Մարիամ Միրզախանին կյանքից վաղաժամ հեռացել է 2017 թվականին՝ ընդամենը 40 տարեկան հասակում։