Ժողովուրդների ճակատագրի աստղը պետք է փնտրել ոչ թե երկնքի վրա, այլ նրանց կրծքի տակ՝ նրանց նկարագրի մեջ: Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տվյալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմությունը:
Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը:
– Լրջությո՛ւնը, հայու մտավոր եւ բարոյական լրջությունը, որն ամեն բանից առաջ ծանրախոհություն է ենթադրում:
Խոսքիս ճշմարտությունը վճռապես հաստատում են՝
– Հայ ժողովրդի գործերի հազարամյա վկան՝ իր պատմությունը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր հարգանք են պարտադրում.
– Իր հեթանոս աստուածները, որոնց նա օժտել է իր բարձր հոգեգծերով.
– Վերջապես, իր ինքնատիպ ճարտարապետությո՛ւնը, որի կոթողները, շեն թե կիսավեր, հսկաների են նմանվում, որոնք հայոց երկնքի տակ նստած՝ ձեռն ի ծնոտ՝ կարծես աշխարհի բաներն են խոկում:
Այո՛, լուրջ է հայը՝ մտաբարոյապես:
Եւ, հենց այդ բախտորոշ հոգեգծով էլ պայմանավորվեց իր քաղաքական ճակատագիրը:
Հայը ոգու ժողովուրդ է, իսկ ոգուն ներհատուկ է տառապանքը:
Բոցից, երկունքից, ցավից ծնավ իր Վահագնը – ահա՛ հայու կենսազգացողությունը, նրա աշխարհյուրացումը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ